«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Գերություն․ զինվորները Բաքվից հետո խոշտանգվում են նաև Երևանում. ԼՀՄԻ

Գերություն․ զինվորները Բաքվից հետո խոշտանգվում են նաև Երևանում. ԼՀՄԻ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն ամփոփում է սեպտեմբերի 13-ի մարտերի ժամանակ գերեվարված և հոկտոմբերի 4-ին Բաքվից Երևան վերադարձած 17 զինծառայողների իրավունքերի ոտնահարման դեպքերը։

Զինվորները դիրքերում մինչև  10 հոգով են եղել՝ հիմնականում առանց հրամանատարի

Սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերն անց, ադրբեջանական Զինուժը հարձակում գործեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ուղղություններով։ Թշնամու անհամաչափ ուժի դեմ 18-20-ամյա  զինվորները պայքարել են մինչև վերջին փամփուշտը։ Պաշտոնական վերջին տվյալներով հայկական կողմը 224-ը զոհ է տվել, նրանցից առնվազն 11-ը զոհվել է ադրբեջանական գերության մեջ։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն հանդիպել է զոհերի հարազատների և գերությունից վերադարձած զինծառայողների հետ։ Նրանք մեզ հետ զրույցներում փոխանցել են ռազմական գործողությունների ոչ համակարգված լինելը, օժանդակ ուժերի, հրամանատարության և համարժեք զինատեսակների բացակայության խնդիրների մասին։ Դիրքերում զինվորները եղել են մինչև 10 հոգով, գերեվարվել են թշնամու կողմից շրջափակման մեջ հայտնվելու հետևանքով։

Ընտանիքի անդամները նշել են, որ նահանջի հրամանը չի տրվել ժամանակին, զինվորներն, ըստ անհրաժեշտության, տեղակայման վայրը չեն փոխել, թիրախավորվել են թշնամու կողմից, ինչի պատճառով զոհվել են կամ գերեվարվել։

«ԱԹՍ-ների դեմ ավտոմատներով են կռվել, երկնքից կրակ է թափվել, միայն ավտոմատ են ունեցել, դրանով ի՞նչ պետք է անեին։ ․․․ Իրենք հյուծված են եղել, իրենց օգնության չեն հասել։ Ցերեկը խրամատ են փորել, գիշերը թշնամու դեմ են կռվել»,- Forrights.am-ի հետ զրույցում նշել են զոհված զինծառայողների հարազատները։

Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի և իշխանության վերին օղակների կողմից զինվորներն անտարբեր վերաբերմունքի են արժանացել։ Չեն տեսել որևէ աջակցություն։ «Մեր  ուղղությամբ, մեր հետևից օգնություն չի եկել։ Աստղերից շատ անօդաչուներ էին գալիս, միայն ավտոմատներ էին մեր մոտ։ Դիրքերը նվիրում են, զինվորներին էլ հետը»,-գերությունից վերադառնալուց հետո նշել էր զինծառայողներից մեկը։

Պաշտպանական գերատեսչության անգործության հետևանքով որոշ զինծառայողներ գերեվարվել են նաև սեպտեմբերի 14-ին հայտարարված հրադադարից հետո՝ Ջերմուկի մատույցներում։ «Գերեվարվել ենք Ջերմուկ քաղաքից չորս կմ հեռավորության վրա՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան։ Շենքերը, լուսամուներն, ամեն ինչ երևում էր, անտառն էր ու Ջերմուկը»։

Գերության ճանապարհին մեռնելն ամենահեշտն է, բայց․․

Պատերազնող Հայաստանում կան կարծիքներ են, թե յուրաքանչյուր զինվոր գրպանում պետք է ունենա մեկ նռնակ, որի օղակը պետք  է քաշել, երբ արդեն անհնարին է դառնում պայքարել թշնամու դեմ ու գերությունից խուսափելու շանսեր չկան։ Գերության մեջ հայտնված զինվորներից մեկը Բաքվի ճանապարհին փորձել է նման քայլի դիմել՝ պատկերացնելով այն ֆիզիկական և հոգեբանական ճնշումները, որոնց միջոց պետք է անցներ թշնամական պետությունում։ Պատմում է, որ վերջին պահին հրաժարվել է օղակը քաշել, քանի որ իր հետ գերության մեջ հայտնված երկու զինվորները ցանկացել են ապրել․ հետո նա մտածել է իր և իր ծառայակիցների ընտանիքների ապրումների մասին։

«Միակ հնարավոր տարբերակը գերության մեջ չհայտնվելու ինքնասպան լինելն էր։ Իրավիճակն այնպիսին էր, որ միայն ես էի զենքով, իմ հետի երկու հոգին զենքերն արդեն վայր էին դրել՝ թշնամու դիպուկահարի հրամանով։ Կոպիտ ասած իմ ձեռքերում էր երեքիս կյանքն էլ։ Այդ ընթացքում ես հասցրեցի մտածել ընտանիքիս, հարազատներիս մասին, մինչև վերջ չէի կողմնորոշվում, թե ես ինչ պետք է անեմ, մեռնելն այդ պահին անհամեմատ հեշտ է, քան ապրելը, որովհետև ապրելու որոշում կայացնելով չգիտես, թե ինչ փորձությունների միջով կանցնես։ Գերության մեջ հայտնվել ենք երկու օր շրջափակման մեջ լինելուց հետո, պատերազմին մասնակցել ենք, թշնամուն կորուստ ենք տվել՝ ամենքս 4-5 հոգու կյանք ենք խլել և նահանջի ճանապարհին ենք գերության մեջ հայտնվել»,-պատմում է զինծառայողը։

Դաժան բռնություններ Բաքվում

Այս երկու ամիսների ընթացքում հանդիպեցինք գերությունից վերադարձած զինծառայողների հետ, մշտական կապի մեջ ենք հարազատների հետ։ Ադրբեջանում անցկացրած օրերի մասին ծանր հիշողություններ կան, պատմում են ամենադաժան բռնությունների մասին։ Առանձին դեպքերում հայ զինվվորները ծեծի են ենթարկվել նաև ադրբեջանական գյուղերում, որոնք գտնվում են Բաքվի ճանապարհին։ «Կանգնացնում էին մեքենան և գյուղացիներին ասում էին՝ հայեր են, վրեժ լուծեք։ Ադրբեջանցիները խփում էին մեզ․․․»,-պատմեց զինծառայողը։

Դժոխային են եղել Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում անցկացված օրերը։ Հայ զինվորներին գերեվարելուց հետո թշնամին նրանց տեղափոխում է Ադրբեջանի ռազմական ոստիկանություն, որտեղ առանց պատճառի կանոնավոր ծեծի են ենթարկում, հետո տեղափոխում բանտ։

«Մինչև բանտում հայտնվելը բավականին շատ ծեծի ենք ենթարկվել։ Բաքվի ռազմական ոստիկանությունում նստել, պառկել չկար, զգաստ պետք է կանգնած լինեիր, որ գլազոկից նայեին ու տեսնեին, որ կանգնած ես։ Քնելու մասին երազել կարելի էր։ Եթե կանգնած չմնայիր 6-7 հոգով մտնում էին սենյակ ու հաշվեհարդար էին տեսնում՝ կարգը խախտելու համար։ Նույնիսկ եթե կանգնած էինք մնում 30 րոպե պարբերականությամբ գալիս էին ու խփում էին՝ 6-7 հոգով, բավականին դաժան»։

Նույնիսկ ստիպել են հայ զինվորներին մենամարտի բռնվել, պարտվողին դաժան ծեծի են եթարկել․ ադրբեջանցիները կանգնել են բարձր տեղ ու թռել նրանց մեջքին։

 Հայրենիքում առանց ծեծի, բայց էլի բռնությունները շարունակվել են  

Գերությունից վերադարձի մասին լուրերն անմենասպասելի են բոլորի համար՝ անկախ այն հանգամանքից, ճանաչո՞ւմ ես, թե՞ ոչ վերադարձողին։ Սակայն, հայրենիք վերադառնալուց հետո զինվորների համար խնդիրների նոր շղթա է սկսվում։ Ֆիզիկական բռնություն չկա, բայց վերաբերմունքն անտանելի է։ Զինվորները Երևանում մի քանի օր մնացել են Բաքվում տրված սպորտային հագուստով․ հայրենիքում, բայց բռնությունները հիշեցնող հագուստով։ Սա վերաբերմունք է, տարրական վերաբերմունք, որը քաղաքացուն ամեն խոսքում կարևորող իշխանությունները դրսևորել են։

Գերությունից վերադառնալու առաջին օրը զինվորները միայն ծնողների հետ են հանդիպել՝10 րոպեյով։ Հանդիպելուց հետո զինվորներն օրերով անցկացրել են քննչական մարմիններում, գիշերել հոսպիտալներում, ենթարկվել պարսավանքի, թե ինչո՞ւ չեն պայթեցրել իրենց, որ գերի չընկնեին։

«Գերությունը ներկայացվում է աններելի մեղք՝ պետության և ազգի հանդեպ։ Ընկալումն այնպես էր, որ ավելի լավ է մարդ մեռներ, քան հայտնվեր գերության մեջ։ Սա տարածված տեսակետ է, թե Զինված ուժերում, թե ռազմական ոստիկանությունում։ Ռազմական ոստիկանությունում ասում էին՝ չունեի՞ք նռնակ, որ ձեզ պայթեցնեիք, իմ պատասխանն էր՝ չէ, իհարկե, չունեինք, չէին տրամադրել մեզ այն մարդիկ, որ պետք է տրամադրեին»,-հայրենիք վերադառնալուց հետո արժանացած վերաբերմունքի մասին ներկայացրեց մեր զրուցակիցը։

Տղաներից շատերրը երկար ժամանակ են անցկացրել զինվորական հոսպիտալներում․ փակ տարածություն է։ Չնայած, որ կա հեռուստացույց, սնունդ, բայց զրկված են եղել թեկուզ մաքուր օդ շնչելու համար դուրս գալու հնարավորությունից։ «Ադրբեջանցու շա՞տ ենք նման»,-ասել է բժիշկներից մեկը, երբ զինծառայողի ծնողը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, թե տղաները շարունակում են անազատության մեջ լինել։

Գերությունից՝ դիրքեր

Զինվորներին, հիմնականում առանց պատշաճ հետազոտության, որոշում են կայացրել կրկին ուղարկել ծառայության։ Նրանք ընդհանրապես վերականգնողական բուժում չեն անցել։ Նման որոշումները լուրջ հետևանքեր են ունեցել։ Զինվորներից մեկին, երբ գերությունից վերադառնալուց կարճ ժամանակ անց նորից բանակ են տարել, նա ընդամենը չորս օր է մնացել զորամասում։ Բարդացած հոգեբանական խնդիրներով կրկին վերադարձել է հոսպիտալ։ Մեկ այլ զինվորի էլ զորմասից ուղարկել են ընտանիք՝ մայրական խնամքի, քանի որ առողջական վիճակը գնալով վատացել է։ Այուհանդերձ, այժմ էլ կան զինվորներ, որոնք գերությունից հետո՝ թվարկված խնդիրներով այս պահին էլ ծառայության մեջ են։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: