«  Հունվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Հարութ Ուլոյան. «Տարօրինակ» է, որ պարոն Մարուքյանը, իբր, տեղյակ չի...

Հարութ Ուլոյան. «Տարօրինակ» է, որ պարոն Մարուքյանը, իբր, տեղյակ չի...

Էդմոն Մարուքյանը հարցապնդում է հնչեցնում, թե «երբ 1997 թվականին Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությամբ դարձավ նախագահ, բա դրանից հետո ո՞նց էին ուզում, որ Ղարաբաղը մնար բանակցային սեղանի շուրջ» (24.01.2026)։ 

Նախ, «տարօրինակ» է, որ պարոն Մարուքյանը, իբր, տեղյակ չի, որ հեղաշրջման արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանությունը հանձնել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ Վազգեն Սարգսյանին։ Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ իր ազդեցությամբ այն մակարդակը չուներ, որ որոշիչ դեր կատարեր հեղաշրջման գործընթացում։ Ավելին, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալու որոշումը կայացվել է ԵԿՄ ժողովներում՝ անձամբ Վազգեն Սարգսյանի պնդմամբ, այդ գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ ԵԿՄ նախագահ, ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Երկրապահներ» խմբակցության ղեկավար Ալբերտ Բազեյանի հուշերից:

Անցնենք բուն թեմային։ Կրկին՝ «տարօրինակ» է, որ պարոն Մարուքյանը, իբր, տեղյակ չի, որ Քոչարյանի նախագահ դառնալուց ամիսներ անց՝ 1998 թվականի նոյեմբերին Մինսկի խմբի կողմից մշակված «Ընդհանուր պետություն» տարբերակը ներկայացվել է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, թե՛ Ղարաբաղին։ Հայաստանն ու Ղարաբաղը կողմ են արտահայտվել այդ տարբերակի շուրջ հետագա բանակցություններին, իսկ Ադրբեջանը մերժել է։

Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս է մղվել մեկ այլ՝ Մեղրիի տարբերակի հիմքի վրա ընթացող Քի Վեսթյան բանակցությունների կոնտեքստում, երբ Քոչարյանը Ղարաբաղի ղեկավարությանն ու մեր քաղաքական դաշտին համոզել էր, որ քանի որ Ղարաբաղը չճանաչված պետություն է և չի կարող միջազգային հանրության հետ նորմալ բանակցել, այդ պատճառով լավ կլինի, որ ինքը՝ Քոչարյանը բանակցությունների ժամանակ ներկայացնի նաև Ղարաբաղի դիրքորոշումը։ Բացի այս, բանակցություններից Ղարաբաղի դուրս թողնելու մյուս փաստարկն այն էր, որ ֆիզիկապես դյուրին է բանակցությունները վարել երկկողմ ձևաչափով, քան եռակողմ։

Ավելին, այն, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է թողնվել Քոչարյանի օրոք և նրա որոշմամբ, դրա մասին ուղղակիորեն վկայել են Մինսկի խումբը եռանախագահող երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը տարբեր ժամանակաշրջաններում ներկայացնող համանախագահները։ Նույն բանը վերջին 25 տարիներին արձանագրվել է Հայաստանի ու Ղարաբաղի քաղհասարակական առանցքը ներկայացնող գրեթե բոլոր գործիչների ու լրագրողների կողմից։ 

«Անհասկանալի» է, իհարկե, թե ինչու է Մարուքյանը ներկայումս նման թեմա շոշափում։ Եթե նրա բուն ասելիքն այն է, որ Քոչարյանին Հայաստանում պաշտոն տալուց առաջ Տեր-Պետրոսյանը պետք է կանխատեսեր Քոչարյանի իրական անձնական ամբիցիաները, կամ Վազգեն Սարգսյանի կեցվածքը, ապա այս հարցում, ևս, պարոն Մարուքյանին պետք է հիասթափեցնել, քանի որ, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանը մարգարե կամ պայծառատես չէ, որքան էլ նրան նման շնորհներ փորձեն վերագրել։

Ի դեպ, այս կոնտեքստում, երբ պարոն Մարուքյանը 44-օրյա պատերազմից առաջ ղարաբաղյան հարցի վերաբերյալ առանձին հանդիպումներ էր ունենում Փաշինյանի ու Զոհրաբ Մնացականյանի հետ, ապա հավաստիացնում էր, որ ամեն ինչ նորմալ է, այս դեպքում մենք էլ կարո՞ղ ենք հարցապնդում հնչեցնել, թե այդ ինչ վստահությամբ էր նման հավաստիացումներ տրվում, պարոն Մարուքյան։

Հարութ Ուլոյան