«  Փետրվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Яндекс.Метрика

Հրայր Թովմասյանը դատական իշխանության ղեկավարը չէ. Fip.am

Հրայր Թովմասյանը դատական իշխանության ղեկավարը չէ. Fip.am

Փաստերի ստուգման հարթակը գրում է. Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հունվարի 28-ին 168.am-ի Pressing հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ինքը հանդիսանում է դատական իշխանության ղեկավարը։ 

Հաղորդավար Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը, թե նոր իշխանությունը որևէ կերպ չի ցանկանում աշխատել Հրայր Թովմասյանի հետ, վերջինս պատասխանել է. «Իսկ իրենց այդ ո՞ր լիազորության մեջ է գրված, որ իրենք պետք է ուզեն Հրայր Թովմասյանն աշխատի, թե չաշխատի։ Կարող եք հակառակ հարցադրումն անել՝ իսկ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է, որ իրենք աշխատեն, թե ոչ։ Որովհետև երեք իշխանության ճյուղերից մեկի ղեկավարն ինքն է [Նիկոլ Փաշինյանը-խմբ.], մեկի ղեկավարը՝ ես»։ 

Հարցազրույցում ՍԴ նախագահն անդրադարձել իր շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, հարուցված քրեական գործերին: Թովմասյանը նաև հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել ՍԴ նախագահի պաշտոնից և «ոչինչ չի կանգնեցնելու իր այս ընտրած ճանապարհից»։ 

Թեև Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ինքը հանդիսանում է իշխանության ճյուղերից մեկի, այս դեպքում՝ դատական իշխանության ղեկավարը, սակայն այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ 

Ինչ է ասում Սահմանադրությունը

Այսպես, Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում պետական իշխանությունը իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Սահմանադրության 4-րդ գլխի 88-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը:

6-րդ գլխի 146-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է։ Վերջինս կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: 

Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, ապա Սահմանադրությունը չի հստակեցնում, թե որն է այս մարմնի ղեկավարը։ 

Այսպես, 7-րդ գլուխը վերաբերում է դատարաններին և Բարձրագույն դատական խորհրդին: 

Հոդված 162-ի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը:

167-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

Ընդ որում՝ արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

171-րդ հոդվածով նշվում է, որ ՀՀ-ում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Հայաստանում գոյություն ունի մարմին, որ երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Դա Բարձրագույն դատական խորհուրդն է (ԲԴԽ) որը, ըստ Սահմանադրության 173-րդ հոդվածի` անկախ պետական մարմին է: 

175-րդ հոդվածով սահմանվում են ԲԴԽ-ի լիազորությունները, ըստ որոնց՝ հենց այս մարմինն է ՀՀ նախագահին առաջարկում դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին և այլն:

Փորձագետները ևս հերքում են 

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց ոլորտի փորձագետների հետ՝ հասկանալու, թե ի վերջո՝ կա՞ մի մարմին, որը իրականացնում է դատական իշխանության ղեկավարի դերը: 

Մասնավորապես, սահմանադրագետ Վարդան Այվազյանը շեշտեց, որ դատական իշխանության ղեկավար հասկացություն գոյություն չունի. «Սահմանադրական դատարանն ատյաններ չունի: Մեր դատական իշխանությունն ունի ճյուղեր՝ ընդհանուր իրավասության, քաղաքացիական, քրեական և վարչական: Այս երեք գործերով դատական իշխանության գլուխը համարվում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ սահմանադրական արդարադատության հարցերով՝ Սահմանադրական դատարանի նախագահը, այսինքն՝ դրանք, տարբեր ֆունկցիաներ իրականացնելով, երկուսն էլ մտնում են դատական իշխանության մեջ»: 

Ըստ սահմանադրագետի՝ ԲԴԽ-ն դատական իշխանությունը ձևավորող մարմինն է. «Այն վերահսկողության ֆունկցիաներ ունի օրինակ՝ դատարանների, դատավորների նկատմամբ։ Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ կարող է հարուցել, ու նման դեպքերում իրենք պետք է քննեն այդ գործերը: Սակայն այն Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողություն կատարելու լիազորություն չունի. ԲԴԽ-ն չի կարող դատավորին ասել՝ դու այս վճիռը կայացրու և այլն: ԲԴԽ-ն միայն նրա համար է, որ դատավորների կողմից թույլ տրված խախտումները ֆիքսի, նրանց նկատմամբ ներգործության միջոցներ ձեռնարկի»:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն իր հերթին նշեց, որ Սահմանադրական դատարանի նախագահը չի կատարում դատական իշխանության ղեկավարի դերը:  Հղում կատարելով Սահմանադրության 173-րդ, 171-րդ, 167-րդ հոդվածներին՝ նա նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն է կազմակերպում դատարանների գործունեությունը՝ բացառությամբ ՍԴ-ի։ Բեքմեզյանի խոսքով՝ փաստացի ԲԴԽ-ն է դատական իշխանության ղեկավարը։

«ԲԴԽ-ն ոչ միայն ապահովում է դատարանների անկախությունը, այլև կազմակերպում է դատարանների գործունեությունը, իրականացնում է դատավորների թեկնածուների որակավորման քննությունները, առաջարկում է որոշումներ նախագահին, թե որ դատավորները որտեղ նշանակվեն, դադարեցնում է դատավորների լիազորությունները, այսինքն՝ դատական համակարգի վերահսկողությունը իրականացնում է ԲԴԽ-ն: Այս ամբողջ պրոցեսում Սահմանադրական դատարանը որևէ իրավասություն չունի»,- նշեց ԲԴԽ անդամը՝ հավելելով, որ ՍԴ-ն և ԲԴԽ-ն դատական իշխանության անկախ մարմիններ են և որևէ վերահսկողություն կամ ազդեցություն չունեն միմյանց նկատմամբ։ 

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը, թե ինքը դատական իշխանության ղեկավարն է, չի համապատասխանում իրականությանը, եզրափակում է fip.am-ը:

Լուսինե Ոսկանյան