Հաագայի դատարանում ներկայացվեցին ապացույցներ. «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» (տեսանյութ)
Հաագայի դատարանը սկսեց քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՄԱԿ-ի միջազգային դատարանում ներկայացնելով Ադրբեջանի դեմ հայցը, հայտարարեց, որ այդ երկրի իշխանությունը շարունակում է հայերի հանդեպ դաժան վերաբերմունքն ու իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայկական ամեն բան ոչնչացնելու քաղաքականությունը։
Դատարանին ներկայացվեց, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց, սակայն դեռ շարունակում է պահել ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Շեշտվեց ինչպես չհաստատված գերիների, այնպես էլ 45 հաստատված գերիների մասին:
«Փաստը, որ Ադրբեջանը կալանավորվել է այդ 45 անձանց, անվիճելի է»,-ասաց զեկուցողն ու հավելեց, որ նրանց անունները և այլ ինֆորմացիան ներկայացված է փաստաթղթերում, նրանք մարդիկ են՝ հստակ անուններով, դեմքերով, ունեն ընտանիքներ»:
Հայաստանի մշտական ներկայացուցիչը հիշեցրեց, որ Ադրբեջանի հատուկ ջոկատայիններն անգամ դեկտեմբերին են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտակայքում հայ զինվորների գերեվարել: Շեշտվեց՝ ընդ որում այդ երկու գյուղերը և շրջապատող տարածքը ներառված չեն եղել այն տարածքներում, որոնցից հայկական զորքերը պետք է հեռանային՝ ըստ եռակողմ հայտարարության:
Զեկուցողը նշեց՝ ապացույցներ կան, որոնք վկայում են, որ ինչպես հաստատված 45 գերիները, այնպես էլ մյուս գերիների մեծ մասը ենթարկվել են խոշտանգումների, նվաստացնող վերաբերմունքի Ադրբեջանի կողմից: Մի շարք հրապարակումներ կան, որ ապացուցում են, որ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այրել են, էլեկտրահարել:
«Դուք այսօր կարող եք լսել, որ այդ բոլոր ռազմագերիները հանցագործներ են և նրանց կալանքի տակ պահելը ոչ մի կապ չունի էթնիկ զտման հետ, մինչդեռ բոլոր ապացույցները վկայում են էթնիկ զտման մասին», – ասաց Կիրակոսյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայերի հանդեպ ատելություն է քարոզում գրեթե ամեն օր։ Այդ քարոզչությունն ազդում է Ադրբեջանի գրեթե ողջ հասարակության վրա, և արդեն մի քանի սերունդ է դաստիարակվել ատելության ու վախի վրա։ Կիրակոսյանի խոսքով՝ այդ քաղաքականության համաձայն՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայերի ներկայության ցանկացած հետք պետք է կա՛մ ոչնչացվի, կա՛մ աղավաղվի ու կեղծվի։
«Այս բոլոր հանցագործությունները շարունակվում են նաև հենց այս պահին, որովհետև դրանց իրագործողները փառաբանվում են իրենց երկրում, իսկ նրանք, ովքեր փորձում են բողոքել իրենց իշխանության գործողությունների դեմ, հալածանքների են ենթարկվում։ Բաքվում այսպես կոչված «ռազմավարի պուրակն» ատելության գաղափարախոսության գրոտեսկային հուշարձանն է, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է բանակցությունների»:
Այսպիսով, դատարանին ներկայացվեցին բազմաթիվ փաստական ապացույցներ, տեսանյութեր, որոնք սոցիալական ցանցերում տարածել էին հենց ադրբեջանցի զինվորականները: Դատարանին են ներկայացվել սպանությունների, դաժան վերաբերմունքի մասին փաստող տեսանյութեր: Ընդգծվեց, որ նույնիսկ հիմա նվաստացումները շարունակվում են:
Նշենք, որ նրանից հետո ելույթ ունեցան հայկական կողմից հրավիրված մի քանի միջազգային իրավաբաններ։