Պաշտոնական
ԳԱԱ նախագահությունը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունն ընդունվել է ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 24-ի նիստում:
Հայտարարության մեջ նշված է.
«2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հայտարարում է.
- Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ, ըստ որի Արցախի Հանրապետությունը կրում է խոշոր տարածքային կորուստներ, ունենում է ինքնիշխանության լրջագույն սահմանափակումներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվում է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։
- Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին համարում ենք Արցախի հայության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան և հայրենազրկման քաղաքականությունից փրկության և տարածաշրջանում կայունության հաստատման բացառիկ երաշխավոր։
- Բարձր ենք գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքի պահպանման գործում: Կոչ ենք անում ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը և արդիականացմանը։
- Խստագույնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտության նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին դարձավ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը։
- Անթույլատրելի ենք համարում հասարակության մեջ թշնամության, վրեժխնդրության, անվստահության, ատելության սերմանումը և կոչ ենք անում վճռական ջանքեր գործադրել համերաշխության և միասնության մթնոլորտ ստեղծելու համար:
- Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը և պահանջում կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ»։