«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Քոչարյանի հերթական ինքնահարցազրույցի երեք «նորամուծությունը»

Հարութ Ուլոյան. Քոչարյանի հերթական ինքնահարցազրույցի երեք «նորամուծությունը»

Քոչարյանի հերթական ինքնահարցազրույցում, եթե կալանավորման հարցի ծեծված թեման բաց թողնենք, ապա այնտեղ կարելի է երեք «նորամուծություն» գտնել:

1. Ինքնահարցազրույցի առաջին հատվածն ուղղակի Քոչարյանի ռեզյումեն (CV) է, այն էլ` կեղծ: Տվյալ պարբերությունից այնպիսի տպավորություն է, կարծես մեղադրյալը փորձ է անում աշխատանքի անցնել ինչ-որ կազմակերպությունում` որպես կառավարիչ (մենեջեր): «Հաջողված» և «եզակի փորձ ունեմ», - պնդում է մեղադրյալը, հեգնելով` «Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ»: Համաձայնեք` հրապարակայնորեն նման թեմաների արծարծումը պատիվ չի բերում ցանկացած անձի, առավել ևս` նման «մակարդակի» անձանց:

2. Ինքնահարցազրույցում ամենաուշագրավը, իհարկե, հետևյալ երկու «ինքնահարցադրումներն» են. «Կիսո՞ւմ եք քաղաքագետների այն մտահոգությունը, որ, Ձեզ մեկուսացնելով և ՀՀԿ-ին վարկաբեկելով, իշխանությունը փորձում է Հայաստանը ներքաշել Իրանի դեմ աշխարհաքաղաքական սեպարատ համաձայնության ԱՄՆ-ի հետ: Այլ կերպ ասած` Ձեր հանդեպ վենդետան ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակ ունի՞...», և «Քաղաքագետները, այդ թվում` ռուսաստանցի, ավելի հաճախ են Ձեր կալանավորումը կապում վարչապետի ինչ-ինչ խոստումների հետ, որ նա տվել է արևմտյան վերնախավերին` ՀՀ-ում ռուսական ազդեցության թուլացման հետ կապված»:

Արդյո՞ք շարահյուսության կամ քերականության տեսանկյունից կարելի է «Հայաստանը ներքաշել Իրանի դեմ աշխարհաքաղաքական սեպարատ համաձայնության ԱՄՆ-ի հետ»: Սա` իմիջիայլոց: Փաստորեն` Քոչարյանն իրենից մի այնպիսի «ատոմային ռումբ» է ներկայացնում, որին կարելի է օգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով: Նմանատիպ «ինքնահարցադրումներից» հետո մնում էր թեման եզրափակել հետևյալ «ինքնահարցադրումով». «Չե՞ք կարծում, արդյոք, որ Ձեզ բանտարկելով` սկիզբ է դրվում 3-րդ համաշխարհային պատերազմի»:

3. Պատասխանելով տարածաշրջանին վերաբերվող «ինքնահարցադրմանը», Քոչարյանը ծավալուն գնահատականներ է հնչեցնում: Ըստ նրա` Հայաստանը «սեղմված» է այնպիսի երկրիների միջև, որոնց հետ, ըստ էության, բնականոն զարգացման հեռանկարները հուսալի չեն. Հայաստանն ու Վրաստանը իրենց ապագան ամրագրել են իրար միջև հակամարտող դաշինքներում, Իրանը գտնվում է ԱՄՆ-ի սև ցուցակում, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած «խնդրահարույց հարաբերությունները» Հայաստանին զրկում են տարածաշրջանային գործոն լինելուց: Ավելին, Քոչարյանը պնդում է նաև, որ միջազգային ճանապարհները շրջանցում են Հայաստանը, իսկ տրանսպորտային խնդիրներն ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա: «Ավելացրեք դրանց Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը», - եզրափակում է Քոչարյանը:

«Ավելացրեք դրանց Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը»: Քոչարյանն այնպես է այս միտքն արտահայտում, կարծես իր իսկ կողմից մատնանշված խնդիրները, մասնավորապես` Հայաստանին տարածաշրջանային գործոնից զրկող Թուրքիայի և Ադրբաջանի հետ «խնդրահարույց հարաբերությունները», Հայաստանը շրջանցող ճանապարհները, արտադրանքի ինքնարժեքը «այլ» խնդիրներ են, իսկ Արցախյան հակամարտությունը` «բոլորովին այլ»: Ինչ խոսք` Քոչարյանին հատուկ մի մանիպուլյացիա:

Ինչևէ: Հայաստանի առջև ծառացած այնպիսի խնդիրներ է մատնանշում մի անձնավորթյուն, ով 1997-98 թվականներին պնդում էր, թե «Շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա», թե «Ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չէ արտասահմանյան ներդրումների համար», թե «Կարելի է զարգանալ նաեւ մեկուսացման պայմաններում»… Ու հիմա, երկու տասնամյակ անց, նույն Քոչարյանը ոչ միայն նախկինում իր իսկ կողմից մերժված խնդիրներն է մատնանշում, այլև` պնդում, որ այդ խնդիրները հարցեր են, որոնց «ազնիվ» պատասխանները «սփոփիչ չեն»:

Քաղաքական առումով, ըստ էության, Քոչարյանի ներկայիս վարքագիծը հերթական անգամ ապացուցում է այն հանգամանքը, որ 1997-98 թվականների հայտնի իրադարձությունների ժամանակ Արցախի հարցն ընդամենը պատրվակ էր…

Հարութ Ուլոյան