Հարութ Ուլոյան. Դուք ի՞նչ գործ ունեք քաղաքականության մեջ առհասարակ
Դեռևս 2016 թվականի դեկտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն ներկայացրեց այդ ժամանակաշրջանում բանակցությունների սեղանին դրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման, իր իսկ խոսքով՝ «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակը, որի դրույթները հետևյալն էին.
«1-ին փուլ. Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում Ղարաբաղի հսկողության տակ գտնվող յոթ շրջաններից հինգը, բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի.
2-րդ փուլ. Ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գծում տեղակայվում են խաղաղարար ուժեր.
3-րդ փուլ. Հռչակվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակը.
4-րդ փուլ. Վերացվում է Ղարաբաղի եւ Հայաստանի շրջափակումն ու վերականգնվում են Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը (հավանաբար նաեւ Թուրքիան) կապող հաղորդակցության բոլոր ճանապարհները.
5-րդ փուլ. Սահմանվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության վերջնական կարգավիճակը.
6-րդ փուլ. Ադրբեջանին են վերադարձվում մնացյալ երկու շրջանները, բացի Լաչինի միջանցքից ( https://anc.am/2842/ )»:
Այն, որ բանակցային պլանում ամրագրված են եղել հենց այս դրույթները, 2020 թվականին հրապարակայնորեն, որպես Կրակովյան ժառանգություն, հեգնանքով ներկացրել է Փաշինյանը, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ ՌԴ ԱԳՆ-ն: Հանրապետականները հետին թվով նույնպես ընդունել են իրենց բանակցածը՝ հղում անելով նույն ՌԴ ԱԳՆ-ին: Ես սա ֆիքսում եմ որպես իրավիճակի տերը հանդիսացող 3 հիմնական սուբյեկտների՝ ժառանգություն թողնող, ժառանգություն ստացող ու պլանի գլխավոր համահեղինակ:
Պլանի հեղինակին մի կողմ թողնելով, ադրադառնանք ժառանգություն թողնողին ու ստացողին:
Ինչո՞վ էին զբաղված այդ մարդիկ 2016-2017 թթ.-ին և ինչո՞վ են զբաղված այժմ:
Ողջ հանրապետական քարոզչամեքենան, գումարած նրանց հետ «ողջ պատասխանատվությունը» կիսող դաշնակցականները 24-ժամյա պարբերականությամբ ոչ միայն չէին ընդունում Տեր-Պետրոսյանի փաստարկները, այլև մերժում էին իրենց իսկ բանակցած պլանը: «Զարգանանք՝ չզիջելով», «ազգ-բանակ», «ապրիլյան քառօրյա հաղթանակ» և այլն, և այլն: Նույն արձագանքներն էին գալիս Արցախից: Այն աստիճանի մարազմի էին հասել, որ ոչ ավել, ոչ պակաս, Տեր-Պետրոսյանի «բացահայտած» պլանը ներկայացնում էին որպես Տեր-Պետրոսյանի հեղինակած պլան: Ինչ-որ հարցումներ էին մեր աչքը «կոխում», թե՝ տեսեք, Արցախի ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է որևէ տարածքի զիջմանը՝ նույնիսկ հանուն անկախության: Ողջ քաղաքական դաշտը հենց այս գործով էր զբաղված:
2018 թվականից հետո իշխանությունից ու կերակրատաշտից հեռացված ուժերը Փաշինյանից պահանջում էին՝ անզիջողականություն: Պնդում էին, որ նրա մտքովն անգամ չիտի անցնի համաձայնել բանակցային պլանին: Հիմա այս նույն մարդիկ, հետին թվով, ոչ միայն ընդունում են իրենց թողած ժառանգության բովանդակությունը, այլև դա ներկայացնում են որպես մի չնաշխարհիկ ձեռքբերում:
Ներկայիս իշխանությունները, որոնք այն ժամանակ ընդդիմություն էին, գյուղից-գյուղ ընկած Տեր-Պետրոսյանին մեղադրում էին այն բանում, որ նա ցանկանում է Ղարաբաղը հանձնելու գործում սատար կանգնել Սերժին: Հայտարարում էին, որ մինչև Ալիևը փոխզիջումից չխոսի ու չճանաչի Արցախի կարգավիճակը, մենք իրավունք չունենք փոխզիջման մասին խոսելու:
Գալով իշխանության, Փաշինյանը նախ մերժեց բանակցային պլանը; գնաց պատերազմի; պարտությունից հետո հայտարարեց, որ պլանը մերժելը սխալ էր ու եթե չմերժեր, ապա ավելի լավ վիճակ կլիներ հիմա; այնուհետև ուրացավ ժառանգություն ստացած ու իր իսկ կողմից հրապարակված պլանի դրույթները; ապա սկսեց հայտարարել, որ ամեն ինչ անիմաստ էր` մերժեր-չմերժեր նույն վիճակն էր լինելու; հիմա էլ հայտարարում է, որ նա Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում:
***
Ես իրոք չեմ հասկանում, այս բոլոր մարդիկ ինչ մակարդակի «պադոշի դեմք» պիտի ունենան, որ այսքանից հետո շարունակեն պետություն ղեկավարել, միմյանց, իբր, ինչ-որ բաներում մեղադրել, պայքարի կոչել, կամ ուրիշներից ինչ-որ արձագանքներ ակնկալել:
Բացարձակապես առանց էմոցիաների եմ ասում՝ ո՞ւմ եք ձեռ առնում. ձեր իսկ կողմից տարիներ շարունակ մանիպուլյացիաների զոհ դարձրած ժողովրի՞ն: Դուք ի՞նչ գործ ունեք քաղաքականության մեջ առհասարակ:
Հերիք չի՞ ժողովրդին բնաջնջեք: