«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Հայկ Հարությունյանի հրապարակված ցուցմունքի՝ իրականությանը չհամապատասխանող կետերը

Հայկ Հարությունյանի հրապարակված ցուցմունքի՝ իրականությանը չհամապատասխանող կետերը

«Փաստերի ստուգման հարթակը» գրում է. Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանից հետո՝ սեպտեմբերի 24-ին, նորից սկսվեց շրջանառվել Հարությունյանի՝ դեռևս ապրիլին հրապարակված Մարտի 1-ի գործով ցուցմունքի սղագրությունը։ Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից մեկը հանդիսացող նախկին ոստիկանապետի ցուցմունքի տեքստը, հիշեցնենք, արտահոսքի հետևանքով հրապարակվել էր «Ժողովուրդ» օրաթերթում՝ երկու տարբեր մասերով, և ապա վերահրապարակվել սեպտեմբերի 24-ին։

Fip.am-ը, ուսումնասիրելով Հայկ Հարությունյանի ցուցմունքի հրապարակված սղագրությունները, պարզեց, որ վերջինս արել է մի շարք հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

Ազատության հրապարակ

Մասնավորապես, Հարությունյանը հարցաքննության ժամանակ պնդել է, որ 2008 թվականի մարտի մեկի առավոտյան ոստիկանության ուժերը եկել էին Ազատության հրապարակ տեղազննում կատարելու, քանի որ օպերատիվ տեղեկություններ էին ունեցել, որ այնտեղ մեծ քանակությամբ զենք-զինամթերք կա։ «Ոստիկանությունը չի ցանկացել ցրել ցույցերը, այլ միայն ցանկացել են տեղատեսություն իրականացնել՝ պարզելու համար ստացված օպերատիվ տվյալները, և իմ հանձնարարությունն է եղել, որ տեղզննումից հետո կարող են ցուցարարները հետ վերադառնալ և Թատերական (Ազատության – խմբ․) հրապարակում շարունակել իրենց ցույցը»,- մասնավորապես, նշել է Հարությունյանը:

Իրականում, սակայն, 2008-ի մարտի մեկի առավոտյան ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է ցույցը, ինչը արձանագրված է ոչ միայն բազմաթիվ ականատեսների և տեսախցիկների կողմից, այլև Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2008 թվականին հրապարակված  զեկույցում։ «Մարտի 1-ի իրադարձությունները սկսվեցին Ազատության հրապարակում խաղաղ նստացույցը բռնի կերպով դադարեցնելուց: Առավոտյան՝ ժամը 6:40-ին, ոստիկանության աշխատակիցները պաշտպանողական հանդերձանքով, վահաններով և մահակներով հարձակվեցին Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների վրա»,- ասված է ՄԻՊ զեկույցում:

Հետապնդում

Բացի սա, Հարությունյանը հարցաքննության ժամանակ պնդել է նաև, որ ոստիկաններն Ազատության հրապարակի ցույցը ցրելուց հետո չեն հետապնդել ցուցարարներին։ «Ցուցարարները բացառվում է, որ հետապնդված լինեն, հնարավոր է, որ հետապնդած լինեն այն անձանց, որոնք դիմադրություն են ցույց տված եղել ոստիկանությանը, և հետապնդման խնդիրը եղել է տեղում հայտնաբերել նման անձանց և ձերբակալել»,- հայտարարել է Հարությունյանը:

Այնինչ, 2008-ի մարտի մեկի առավոտյան արված  տեսագրությունները վկայում են, որ ոստիկանական ուժերը հետապնդել են ցուցարարներին մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ շարունակել են ծեծի ենթարկել նրանց։

ԶՈՒ-ոստիկանություն

Նախկին ոստիկանապետը, պատասխանելով քննիչի հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունն այդ օրերին որևէ աջակցություն է ստացել Զինված ուժերից, նշել է, որ ոստիկանության և ՊՆ միջև համագործակցություն չի եղել։ Այնինչ, ինչպես վկայում են մարտի մեկին արված կադրերը և բազմաթիվ ականատեսների վկայությունները, ՊՆ պետհամարանիշներով մեքենաներով տեղափոխվել են ոստիկանական ուժեր։

Բացի սա, այն ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը մարտի 2-ին հայտարարել էր, որ Զինված ուժերը ոստիկանության հետ «կարողանում են լիովին վերահսկել իրավիճակը մայրաքաղաքում»։

Մարտական փամփուշտներ

Հայկ Հարությունյանը հարցաքննության ժամանակ հայտարարել է նաև, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ոստիկանության ծառայողները, այդ թվում՝ զորքերը, մարտական փամփուշտներ չեն կիրառել։

Հարկ է, սակայն, նշել, որ համաձայն Մարտի 1-ի քրեական գործի  նյութերի, Զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումներն այդ օրերին Երևանի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում, ապա Պարոնյանի և Լեոյի փողոցներում, բախվելով ցուցարարների առանձին խմբերի հետ, կիրառել են հրազեն։ Ընդ որում, համաձայն այդ նույն նյութերի, կրակահերթերի արդյունքում կրակված առանձին գնդակներ ներթափանցել են քաղաքացիների բնակարաններ, բնակելի շենքի առաջին հարկերում տեղակայված հասարակական նշանակության օբյեկտներ:

Խաղաղ ցուցարարներ

Հայկ Հարությունյանը հարցաքննության ժամանակ նշել է, թե մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ցուցարարների կողմից իրականացված բազմաթիվ երթերի ժամանակ կոտրվել են ցուցափեղկեր, տեղի են ունեցել բախումներ այլ քաղաքացիների հետ։

Ուշագրավ է, սակայն, որ թե՛ ՄԻՊ զեկույցում, թե՛ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետընտրական զարգացումների միջանկյալ  զեկույցում բազմիցս նշվում է, որ Երևանում ցույցերն ու երթերը կրել են խաղաղ բնույթ։ «Փետրվարի 21-ից մինչև մարտի 1 վաղ առավոտյան ցուցարարները կազմակերպել էին խաղաղ, թեև ոչ պաշտոնապես արտոնված հավաք Ազատության հրապարակում: Նրանք կազմակերպել են նաև բազմաթիվ խաղաղ երթեր»,- ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում։ Ցուցարարների կողմից ցուցափեղկեր կոտրելու մասին տեղեկություններ չեն հանդիպում նաև հայաստանյան մամուլի այն ժամանակվա հրապարակումներում։

Հայկ Հարությունյանի ցուցմունքի մեկ այլ խնդրահարույց մասն է նրա պնդումն այն մասին, որ ցուցարարները սկսել են մեքենաներ հրկիզել Մաշտոցի պողոտայում, ինչից հետո նա կարգադրել է ոստիկանական ուժեր տեղակայել պողոտայի վերին հատվածում՝ Ձկան խանութի մոտ։ «Իրավիճակը գնալով լարվում էր, սկսել էին մեքենաները հրկիզել Մաշտոցի պողոտայում»,- ասել էր Հարությունյանը։ Մարտի 1-ի դեպքերի ժամանակագրությունը, առկա  տեսանյութերը, սակայն, վկայում են, որ մինչև ոստիկանական ուժերի՝ Ձկան խանութի մոտ հայտնվելը, ցուցարարները գտնվել են քաղաքապետարանին կից հրապարակում և որևէ լարվածություն կամ բախումներ այդ ընթացքում չեն եղել։

Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր սեպտեմբերի 23-ին Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում։ Հարությունյանը 1999-2003-ին եղել է ներքին գործերի նախարար, 2003-2008-ին ոստիկանապետ, 2008-2010-ին՝ Պետական պահպանության ծառայության պետ, եզրափակում է Fip.am-ը: