Գետնատարած վարկանիշով և առանց դիմադրության. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
... Իրականում ներքաղաքական լուրջ պայքարի բացակայության պատճառն անորոշությունն է։ Ընդդիմադիր բազմաթիվ ուժերն ու շարժումները՝ իրենց լիդերներով ու համակարգողներով, չեն հստակեցնում՝ իրենք Նիկոլի՞ն են ընդդիմադիր, թե՞ նրա քաղաքականությանը, իսկ ավելի պարզ՝ կապիտուլյանտի՞ն, թե՞ կապիտուլյացիային։ Սա շատ կարևոր է, որովհետև եթե անձին են դեմ՝ հստակ պիտի ասեն, թե կոնկրետ որ անձն է փոխարինելու նրան, եթե կապիտուլյացիային են դեմ՝ պիտի դա կասեցնելու հստակ և իրատեսական ծրագիր ներկայացնեն։ Իսկ եթե դեմ են և՛ կապիտուլյանտին, և՛ կապիտուլյացիային, պիտի և՛ նրան փոխարինողին ներկայացնեն, և՛ ծրագիրը։
Անորոշ ձևակերպումները՝ թե «նախ այս պատուհասին կհեռացնենք, իսկ հետո ժողովուրդը կորոշի, թե ով է նրան փոխարինելու», կամ «իհարկե ծրագիր ունենք, բայց մարտավարական նկատառումներից ելնելով՝ չենք ասում», այս դեպքում չեն աշխատելու։ Նույն Նիկոլը 2018-ի ապրիլին չէր ասում, չէ՞, «էկեք սկզբից Սերժին մերժենք, հետո դուք կորոշեք՝ ե՞ս եմ դառնում վարչապետ, թե՞, օրինակ, Կարգին Հայկոն կամ Ալենչոն»։ Հակառակը՝ ասում էր, որ հաջորդ վարչապետն ինքն է, և վերջ («կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»), ու նաև «ծրագիրն» էր ներկայացնում՝ «քյաբաբ առ քյաբաբ վերադարձնել թալանն ու բաժանել ժողովրդին, վերջ տալ «բաջանաղապետությանն ու պադավատապետությանը», վերացնել տուգանքները («ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ»), և այլն։ Իհարկե խաբում էր, բայց դա՛ է պայմանական «ժեխի» միջոցով իշխանափոխություն իրականացնելու միակ ձևը, և եթե բազմաթիվ ընդդիմություններն ուզում են կիրառել այդ նույն հնարքը՝ չեն կարող ասել «դուք սրանց քշեք, բայց պետք չէ, որ իմանաք, թե կոնկրետ ով է գալու և ինչ է անելու»։
Ի դեպ, որևէ մեկը, առավել ևս՝ ընդդիմությունը, «ժեխից» նեղանալու իրավունք չունի։ Մեծ հաշվով՝ այդ նույն «ժեխն» էր արցախյան առաջին պատերազմն անվանում «ցրտի ու մթի տարիներ» ու հավատում, թե «Լևոնը հոսանքը զեմլյա ա տալի, որ իրա բերած մոմը լավ ծախվի», 98-ի հեղաշրջումից հետո իշխանություններն այդ նույն «ժեխին» էին համոզել (ու ձևացնում էին, թե իբր իրենք էլ են հավատում), որ Հայաստանը դեռ 100 տարի կզարգանա շրջափակման պայմաններում, այդ նույն «ժեխն» էր 2018-ին հավատում, որ «հեսա-հեսա» կորսված քյաբաբները վերադարձվելու են, ինքն էլ արդեն վարչապետ է, և ընդհանրապես՝ կառավարության դուռը ոնց ուզի՝ կբացի, հիմա էլ հավատում է, թե «վերջ, Ղարաբաղը տանք՝ ճանապարհները բացվելու են, հանգիստ ապրելու և զարգանալու ենք»։
Այո, հասարակության մեջ հակաիշխանական տրամադրություններն ահագնանում են, և Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, մեղմ ասած, «փողոցում գցած է»։ Ընդ որում՝ հասարակության մտածող հատվածը Նիկոլին դեմ է նրա բերած համապետական աղետի և կապիտուլյացիայի պատճառով, իսկ այսպես ասած «ժեխը»՝ նրա համար, որ իրեն խաբել են, ոչ մի քյաբաբ էլ չեն բաժանել, սրանք ճիշտ և ճիշտ նախկինների նման թալանում են, «ծակ նասկիներով էկան, հիմա միլյոննոց ավտոներից չեն իջնում», և այլն։ Բայց ուշադրություն դարձրեք՝ հասարակության մտածող հատվածը երբեք չի գնա նրանց ետևից, ովքեր կապիտուլյացիան կասեցնելու իրատեսական ծրագիր չեն ներկայացնում, պայմանական «ժեխն» էլ չի գնա նրանց ետևից, ովքեր ժամանակին արել են այն, ինչ այսօր նիկոլական ուսապարկերն են անում։
Արդյունքում՝ «ժեխով եկած» ու նույնիսկ այդ հենարանը կորցրած Նիկոլ Փաշինյանն իր գետնատարած վարկանիշով ինչ ուզում՝ անում է։ Ու վերջը չի երևում։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: