Երվանդ Ազատյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը իր ժամանակից առաջ է անցել»
Երկու օր առաջ ԱՄՆ-ում վախճանվել է սփյուռքահայ գործիչ, մտավորական Երվանդ Ազատյանը։
Նա այն եզակի անհատներից մեկն էր, որը 1997 թվականի նոյեմբերի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածի հրապարակումից հետո փորձել էր հրապարակայնորեն աջակցություն հայտնել Տեր-Պետրոսյանին։ Ինչո՞ւ՝ փորձել էր։ Քանի որ այդ օրերին ոչ միայն ընդհանուր ներքաղաքական կյանքն էր հիստերիայի մեջ, այլև՝ Ազատյանի հարազատ «Ազգ» օրաթերթը, որը այդ ժամանակաշրջանում արդեն միացել էր հակաՏեր-Պետրոսյանական արշավին և, տպագրելով Ազատյանի հոդվածը, ծավալուն նախաբան-պարզաբանմամբ ընթերցողներից, ըստ էության, ներողություն էր հայցում այլ կարծիք տպագրելու համար։ Ինչևէ։
Հատվածներ Երվանդ Ազատյանի հոդվածից
«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ապացուցել է, որ ինքը կատարյալ պետական գործիչ է և դիվանագետ։ [․․․]
Նոյեմբերի 1-ին հայաստանյան մամուլում տպագրված նրա հոդվածն ավելին է, քան հոդված հասկացությունը։ Դա հավատամքն է մի մարդու, որ դիմագրավում է պատմությանը, պատմական մի վկայագիր՝ մեր ժողովրդի կյանքի բախտորոշ մի պահը բացահայտելու։
Անկախ նրանից, թե ապագայում ինչպիսի ձև կստանա ղարաբաղյան հակամարտությունը, դրան շրջապատող դեպքերը միշտ էլ աղերս են ունենալու Տեր-Պետրոսյանի հայտարարությունների հետ։
Ի՞նչն է այդքան կարևոր և ճակատագրական այդ վավերաթղթում։ Շատ քիչ առաջնորդներ, անբարենպաստ պայմանների դեմ հանդիման, կարողացել են զորակոչի ենթարկել իրենց ողջ արիությունը և ժողովրդին ասել ամբողջ ճշմարտությունը։ [․․․]
Պատմության ընթացքը կարդալն ամեն մարդու բան չէ։ Տեր-Պետրոսյանը իր ժամանակից առաջ է անցել։ Նա կարողանում է իրեն մղել դեպի ապագա և հետ նայել դեպի մեր ժամանակները։ Մինչդեռ շատ հեշտ է ճշմարտությունը տեսնել հետդարձ հայացքով։ [․․․]
Տեր-Պետրոսյանի երկաթյա տրամաբանությունը մեզ ցավագին կերպով իրազեկ է դարձնում Ղարաբաղը շրջապատող իրական կացությունը։ Վեց դար շարունակ պետականությունից զրկված լինելն իր հետքն է թողել մեր ժողովրդի քաղաքական հասունության վրա։ Դարձել ենք մաքսիմալիստներ մեր պահանջներում և ակնկալություններում․ ամեն ինչ, կամ ոչինիչ։ Եվ գրեթե անփոփոխ կերպով ստացել ենք ոչինչ։ Նախագահի առաջարկածն այս պարագայում շոշափելի մի բան է Ղարաբաղի համար, ինչը որոշապես չի համապատասխանում մեր ազգային ակնկալություններին, սակայն, միաժամանակ, չի սրբում-տանում այդ ակնկալությունները։ [․․․]
Նախագահ Տեր-Պետրոսյանը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել ազգային բանավեճ ձեռնարկելու, որպեսզի հասրակական կարծիքը նախապատրաստի փոխզիջումային լուծման։ Սակայն թվում է, որ բանավեճը շեղվել է իր շավղից, քանի որ նախագահի սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսն ընդդիմության կողմից օգտագործվեց անձամբ նրա դեմ հարձակվելու, և ոչ թե որևէ լուծում առաջարկելու համար։ Թերևս դա էր պատճառը, որ նախագահը ստիպված եղավ ներկայացնել չոր փաստերը, որքան էլ դրանք ցավագին հնչեն։ Փաստերից մի քանիսը շատ հստակ են և հանդիսանում են իրավիճակի միջուկը։ Նախագահը իր հայտարարություններում չէր կարող ավելի կարծր լինել, քան հաստատել, որ․
ա) Մեր թշնամին Ադրբեջանը չէ, որ արդեն իսկ պարտության է մատնված։ Մեր իսկական թշնամիները միջազգային նավթային շահերն են, իսկ մեր զինված ուժերն ի վիճակի չեն այդ շահերին դիմակայել։
բ) Մենք որևէ դաշնակից չունենք այս պատերազմում։ Լիսաբոնյան համաժողովն արդեն ապացուցել է, որ նավթային շահերը վեր են բոլոր տեսակի նկատառումներից։ Դրանք ավելին արժեն, քան արյունը, որ մենք պատրաստվում ենք թափել (առանց երաշխավորված արդյունքի), և միջազգային համայնքը կհայթայթի պատրվակ ապացուցելու իր պահանջների «օրինականությունը»։ [․․․]
Մենք կարող ենք մատնացույց անել ողջ անարդարությունը, սակայն նոր աշխարհակարգն ունի իր սեփական տրամաբանությունը, որն իր անողոք ընթացքի մեջ կառնի մեր արդարությունը։
գ) Այսօր, երբ տակավին մեր ձեռքում են գտվում գրավյալ տարածքները, կարող ենք բանակցել այդ տարածքների դիմաց հօգուտ Ղարաբաղի ինչ-որ բան ապահովելու համար։ Վաղը, եթե պարտություն պարտադրվի, մենք կարող ենք հայտնվել ձեռնունայն վիճակում։
Այն, ինչ նախագահն է ցանկանում իբրև պատգամ փոխանցել իր ազգակիցներին՝ քաղաքական հասունություն դրսևորելու պահանջն է՝ հասկանալու, որ դիվանագիտությունը հնարավորի արվեստն է, և այդ դառը դեղահաբը կուլ տալով հանգելու իրապաշտական որոշումների։
Հենց որ ըմբռնենք դառը իրականությունները, կարող ենք իմաստուն և սառը մտեծել փոխզիջման ձևի մասին։ Այն կարող է այս պահին հաճելի չլինել, սակայն պետք է այնպիսի զիջում լինի, որ պատմական հեռանկարի վրա ընդունելի լինի մեզ համար իբրև ազգի։
Նախագահը հստակորեն հայտարարել է, որ հայերը բնակվել են Ղարաբաղում 3000 տարի, և որևէ համաձայնություն պետք է երաշխավորի, որ հայերը պատմական այդ տարածքում կապրեն ևս 3000 տարի։ Եթե մեզ հաջողվի այդ նպատակին հասնել որևէ պայմանավորվածությամբ, ապա արյունը, որ թափել են մեր երիտասարդները, իզուր չի լինի»։