Հարութ Ուլոյան. «Սուտը» ձեր անունները լսելիս վաղուց կարմրում-կապտում է
Աժ փոխխոսնակ, հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է հետևյալը․ «Մենք մեր իշխանության օրոք չենք մերժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ առաջարկ: Վերջ: Հետևաբար, ամեն ինչ, որ ասվում է սրան հակառակ՝ սուտ է»:
Իհարկե, հավանականություն կա, որ Ռուբեն Ռուբինյանը երբևէ չի լսում իրենց շեֆի՝ Փաշինյանի, ելույթներն ու հայտարարությունները, կամ, ասենք, 2020 թվականի նոյեմբերի 10-ին, լինելով մեկ այլ բունկերում, ինտերնետի հետ խնդիրներ է ունեցել և չի հետևել ուղիղ միացմամբ ընթացող Փաշինյանի եթերներին, բայց, համաձայնեք, որ սրանք արդարացնող հանգամանքներ չեն կարող լինել:
Այն, թե ինչպես է Փաշինյանը մերժել իրեն ներկայացված ու Սերժ Սարգսյանից ժառանգություն ստացված բանակցային պլանները, բացեիբաց ու ցինիկաբար հայտարարել է նույն Փաշինյանը 2020 թվականի հունվարին Կապանում անցկացված իր մամուլի ասուլիսի ընթացքում: Իսկ 44-օրյա պատերազմի ավարտի հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին, ուղիղ տեքստով հայտարարել է, որ եթե ինքը մեկ տարի առաջ, այսինքն՝ 2019 թվականին, ընդունած լիներ իրեն առաջարկված բանակցային պլանը, ապա պատերազմ չէր լինի և մենք կունենաինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր:
Եթե այս փաստերը բանակցային պլանները մերժելու խոստովանություններ չեն, բա ի՞նչ են. պետական ու ազգային հանցագործության վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմո՞ւնք: Թե՞՝ և´ մեկը, և´ մյուսը:
Թե բա՝ մենք բանակցային առաջարկ չենք մերժել ու հակառակ պնդումները սուտ են: «Սուտը» ձեր անունները լսելիս վաղուց կարմրում-կապտում է:


