Օրացույց
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է
Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օրը
- Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանն աղոթում և ապաշխարելու է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են:
- Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից նրանք կոչվում են «Յուղաբեր», որովհետև Միաշաբթի (Կիրակի) առավոտ գերեզման գնացին` Հիսուսի մարմինն իրենց պատրաստած անուշահոտ յուղերով օծելու: Իրենց անձնվիրության շնորհիվ նրանք առաջինը տեսան Հարուցյալ Փրկչին և այդ մասին հայտնեցին առաքյալներին: Նրանք նաև խմբովին ներկա էին Վերնատանը` Հոգեգալստին և առաքյալների հետ ստացան Սուրբ Հոգու շնորհները:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-23, 2023-08-22, 2024-08-27, 2025-08-26, 2026-08-25, 2027-08-24, 2028-08-22, 2029-08-21, 2030-08-27։