Հայության պասիվ պայքարի և միջազգային հանրության անատամ կոչերի պայմաններում շրջափակումը գնալով խորանում է. Բեգլարյան

Հայության պասիվ պայքարի և միջազգային հանրության անատամ կոչերի պայմաններում շրջափակումը գնալով խորանում է՝ իր բոլոր հետևանքներով ու վտանգներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Արցախը շրջափակման մեջ է արդեն 140 օր շարունակ, և Արցախի ժողովուրդը վճռական է Հայրենիքը պահպանելու իր պայքարում: Իհարկե, պայքարի մի ուղղությունն էլ տեղեկատվականն է՝ փորձելով ճեղքել միջազգային տեղեկատվական շրջափակումը նույնպես:
Այդ առումով «Արդյունավետ կառավարություն» հիմնադրամը մի ողջունելի նախաձեռնություն է մեկնարկել, որին իմ համեստ աջակցությունն եմ ցուցաբերում: “Unblock Humanity” հարթակը դառնալու է թիրախային իրազեկման և գործողությունների մղման միջոց, որն այժմ նախապատրաստական փուլում է:
Կցում եմ նախաձեռնության առաջին տեսանյութը անգլերենով, իսկ ստորև՝ դրամահավաքի հղումը, որպեսզի ցանկացողները կարողանան ֆինանսական աջակցություն նույնպես ցուցաբերել»,- գրել է Բեգլարյանը: