Դավիթ Մաթևոսյան. «Հիմա ավելի լուրջ»
Որքանով հասկացա՝ Ռոբերտ Քոչարյանի մտքով անցել է փողոցներ փակելով իշխանափոխություն իրականացնել։ Տպավորությունս այնպիսին է, որ նա կանգնած է Կապանի խարխլված երկաթուղային կայարանում ու րոպեներն է հաշվում, թե երբ գնացքը իրեն Մեղրի կհասցնի։ Սա այն դեպքն է, որ գնացքը ո՛չ թե գնացել է, այլ ուղակի գնա՛ցք չկա, չի՛ լինելու, որովհետեւ Կապան –Մեղրի երկաթուղին՝ հենց նրա նախագահական հրահանգով է հիմնահատակ քանդվել։ Հույս չկա՝ իրականության զգացողությունը նրա մոտ այլեւս չի վերականգնվի ...
Հիմա ավելի լուրջ.
ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը՝ հոր մասով հարցին ի պատասխան, լրագրողին ասել է. «Մասնագիտական հարթության մեջ նայեք. Վճիռները բեկանվում են ի՞նչ հիմքով, որեւէ մեկը ուսումնասիրե՞լ է... արձանագրվում է տվյալ ժամանակաշրջանում թույլ տրված իրավունքի խախտու՞մ, թե՞ նոր երեւան եկած հանգամանքներ են առկա, որոնց ուժով այդ որոշումները վերանայվում են»։
Իմ գործով վճռաբեկ դատարանը արդարացման վճիռ է կայացրել, որը, սակայն, ես դեռ չեմ ստացել։ Բայց ձեռքիս տակ առկա ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքի «3.Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումները.» բաժնում ընդգծված է. «...2) առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում։ ... 3. Սույն հոդվածի իմաստով՝ առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում, եթե՝ 1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.»
Ո՛չ մի խոսք նոր երեւան եկած հանգամանքի մասին։ Կարծում եմ Մարտի մեկի մյուս բողոքներով եւս վճռաբեկ դատարանի արդարացման դատավճիռների հիմքում դրված է իրավունքի խախտման հանգամանքը։ Եւ կարծես նոր երեւան եկած հանգամանքների դեպքում գործը ուղարկվում է առաջին ատյան՝ նոր դատաքննության։