«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Freedom House-ը կոչ է արել ՀՀ կառավարությանը ապահովել ՀՀ ՄԻՊ-ի անխափան գործունեությունը (տեսանյութ)

Freedom House-ը կոչ է արել ՀՀ կառավարությանը ապահովել ՀՀ ՄԻՊ-ի անխափան գործունեությունը (տեսանյութ)

Freedom House կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին երկրում ապահովել ժողովրդավարական և իրավապաշտպան կազմակերպությունների անարգել գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ կառավարության մշակած օրինագծին, որով հնարավորություն է ստեղծվում կրճատել ՄԻՊ գրասենյակի տարեկան բյուջեն:

«Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն ժողովրդավարական և մարդու իրավունքների կազմակերպությունների, ինչպես նաև քաղհասարակության անարգել գործունեությունը երկրում»,- ասել է Freedom House-ի՝ Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մարկ Բեհրենդտը: Նրա գնահատմամբ՝ «նման մտահոգիչ զարգացումները միայն կխորացնեն քաղաքական ճգնաժամը Հայաստանում»:

ՀՀ կառավարությունը փորձում է վերացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը կառավարությունից և ԱԺ–ում կառավարող խմբակցությունից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսպես մեկնաբանեց ՀՀ կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը` ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորումը կրճատելու մասին։
Նման որոշումը Թաթոյանը վերագրեց իր ղեկավարած կառույցի ակտիվ գործունեությանն ու բարձրացրած խնդիրներին։

«Այսուհետ խնդիրներ բարձրացնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը»,– ասաց նա։

Թաթոյանը նաև նշեց, որ այդ որոշման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից և միայն այն ժամանակ, երբ կառավարության նիստն արդեն ընթացքի մեջ էր։ Կառավարության նիստում այն ներառված է եղել որպես չզեկուցվող հարց և ընդունվել առանց ներկայացման ու քննարկման։

Թաթոյանը հիշեցրեց, որ ՀՀ ՄԻՊ մասին օրենքով ամրագրված է, որ ՄԻՊ գրասենյակին բյուջեով ամեն տարի հատկացվող ֆինանսավորման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարի հատկացված գումարի չափից։ Մինչդեռ կառավարության ընդունած որոշումը, նրա խոսքով, հակասում է օրենքի այդ դրույթին։

«Ես համարում եմ, որ սա խտրական նախագիծ է և միայն ՄԻՊ գործունեությունը սահմանափակելուն է ուղղված»,– ասաց Թաթոյանը` հավելելով, որ իրենք ուսումնասիրել են պետական այլ մարմինների գործունեությունն ու պարզել, որ դրանցում կան այնպիսիք, որ մեկից մինչև մի քանի միլիարդի հասնող տարեկան ֆինանսավորում են ստանում։ Թե որոնք են, պաշտպանը չցանկացավ անուններ հնչեցնել, բայց շեշտեց, որ խոսքը կրթության կամ առողջապահության նախարարությունների մասին չէ, այլ կառավարությունից անկախ մարմինների։

Ասուլիսի ընթացքում պաշտպանը նշեց նաև, որ որոշ ժամանակ առաջ կառավարությունը ՄԻՊ գրասենյակից որոշեց հետ վերցնել նաև 11 ծառայողական ավտոմեքենաներից 8-ը, որոնց մեծ մասն, ի դեպ, գնված է ոչ թե պետական, այլ ԵՄ–ի հատկացրած միջոցներով։ Թաթոյանի խոսքով` երկար բանակցություններից հետո որոշվեց հետ վերցնել միայն 3-ը։

Հիշեցնենք՝ կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով ՄԻՊ գրասենյակը կարող է զրկվել անկախության երաշխիքներից: