Հայաստանում կորոնավիրուսից ևս մեկ բուժաշխատող է մահացել
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով բուժաշխատողի մահվան ևս մեկ դեպք, կինը եղել է 56 տարեկան, ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր»,-գրել է Նիկողոսյանը:
Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:
«Առողջապահահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խորը ցավակցությունն է հայտնում»,-նշել է խոսնակը:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսից մահացել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկաբույժ 59-ամյա Սիրանուշ Հարությունյանը: