«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Եթե հանդուրժում ենք՝ ուրեմն Նիկոլը ճիշտ է, դավաճանը մե՛նք ենք. «ՉԻ»

Եթե հանդուրժում ենք՝ ուրեմն Նիկոլը ճիշտ է, դավաճանը մե՛նք ենք. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

... Նիկոլ Փաշինյանն իսկապե՞ս դավաճան է, թե՞ պարզապես սեփական հիմարության պատճառով երկիրը հասցրել է այնպիսի վիճակի, որից դուրս գալու միակ ելքը (եթե դա ընդհանրապես կարելի է «ելք» անվանել) պետական դավաճանությունից ոչնչով չտարբերվող քայլերն են։ Այլ տարբերակ չկա, ընդամենը այս երկուսն են, հետևաբար՝ արժե քննարկել առանձին-առանձին։ 

Տարբերակ առաջին՝ Նիկոլ Փաշինյանն իսկապես դավաճան է։ Այդ դեպքում ստացվում է, որ դավաճաններ են նաև ամբողջ իրավապահ համակարգը, ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, կառավարությունը, խորհրդարանն՝ իր ամբողջ կազմով, պալատական մտավորականությունը, «բարեխիղճ գործարարները», «իրենց աջը քաշած» միջին խավը և այլն, որովհետև տեսնում են դավաճանությունը, ամեն օր առնչվում են դրա հետևանքների հետ, բայց հանդուրժում են, այսինքն՝ մասնակցում են դավաճանությանը։ Պարզ ասած՝ Նիկոլը ճիշտ է, երբ ասում է «դավաճանը դուք եք», որովհետև բոլոր վերը թվարկված կատեգորիաները դավաճանությունը հանդուրժում են հանուն իրենց անձնական կամ խմբակային շահերի։

Տարբերակ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե գիտակցաբար, այլ սեփական հիմարության պատճառով է երկիրը հասցրել այս օրվան, բայց իշխանությունը որևէ մեկին չի զիջում, որովհետև լեգիտիմ է։ Նա ինքն անձամբ ա՛յս տարբերակի կողմնակիցն է, դրա համար էլ անընդհատ հիշեցնում է 2021 թ․ ընտրությունների արդյունքները։ Իսկ երբ «աչքն են կոխում» այն փաստը, որ այդ ընտրություններում նա բացահայտորեն խաբել է ժողովրդին՝ խոստանալով «անջատում հանուն փրկության» և «Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա», հայտարարում է, թե դա ոչ թե ի՛ր նախընտրական ծրագիրն է եղել, այլ ժողովրդի։ Մայիսի 22-ի տխրահռչակ ասուլիսում նա հենց այդպես էլ ասաց՝ այդ քարոզարշավի ժամանակ ժողովուրդը ոչ թե լսողն էր, այլ «ասողը», ինքն էլ այդ ասածը լսեց ու դրեց նախընտրական ծրագրի հիմքում, բայց հետո, երբ «այդ ասածների հետևից գնաց», պարզվեց, որ դրանք հնարավոր չէ իրականացնել։ Թարգմանաբար սա նշանակում է հետևյալը՝ «ժողովուրդը հիմար էր, ուզում էր խաբվել, ես էլ խաբեցի՝ հիմարություններ խոստանալով, ես ի՞նչ մեղավոր եմ, այ եթե ժողովուրդը պատրաստ լիներ լսել ճշմարտությունը՝ ես հենց ճշմարտությունն էլ կասեի»։ Սա իր հերթին նշանակում է, որ ըստ Նիկոլի՝ Հայաստանի այսօրվա վիճակի պատճառն իշխանությունների հիմար քաղաքականությունն է, բայց հիմարը ոչ թե ինքն է, այլ ժողովուրդը, որովհետև իրենից հիմար քաղաքականություն էր պահանջում։

Մի խոսքով՝ եթե Նիկոլը դավաճան է, ուրեմն դավաճանը ոչ թե ինքն է, այլ ամբողջ «հասարակական-քաղաքական էլիտան», եթե հիմար է՝ ուրեմն հիմարը ոչ թե ինքն է, այլ ժողովուրդը։ Իսկ ինքը՝ հեչ, ինքը «պեռաշկի սիրող» միջին վիճակագրական քաղաքացի է, որը պատահաբար հայտնվել է իշխանության ղեկին, ու քանի որ առանձնապես շատ բան չի հասկանում՝ վարվում է այնպես, ինչպես պահանջում է իր պատկերացրած «ժողովուրդը»։

Տարօրինակն այն է, որ որևէ «միջին վիճակագրական ժողովուրդ» այսպիսի իշխանություններ չէր հանդուրժի, իսկ մենք հանդուրժում ենք։ Առայժմ։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: