ԵՄ-ն մանրամասներ է հրապարակել Հայաստանում տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կազմում Եվրամիության անդամ չհանդիսացող երրորդ պետությունների ներկայացուցիչներ կարող են ընդգրկվել: Այս մասին ասվում է Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրոպական խորհրդի որոշման մեջ։
Նշվում է, որ «առանց ԵՄ-ի որոշումների կայացման ինքնավարությանը և նրա միասնական կազմակերպչական կառուցվածքին վնասելու, երրորդ պետությունները կարող են հրավիրվել՝ իրենց ներդրումն ունենալու առաքելության մեջ, պայմանով, որ նրանք կրեն իրենց կողմից գործուղված անձնակազմի ծախսերը, ներառյալ աշխատավարձերը, բոլոր ռիսկերի ապահովագրությունը, օրապահիկի և դեպի Հայաստան ու Հայաստանից ուղեւորության ծախսերը, և իրենց ներդրումն ունենան առաքելության ընթացիկ ծախսերում՝ կախված հանգամանքներից»:
Հաղորդվում է, որ առաքելությունը կազմված է հիմնականում անդամ պետությունների, ԵՄ հաստատությունների կամ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից գործուղված աշխատակիցներից:
«Բացառիկ դեպքերում, պատշաճ կերպով հիմնավորված դեպքերում, երբ անդամ պետություններից չկան որակավորված թեկնածուներ, պայմանագրային հիմունքներով կարող են երրորդ պետությունների քաղաքացիներ աշխատանքի ընդունվել՝ կախված հանգամանքներից»:
Առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսների համար հատկացվել է ավելի քան 8 միլիոն եվրո։
«EUMA-ի ռազմավարական նպատակն է օգնել նվազեցնել միջադեպերի թիվը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած եւ սահմանամերձ տարածքներում, նվազեցնել ռիսկերի մակարդակը նման շրջաններում ապրող բնակչության համար և դրանով իսկ նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Այդ նպատակով առաքելությունը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանը այնպիսի ձևերով, որոնք կպահպանեն նրա հեղինակությունը որպես անկողմնակալ մասնակից՝
ա) հսկողություն սովորական պարեկության և տեղեկացման միջոցով՝ տեղերում իրավիճակի և հակամարտության հետ կապված ցանկացած միջադեպի մասին՝ անվտանգության իրավիճակի մանրամասն իրազեկություն ապահովելու համար,
բ) հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը նպաստելը, մասնավորապես հատուկ պարեկության միջոցով տեղեկատվություն հավաքելով և զեկուցելով այն իրավիճակների մասին, երբ հակամարտության ուղղակի կամ անուղղակի հետեւանքների պատճառով մարդու կյանքը եւ հիմնարար իրավունքները սպառնալիքի տակ են,
գ) «ա» և «բ» ենթակետերով նախատեսված իր գործունեության եւ տեղերում մշտական ու տեսանելի ներկայության միջոցով՝ նպաստելով Հայաստանի ու Ադրբեջանի բնակչության եւ, հնարավորինս այդ երկրների իշխանությունների միջև վստահության ամրապնդմանը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության»,- ասվում է որոշման մեջ։
Հիշեցնենք՝ ԵՄ խորհուրդնը հունվարի 23-ին համաձայնություն է տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։
Նշենք՝ ՀԱՊԿ-ն հնարավոր է համարել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկել: