«  Մայիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Կարծիք ձևավորող հիմնական մանիպուլյացիաները

Հարութ Ուլոյան. Կարծիք ձևավորող հիմնական մանիպուլյացիաները

Մի կողմից քոչարյանադաշնակցականների՝ «Ղարաբաղը հանձնեցին, բա ինչո՞ւ լավ չենք ապրում», իսկ մյուս կողմից փաշինյանականների՝ «Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի պատկերացրած խաղաղության օրակարգերը նույնն են» տիպի քարոզչական մանիպուլյատիվ պրոպագանդան, ըստ էության, նույն հարթության վրա են։

Եթե քոչարյանադաշնակցականների նպատակը 1998 թվականին իրենց կողմից իրականացված պալատական հեղաշրջումն ու 20-ամյա խուսափողական քաղաքականությունն արդարացնելն է՝ «տեսեք, այն ժամանակ Լևոնն Էր ցանկանում իրականացնել Նիկոլի ծրագիրը, իսկ մենք կանխեցինք ու 20 տարի անզիջողական խաղաղություն ապահովեցինք» տիպի «հիմնավորումներով», ապա փաշինյանականների նպատակն իրենց իսկ հրահրած 44-օրյա պատերազմի թեման ամեն գնով շրջանցելն է՝ համոզելով, թե իրենց խաղաղասիրական տրամադրությունները ոչ թե պարտադրված օրակարգ, այլ՝ արդյունք է իրենց խաղաղասիրական գաղափարախոսության։

Բացի այս երկու հոսանքները, հասարակական կարծիք ձևավորող շրջանակներում ամրապնդվում է նաև մեկ այլ մանիպուլյացիա, որն իր բովանդակությամբ հանդիսանում է վերը նշված մանիպուլյացիաների խառնուրդը։ 
Չհավատալով թե՛ Փաշինյանի ժառանգություն ստացած «նախկինների» պլանով հնարավոր խաղաղությանը, թե՛ ներկայիս Փաշինյանի «խաղաղության օրակարգին», նրանք խաղաղության հաստատման անհնարինությունը կապում են բացառապես երրորդ երկրի հետ։ Տվյալ մանիպուլյացիայի շրջանռողները գլխավորապես այն շրջանակներն են, որոնք 44-օրյա պատերազմի օրերին հանդես էին գալիս պատերազմը չդադարեցնելու, «ամեն գնով» պայքար մղելու և Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխելու տրամադրություններով։ Նրանցից մեկը, ով այդ օրերին ֆեյսբուքում նստած ոչ միայն Գետաշենն էր ազատագրել, այլև` Գանձակ էր «չուծ լի» հասել, վերջերս հաղորդումներից մեկում հայտարարում էր, որ եթե նույնիսկ պատերազմից առաջ համաձայնվեինք առաջարկվող պլանով «զիջել», այնուամենայնիվ խաղաղություն չէր լինելու, կոնտեքստում հեգնական տոնով հավելելով հետևյալը` «Փաստացի զիջել ենք, չէ՞, բա ինչո՞ւ խաղաղություն չկա»:

Այժմ, եթե համադրենք այս երեք խմբերի ասելիքը, կստանանք մի պատկեր, որտեղ իսպառ գոյություն չունի 44-օրյա պատերազմը։ 

1-ին խումբ․ «Մենք կանգնած ենք 1997-98 թվականի նման իրավիճակում, երբ մենք ձեզ ազատեցինք պարտվողական պլանով խաղաղության հասնելու հեռանկարից»։ 
Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք գնահատում 1997-98 թվականների պլանը, նման համեմատական կարելի կլիներ անցկացնել բացառապես մի դեպքում, երբ չէր լինի 44-օրյա պատերազմը։ Եվ դա անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի պատասխանատվություն տակ կհայտնվեին բանակցային պլանը մերժողները։

2-րդ խումբ․ «Մենք կանգնած ենք 1997-98 թվականների նման իրավիճակում, երբ պետականամետությունը վեր դասվեց ամեն ինչից՝ առաջնայինը սահմանելով «խաղաղության օրակարգը»»։
Կրկին՝ նման համեմատական կարելի կլիներ անցկացնել բացառապես մի դեպքում, երբ չէր լինի 44-օրյա պատերազմը։ Այդ դեպքում, այո, կարելի կլիներ «խաղաղության օրակագով» հանդես գալ, և միայնումիայն այդ դեպքում կարելի կլիներ տվյալ և 1998 թվականի օրակարգերի միջև համեմատական եզրեր փնտրել։ Եվ դա անկախ այն հանգամանքից, թե ներկայիս «խաղաղության օրակարգն» այլընտրանք ունի, թե չունի։

3-րդ խումբ․ «Խաղաղություն չէ՛ր լինելու բանակցային պլանն ընդունելու արդյունքում, խաղաղություն չի՛ լինելու հիմա, քանի որ բաղձալի խաղաղությունը մեզնից կախված չէ և որոշվում է երրորդ երկրի կողմից։ Ավելին, հետհայացքով արվող պնդումները «պատմական տրամաբանությունից» բխող փաստեր չեն»։

Եթե տվյալ դիրքորոշումը մեկնաբանենք իրենց իսկ առաջարկվող «պատմական տրամաբանության» շրջանակներում, ապա ստացվում է հետևյալը․ «Քանի որ երրորդ կողմի դրդմամբ խաղաղության հասնել հնարավոր չէր և չէ, ապա պետք էր պատերազմ հրահրել ոչ միայն հիմնական թշնամիներ համարվող Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, այլև՝  բացահայտորեն ձեռնոց նետել նաև երրորդ կողմին»։ Այսինքն, ինչ եղել է, հենց այդպես էլ պիտի լիներ։ Ոչ ավել, ոչ պակաս, արժանապատիվ ինքնասպանության։ Ահա սա է ինքնաարդարացման ճահճից դուրս չեկող այս մարդկանց ասելիքը։

Հարութ Ուլոյան