Գեղամ Ստեփանյան. Արցախում սովամահության դեպք է արձանագրվել (լուսանկար)
Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։ Ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ըստ ՄԻՊ աշխատակազմ ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։
«Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության և անձի մահվան մասին վկայականի` Կ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել «արտահայտված ալիմենտար դիստրոֆիա (սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք ընդունման հետևանքով ընդհանուր հյուծվածություն, այտուցներ, նյութափոխանակության բոլոր ձևերի խանգարում, օրգանների կազմափոխությամբ և ֆունկցիոնալ խանգարումներով)... ներքին օրգանների՝ երիկամների դիստրոֆիա, անեմիա, սեպտիկ վիճակ, աջակողմյան հիդրոթորաքս, քրոնիկական թերսնվածություն»,– մասնավորապես նշված է փորձաքննության եզրակացության մեջ։
Նա հիշեցնում է, որ արդեն 8 ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետևանքներն առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների և տարեցների առողջական վիճակի վրա։
Պաշտպանը շեշտում է, որ պարենային աղետալի իրավիճակը և դրա հետևանքով անձանց թերսնուցումը, սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը և առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունը ուղիղ սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար։
Արցախի ՄԻՊ–ն իր գրառմանը կից հրապարակել է նաև թերսնուցման հետևանքով մահացած տղամարդու մարմնի լուսանկարները։