Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող է ճանաչվել և դարձել Եվրոպայի կանանց չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում:
Օգոստոսի 19–ին առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել էր վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին: Ավելի վաղ Էլինա Դանիելյանն այս մրցաշարում հաղթել էր ադրբեջանցի շախմատիստուհի Զեինաբ Մամեդջարովային։
Նշենք, որ անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն:
Հիշեցնենք՝ Ռումինիայի Յասի քաղաքում կայացավ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում էին 29 երկրների 117 շախմատիստուհիներ։