«  Փետրվար 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակաբաշխությունը կայացավ․ հայտնի են մրցանակակիրները

Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակաբաշխությունը կայացավ․ հայտնի են մրցանակակիրները

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018-ը միջազգային կառույցներին հնարավորություն է տալիս գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին իրենց ծավալած գործունեության համար:

Փետրվարի 20-ին կայացած միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով Կառավարության անունից ողջունեց Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության կազմակերպիչներին:

«Այս մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր ժամանակաշրջանում: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոփոխություններ են իրականացվել, որոնք կայանում են նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք ընտրությունների արդյունքներ չեն կեղծվելու, և մեր կառավարությունը ցույց է տվել այս նպատակին իր նվիրվածությունը: Այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է կառավարություն, որը ոչ թե մարդու իրավունքների խախտում թույլ տվող անձանց և շրջանակի դաշնակիցն է ու հովանավորը, այլ այն մարդկանց և կառույցների դաշնակիցն ու հովանավորն է, ովքեր պայքարում են մարդու իրավունքների խախտման դեմ: Սա մեզ համար անկյունաքարային և առանցքային նշանակություն ունեցող հարց է»,- ասաց Փաշինյանը:

2018 թվականի Համընդհանուր իրավունքների մրցանակները տրամադրվում են ինը անվանակարգում, որոնցից յուրաքանչյուրը մեծարում է նշված ոլորտներում զգալի ներդրում ունեցած անձանց և կազմակերպություններին:

Մրցանակաբաշխության անվանակարգերն են՝ «Ազատության պաշտպան», «Համայնքային զարգացում», «Արդարադատության հասանելիություն», «Ներառականության խթանում», «Մեդիա գերազանցություն», «Կառավարության բարեփոխիչ», «Խիզախ կին» և « Երիտասարդ առաջնորդ»:

«Համայնքային զարգացում» անվանակարգում հաղթած, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Սոցիալական պաշտպանություն և խնամք կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանն ասաց, որ մրցանակը ստանալը և անակնկալ էր և, իհարկե, պարտավորեցնող՝ առաջ շարժվելու, կերտելու, արարելու համար:

«Մենք ներկայացնում ենք Գյումրիում առաջին «Ներառական փուռ և սրճարան» ծրագիրը, որը հնարավորություն տվեց ստեղծել ներառական միջավայր բոլորի համար: Մենք ստեղծել ենք մի վայր, որտեղ աշխատում են և՛ հաշմանդամություն ունեցող, և՛ չունեցող երիտասարդներ»,- նշեց Տիգրանուհի Հակոբյանը:

«Կառավարության բարեփոխիչ»  անվանակարգում մրցանակ ստացավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ առողջապահության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի և ողջամիտ բարեփոխումների իրականացման ու առողջապահական ծառայությունները Հայաստանի բոլոր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանվածության ապահովման համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր պայքարը մղի մարդու իրավունքների խախտումների դեմ։ Նման համոզմունք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Մենք այստեղ չենք դասեր տալու համար, այլ կիսելու համար մեր փորձը, քանի որ մեր երկրներում իրավունքների հավասարության համար պայքարը ամենուր է տարվում: Պետք է ամեն օր մարդու իրավունքների համար պայքար մղել և ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը»,- ասաց Լաքոտը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն. Գ. Դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ 2018 թվականին ժողովրդավար աշխարհը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական խաղաղ փոփոխությունը:

«Վստահ ենք, որ ազատության, հավասարության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հիմնարար արժեքների վրա հիմնված այս ուղղությունն անշրջելի կլինի:  Եվրամիությունը պատրաստ է շարունակել և ընդլայնել իր աջակցությունը Հայաստանին՝ ժամանակակից, բաց և դիմակայուն հասարակություն կառուցելու կարևոր այս ճանապարհին»,- ասաց Սվիտալսկին:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր հերթին ուրախությամբ տեղեկացրեց, որ իրենք որպես 2018 թվականի ֆրանս-գերմանական մրցանակի դափնեկիր ընտրել են «Հայկական ճամբար» ՀԿ-ն:

«Մեր նպատակներից մեկն այն է, որ մենք առանձնացնենք այն կառույցներին, որոնք Երևանում չեն գտնվում: Շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել մայրաքաղաքից դուրս գտնվող ծրագրերը: «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությունը վերջին 15 տարում ակտիվորեն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական և վերապատրաստման աշխատանքներին»,- հավելեց նա:

«Ազատության պաշտպան» անվանակարգում մրցանակը շնորհվեց Մարիա Կարապետյանին՝ ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հաստատման ուղղությամբ բացառիկ առաջնորդություն ցուցաբերելու համար:

«Արդարադատության մատչելիություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Հայկուհի Հարությունյանին՝ թափանցիկության, իրավունքի գերակայության, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար արդարադատության ապահովման ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերի համար:

«Ներառականության խթանում» անվանակարգում մրցանակը տրվեց Ուսօ Հաջի Նադոյանին՝ եզդի համայնքի երիտասարդների համար հավասար հնարավորություններ ստեղծելու եւ կանանց ու աղջիկների ուսման կարեւորությունը բարձրաձայնելու գործին բացառիկ նվիրվածության համար:

«Մեդիա գերազանցություն» մրցանակը շնորհվեց Թաթուլ Հակոբյանին՝ ողջամիտ եւ անկախ լրագրողական նյութերի պատրաստման եւ խոսքի ու կամարտահայտման ազատությանը նպաստելու գործին բացառիկ նվիրվածության համար:

«Համագործակցության ջատագով» մրցանակը շնորհվեց «Չայ Խանա» մեդիա հարթակին՝ մարդու իրավունքների, բազմակարծության, հակախտրականության եւ հավասար հնարավորությունների առաջմղման նպատակով միջսահմանային հարթությունում շահերի պաշտպանության, կապերի հաստատման համար:

«Խիզախ կին» անվանակարգում սահմանված մրցանակը ստացավ Վարդինե Գրիգորյանը՝ բոլոր քաղաքացիների հավասար իրավունքներն եւ հավասար հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ տարած տեւական եւ համարձակ գործունեության համար:

«Երիտասարդ առաջնորդ» մրցանակը շնորհվեց Դավիթ Պետրոսյանին՝ Հայաստանում երիտասարդների իրավունքները բարձրաձայնելու նպատակով ծավալած գործունեության համար:

Ֆրանս-Գերմանական մրցանակի դափնեկիր դարձավ «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությունը, որը վերջին 15 տարում ակտիվորեն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական եւ վերապատրաստման աշխատանքներին:

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունն առաջին անգամ Հայաստանում միջազգային համայնքի կողմից իրականացվել է 2012 թվականին: Մրցանակաբաշխության միջոցով ամեն տարի նշանավորվում են մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների առաջատար ներկայացուցիչների ու պետական գործիչների ունեցած նշանակալի ներդրումները: