Երիտթուրքերն ու դաշնակցությունը
Հատված Ի. Բեգլարյանի «Զորավար Անդրանիկ. դյուցազնապատում» գրքից
(կրճատումներով)
1908 թվականին Աբդուլ Համիդ Բ-ի իշխանությունը տապալված էր, եկել էին Երիտթուրքերը: Օսմանյան Սահմանադրության հռչակումից հետո Հ.Յ. Դաշնակցության Արևմտյան բյուրոն Ժնևից Պոլիս է հրավիրում և լուր ուղարկում Անդրանիկին, թե Կարմիր Սուլթանը գահընկեց արվեց և նրա տեղը ընկերներ Թալեաթ և Էնվեր փաշաներն են գրավել: Այսուհետ եղբայրություն և հավասարություն պետք է տիրի Թուրքիայի մեջ և հայերը պետք է պաշտոններ ստանան Թուրքիայի կառավարության մեջ և որ մի լավ պաշտոն էլ նախատեսված է Անդրանիկի համար՝ «Իբրև մեր լավագույն ընկերը»։ Անդրանիկը պատասխանում է, որ ինքը ոչ Սուլթանի, ոչ էլ ընկերներ Թալեաթի և Էնվերի հետ եղբայրանալ չի կարող և ավելացնում է.
— Դուք գնացեք, վայելեցեք անոնց հետ, ես թուրքը լավ կճանչնամ, զգուշացեք ձեր այդ նորագույն ընկերներից, շատ չանցած անոնք ձեր գլուխն ալ պիտի ուտեն, ձեր ժողովրդինն ալ:
Շուտով Բուլղարիա՝ Զորավարի մոտ եկան Ակնունին, Ռուբեն Զարդարյանն ու Վահագնը: Նրանց ուշադիր լսելուց հետո Անդրանիկն ասում է.
— Երիտթուրքերու շեփորած հմայիչ կախարդանքները թակարդ մըն են ձեզի մեջը գցելու համար: Կխնդրեմ, որ զգույշ ըլլաք և Պոլիս երթաք:
Անդրանիկի կանխատեսումներն իրականացան: Ռուբեն Զարդարյանն ու Վահագնը Կիլիկիայի մեջ կախաղան հանվեցին:
Երիտթուրքերի նոր կառավարությունը ձեռնամուխ է լինում նոր խորհրդարանի կազմավորմանը: Խորհրդարանի ընտրություններին պետք է մասնակցեին բոլոր ազգությունները, այդ թվում նաև հայերը:
Այս առիթով Սիմոն Զավարյանը հետևյալ նամակն է գրում Զորավարին.
«Սիրելի Պարույր (Զորավարի կեղծանունը) Մուշի և Սասունի ժողովուրդն այս անգամ իր ցանկությունը կհայտնի ձեզ ընտրել Օսմանյան Փարլամենտի անդամ, պր. Գեղամ Տեր-Կարապետյանի տեղ: Կը փափաքինք, որ խոստումդ տաս: Ձերդ Զավարյան»։
Այս առաջարկը Զավարյանը կրկնում է մի քանի անգամ, և վերջապես Անդրանիկը պատասխանում է. «Սիրելի ընկեր, նամակներդ ստացած եմ և զարմանքով կարդացած, ե՞ս ուր, Օսմանյան փարլամենթի անդամ ըլլալն ուր: Այդ ոճրագործներու ոհմակները, որոնք հոդ նստած են, ես անոնց չեմ հավատար և երկրորդ, որ իմ գործս չէ հոդ գալը, այդ աթոռին վրայ նստիլ: Ես կփափաքիմ, որ օր մը պատվով մեռնիմ: Ոչ այդ աթոռը, ոչ այդ պաշտոնը, ոչ ալ 50 ամ ոսկի ամսականը կուզեմ: Զիս հանգիստ մղեցեք իմ բուլղարական համեստ հյուղակիս մեջ: Ես կը նախընտրեմ հոս ճակատես քրտինքով, բազկիս ուժով ցորեն, գարի, լոբիա և գետնախնձոր ցանել և մշակել ու ապրել, քան թե գալ ու փարլամենթի անդամ ըլլալ: Բոլոր ընկերներուս բարև, Վառնա, Բուլղարիա ձերդ Պարույր»:
Երկար հորդորներից դրդված Անդրանիկը 1909 թվականին կեղծ անձնագրով Բուլղարիայից մեկնում է Պոլիս: Այստեղ նա հանդիպում է Հ.Յ.Դաշնակցության վերնախավի հետ: Նրան ընդունում են Ակնունին, Վարդգես Սերենկիվելյանը, Ռուբեն Զարդարյանը, Հարություն Շահրիկյանը (Ատոմ), Արմեն Գարոն և ուրիշներ։ Հինգ ժամ Անդրանիկին համոզում են, թե թուրքերն այլևս թույլ չեն տա ոչ մի կոտորած: Հերոսը չի համոզվում:
— Եթե թուրքերն անկեղծ են, ինչու՞ զինաթափ չեն ըներ Տիգրանակերտեն մինչև Պարսից սահմանագլուխը գտնվող 160 հազար քրդերը` մեզ հարմար առիթին կոտորել տալու:
Մալամյանը (Ակնունին) ասում է.
— Անդրանիկ ջան, այլևս ոչ մեկ հայու քիթը պիտի չարինվի, ինչու՞ այդքան հոռետես ես:
Իսկ պառլամենտի անդամ Վազգենն ավելացնում է.
— Որ Պոլսում մնաս, քեզ լավ պաշտոն կտան,- և առաջարկում է ծանոթացնել Կ.Պոլսի ոստիկանության պետի հետ:
— Դա այն Ալի փաշան չէ՞, որ Սասունի, Տալվորիկի, «Զբոսանք» թաղի բնակչությանը կոտորել տվավ եկեղեցու մեջ և հետո ալ այրել տվավ զայն։ Ես այդ գազանին դեմ երեք անգամ կռված եմ: Հիմա կուզեք, որ իմ ձեռքս դնեմ անոր արյունոտ ձեռքերուն մե՞ջ և ըսեմ՝ երեկ կռիվ կընեինք, այսօր ընկեր ըլլանք,- այնուհետև շարունակում է.- Խերը տեսանք, բայց գոնե ժողովրդին մի խաբեք»:
Եվ «Մնաք բարով» ասելով հեռանում է Եգիպտոս:
Անդրանիկի կանխազգացումը չուշացավ: 1909 թվականի ապրիլին թուրքերը Ադանայում մեծ կոտորած սարքեցին: Ջարդը տարածվեց Կիլիկիայից մինչև Սիրիա և Քեսապ: Այս ջարդի հետևանքով զոհ գնացին 30 հազար հայեր: Ջարդը կազմակերպել էին երիտթուրքերի առաջնորդներ մարդակեր Թալեաթն ու Էնվերը:
Թուրքական կառավարությունը, ինչպես միշտ, անմեղի կեցվածք է ընդունում` ասելով, որ դա կատարել են հանցագործ տարրերը` միտք ունենալով թալանել հայերին և կոչ է անում չհավատալ այն «զրպարտանքներին», որ իբրև թուրքական կառավարությունը տեղյակ է եղել: Այս առիթով գումարվում է թուրքական պառլամենտի ժողով, որտեղ նույնպես, որոշ ղեկավարներ կեղծ դիմակ հագած իբրև թե դատապարտում են այդ չարագործներին: Առաջարկվում է քննել այդ գործը և հատուկ քննչական խումբ է ստեղծվում, որը հետագայում կոծկում է այդ դեպքի իրական առիթն ու կազմակերպիչներին: Հ.Յ.Դաշնակցությունն այս անգամ էլ փորձում է հավատալ թուրք կառավարությանը և հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. «Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքներին և գործելակերպին պիտի շարունակե նույն թափով և ավելի լայն ծավալով համագործակցել երիտասարդ թուրք կուսակցության և մտավորականության հետ՝ ի պաշտպանություն սահմանադրության և համախմբել այդ գործունեության շուրջ այն բոլոր դիմադիր տարրերը՝ հայ և օտար, որոնք գիտակցություն և նպատակ ունեն պաշտպանելու նոր կարգերը, ինչպես նաև ժողովրդի կեղեքված դասին շահերը և այլն» (Վահան Փափազյան, «Իմ Հուշերը», Հատոր Բ, էջ 124, Զէլեպյան, «Անդրանիկ», էջ 259)։
Արժե այս առիթով մեջ բերել Արշակ Չոպանյանի մարգարեական խոսքերը. «Այն օրը, որ Դաշնակցության ծայր հուժկու աջակցության շնորհիվ թուրքական արդի ռեժիմը տապալի և սահմանադրություն հաստատվի, ԺԷՕՆ թուրքերը ոչ մեկ ազգի գոյությունը պիտի ընդուներ Տաճկաստանին մեջ, բացի Օսմանյան ազգյան, նույնիսկ արյունով հաստատված այդ սահմանադրությունը, պիտի իբր զենք գործածեն «հայկական դատը» վերջնապես սպանելու համար… Ահա հեռապատկերը, որ կը ներկայանա այն ապագային, ուր հայ թուրք նիզակակցությունը հաջողի Օսմանյան սահմանադրական ռեժիմը մը հասցրի»: (Մուշեղ Արքեպիսկոպոս, «Հայկական մղձավանջները», էջ 65, Չելեպյան, «Անդրանիկ», էջ 260):
Ադանայի ջարդերի լուրն առնելով` Անդրանիկը վշտացած մի նամակ է գրում Ակնունուն. «Երանի թե հայ և թուրք եղբայրությունն այդքանով վերջանար, լավ գիտցեք, որ երբ առիթը գտնեն, ընկեր Թալեաթներ ձեզ ալ կոտորել պիտի տան»: («Զորավար Անդրանիկ կը խոսի», Փարիզ 1921 թ., էջ 14):
Տարիներ հետո Արմեն Գարոն` Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, պետք է հայտարարեր.
— Ես այսօր կը խոստովանիմ, թե Անդրանիկը միակ մարդն էր, որ չխաբվեցավ թուրքերեն և չշլացավ պաշտոններեն: