«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

ԵԽ նախագահը պետք է խոսի ԼՂ ինքնավարության տարածքի վերականգնման և նրա ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին

ԵԽ նախագահը պետք է խոսի ԼՂ ինքնավարության տարածքի վերականգնման և նրա ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին

Եթե տարածքային ամբողջականության ճանաչման հիմքը ԱՊՀ կազմավորման Ալմաթիի Հռչակագիրն է, ապա Բաքուն այն ստորագրել է դե-յուրե հանդիսանալով Ադր․ ԽՍՀ։ Ադրբեջանը անկախության հանրաքվե անցկացրել է 1991թ․ դեկտեմբերի 28-ին։ Հետեւաբար Եվրոպայի խորհրդի նախագահը պետք է խոսի ոչ թե նախկին ԼՂԻՄ բնակչության իրավունքների, այլ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության տարածքի վերականգնման եւ նրա ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության մասին։

Վահրամ Աթանեսյան


Նշենք՝ Բրյուսելում մայիսի 14-ին չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո «Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը»։ Այս մասին  հայտարարել է  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:  Ընդ որում՝ այս անգամ Միշելը ընդգծել է երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Այս 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղի 4,4 հազար քառակուսի կիլոմետրը։

Միշելն անդրադարձել է Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցին։ «Մենք շարունակում ենք մտքերի փոխանակումը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի շուրջ։ Ես Ադրբեջանին կոչ եմ արել մշակել դրական օրակարգ՝ այդ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Ես նաև բարձրացրել եմ Բաքվի և այդ բնակչության միջև թափանցիկ ու կառուցողական երկխոսության անհրաժեշտության հարցը»,- հայտարարել է ԵԽ նախագահը։

Միշելը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանիղեկավարներն  իրենց թիմերին հանձնարարել են աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության բացման ուղղությամբ։
«Հիմա այս հարցում դիրքորոշումները շատ են մոտեցել, հատկապես Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցության բացման մասով։ Նրանք իրենց թիմերին հանձնարարել են մշակել սկզբունքային համաձայնագիր՝ երկաթուղային հաղորդակցության բացման պայմանների և կոնկրետ գրաֆիկով անհրաժեշտ շինարարական աշխատանքների անցկացման վերաբերյալ։ Նրանք նաև պայմանավորվել են այդ հարցում օգտագործել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունը։ Մեր նպատակն է նպաստել կողմերի միջև համապարփակ խաղաղության ձեռքբերմանը»,- ասել է նա՝ հավելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղություն հաստատել։

«Միասին մենք դիտարկեցինք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Խաղաղության պայմանագրի շուրջ ԱՄՆ-ում վերջերս անցկացված դրական բանակցություններից հետո անհրաժեշտ է պահպանել ձեռք բերված խթանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ վճռական քայլեր անելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։

Միշելը հավելել է, որ Փաշինյանի և Ալիևի հաջորդ հանդիպումը ևս նախատեսված է Բրյուսելում։ Այն կկայանա հուլիս ամսին։

Խոսելով երկու երկրների միջև սահմանազատման մասին՝ Միշելն ասել է, որ կողմերը դիտարկել են սահմանային խնդիրների շուրջ իրավիճակն ու քննարկել հաջորդ քայլերը՝ երկու երկրների սահմանների սահմանազատման ուղղությամբ։ «Այս կոնտեքստում առաջնորդները համաձայնել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման մասին»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։

Շառլ Միշելն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական սահմանը կորոշվի բանակցությունների արդյունքում։

Անդրադառնալով հայ գերիների ու ռազմագերիների ազատ արձակման թեմային՝ Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ բանակցության մասնակիցների մոտ եղել է ըմբռնում, որ «պահվող անձինք» ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ «Զինծառայողները, որոնք պարզապես կորել են ու անցել մյուս երկրի կողմը, պետք է շարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով»,- ասել է Միշելը։ Թե կոնկրետ որ պահվող անձանց մասին է խոսքը, Միշելը չի մանրամասնել։