Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների անունից դիմում է ներկայացվել ՍԴ
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների անունից այսօր դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ Սահմանադրական դատարանի անդամների՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Տիգրան Եգորյանը։
«Այսօր մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ», - մասնավորապես, գրել է Եգորյանը:
Դիմումում ասված է, որ Սահմանադրական դատարանից խնդրում են չթույլատրել Սահմանադրական դատարանի վերոնշյալ անդամների մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը։
«Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցությունն անհնարին է ինչպես որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, այնպես էլ գործի հանգամանքների և փաստերի նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքի պատճառներով», - նշված է դիմումում։