Ի՞նչ է փոխվել հոգեբուժարաններում 2018թ. ՄԻՊ արտահերթ զեկույցից հետո (տեսանյութ)
Հոգեբուժական կազմակերպություններում մարդու իրավունքների վերաբերյալ նոր արտահերթ զեկույցի մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսի ձայնագրությունը։
Զեկույցը ցույց է տալիս 2018թ մարտի 22-ին հրապարակած արտահերթ զեկույցից հետո վիճակը։
«Հոգեբուժարաններում պահվող մարդկանց իրավունքների խախտումների վերաբերյալ 2017 թվականի այցերի արդյունքներով 2018թ մարտի 22-ին հրապարակած արտահերթ զեկույցից հետո ընդհանուր պատկերը չի փոխվել մինչ օրս։
Շաբաթ օրը հրապարակած արտահերթ զեկույցը (շուրջ 150 էջ) ցույց է տալիս, որ գործնականում վիճակը նույնն է՝ սկսած Կառավարության ոչ թիրախային համակարգային քաղաքականությունից ու դանդաղ քայլերից մինչև անուշադրություն հոգեկան առողջություն ունեցող մարդկանց նկատմամբ:
Զեկույցի գնահատականները հիմնված են 2021թ. ընթացքում «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն», «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» այցերի, բողոքների, ստացած պարզաբանումների, ինչպես նաև իրականացվել է համեմատություն նախորդ տարիների հետ:
Ընդհանուր գնահատականն այն է, որ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վերհանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականացնել ՝ անկախ գերատեսչական ենթակայությունից:
Հիմնական խնդիրները՝
- Հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ: Գլխավոր հարցերում չի վարվում միասնական քաղաքականություն:
- Հոգեբուժական կազմակերպությունների տարբերակված գերատեսչական ենթակայությունը խոչընդոտ է միասնական քաղաքականության համար: Այս մասին նշել եմ դեռ 2018 թվականի զեկույցում։
- Հոգեբուժական կազմակերպությունները գործում են Առողջապահության նախարարության, մարզպետարանների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։
- Հաճախ են Առողջապահության նախարարի հրամանների պահանջները խախտվում ոչ իր ենթակայությամբ գործող հոգեբուժական կազմակերպություններում:
- Գոյություն չունի փոխհամաձայնեցված համագործակցություն, ինչն էլ առաջացնում է միասնական մոտեցումների բացակայություն, վերահսկողության հարցերում բացթողումներ և այլն:
- Շարունակվող խնդր է վճարովի ծառայությունների մատուցումը (մանրամասները Զեկույցում են)։
- Հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման հետ կապված խնդիրները շարունակում են մնալ քրոնիկ և պահանջում են հիմնարար լուծումներ։
- Գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր հոգեբուժարաններում օգտագործվել են օրենքով չնախատեսված մեխանիկական զսպման միջոցներ:
- Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»: Սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջած սավանով փաթաթում: Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում:
- Հոգեբուժական կազմակերպություններում կամ առանձին բաժանմունքներում առկա չեն ֆիզիկական զսպման համար առանձնացված սենյակներ:
- Հոգեբուժարաններում արձանագրվող խնդիրներից է նաև որպես դեղորայքային հանդարտեցման միջոց օրենքով չնախատեսված դեղամիջոցների կիրառումը:
- Գործնականում չեն պահպանվում ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջները:
- Ավելին, օրինակ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալի նկատմամբ, որպես դեղորայքային զսպման միջոց, կիրառվել է դեղամիջոց, որը ներառված չէ նախարարի՝ ոլորտը կարգավորող որևէ հրամանում:
- Կամ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում որպես դեղորայքային հանդարտեցման միջոց կիրառվել է դեղամիջոցների համադրություն, որը նույնպես ներառված չէ որպես հանդարտեցման միջոց օրենսդրությամբ սահմանված թույլատրելի դեղամիջոցների ցանկում:
- Շարունակում է մտահոգիչ մնալ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցների զուգակցված կիրառումը՝ առանց պատշաճ հիմնավորման: Ոչ մի հոգեբուժարանում, մենք գտնում ենք, որ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցի զուգակցումը չի հիմնավորվել:
- Հոգեբուժարաններում շարունակում է նաև մտահոգության առարկա լինել ժամկետանց դեղերի առկայությունը, ինչպես նաև դեղերի պահման ռեժիմի և պայմանների խախտումները:
- 2021 թվականին այդպիսի դեպքեր հայտնաբերվել են դիտարկված բոլոր հոգեբուժարաններում:
- Մեկ այլ խնդիր կապված է հոգեբուժական կազմակերպություններում դեղորայքի պահման սանիտարահիգիենիկ անբավարար պայմանների հետ:
- Ուսումնասիրված հոգեբուժական բոլոր կազմակերպություններում տարբեր բաժանմունքների դեղապահարաններում առկա են եղել կտրած դեղաթիթեղներ, որոնց ժամկետն ամրագրող հատվածը բացակայել է։ Արձանագրվել են նաև դեղաթիթեղից դուրս բերված՝ բաց վիճակում պահվող դեղահաբեր։
- Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման անհատական ծրագրերում հոգեբուժական տարբեր կազմակերպություններում շարունակում է գերակշիռ տեղ զբաղեցնել դեղորայքային բուժումը, իսկ այլընտրանքային (արտթերապիա, ուսումնական, զբաղմունքային, աշխատանքային և այլն) բուժման ծրագրեր գրեթե չեն իրականացվում:
- Գերբնակեցվածության հետևանքով հոգեբուժական կազմակերպությունների հիվանդասենյակներում առկա են չափազանց խիտ դասավորված, իրար կիպ դրված, նույնիսկ իրար միացված մահճակալներ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ)։
- Մտահոգիչ է նաև, որ հոգեբուժական կազմակերպություններում մահճակալները տեղադրված են անմիջապես հիվանդասենյակի մուտքի մոտ՝ մասնակիորեն խոչընդոտելով պացիենտների մուտքը դեպի սենյակ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։
- Սա նախևառաջ մարդու արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության երաշխիքների ոտնահարում է:
Շարունակում է մտահոգիչ մնալ այն, որ հոգեբուժական կազմակերպությունների հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժումն ու խնամքը կազմակերպվում է միջանցքներում տեղադրված մահճակալներին:
Մասնավորապես, նման պրակտիկա է արձանագրվել Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ բաժանմունքի միջանցքում տեղադրված է եղել մահճակալ, և հանգստի ժամին այնտեղ քնած է եղել հոգեբուժական կազմակերպությունում բուժում ստացող կին պացիենտ: Ըստ բաժանմունքի բժշկական անձնակազմի՝ պացիենտը միջանցքում է տեղավորվել՝ բաժանմունքի հիվանդասենյակների ծանրաբեռնվածության պատճառով:
Կանխարգելման ազգային մեխանիզմն արձանագրել է մտահոգիչ պրակտիկա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լոգանքի հետ կապված: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքներից մեկում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հագուստը փոխել են լոգանքից առաջ և մաքուր ու լվացված հագուստը հագել են մինչև բաղնիք գնալը: Ավելին, լոգանքի նախապատրաստումը կազմակերպվել է բաժանմունքի միջանցքում, որտեղ բոլոր պացիենտները միաժամանակ մերկացել են, հանել հագուստը և հագել նորը:
Հոգեբուժական կազմակերպություններում արձանագրվել են նաև հագուստի անհատականացման խնդիրներ:
Մասնավորապես, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամարկյալներից շատերը չեն ճանաչել իրենց հագուստը և այդ պատճառով լվանալուց հետո ողջ հագուստը բաժանվել է պատահականության սկզբունքով:
Մեր ուշադրության ներքո են եղել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների, այսինքն՝ երեխաների հոգեկան առողջության հարցերը:
Այս ոլորտում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում շահագործվել է մանկական հոգեբուժական բաժանմունք՝ 12 անչափահաս անձանց հիվանդանոցային սպասարկման համար: Սա, իհարկե, դրական զարգացում է: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի նկատառումների հիման վրա ներդրվել են ավելի արդյունավետ և ժամանակակից զսպման միջոցներ` Առողջապահության նախարարի հետ համագործակցությամբ:
Շարունակում է խնդրահարույց մնալ մարզերում [հեռավոր] բնակվող անչափահասների ստացիոնար հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպումը: Մարզերում տեղակայված հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների ստացիոնար պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրել չեն կարող, քանի որ չունեն համապատասխան պայմաններ և արտոնագիր:
Նրանց տեղափոխումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության տրանսպորտային միջոցով, որի համար վճարվում է պատկառելի գումար (օրինակ՝ Վանաձորից-Երևան՝ 75.000 ՀՀ դրամ) ։
ՀՀ գլխավոր դատախազությունը մեզ տրամադրել է տվյալներ այն մասին, որ 2021 թվականի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքեր չեն արձանագրվել, սակայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ միայն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում 2021 թվականին արձանագրվել է ինքնավնասման 10 դեպք:
Սա վկայում է այն մասին, որ հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքերի մասին իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն տեղեկացվում, ինչը խնդրահարույց է:
Շարունակում է մտահոգիչ մնալ նաև այն, որ ոչ բոլոր հոգեբուժական կազմակերպություններում են գիշերային ժամերին հերթապահում հոգեբույժներ, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի քանակը բավարար չէ:
2021 թվականի ընթացքում ուսումնասիրված բոլոր հոգեբուժական կազմակերպություններում առկա է եղել շենքային պայմանների բարելավման և վերանորոգման կարիք: Ուսումնասիրված հոգեբուժական կազմակերպությունների սանհանգույցները հիմնականում հարմարեցված չեն եղել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կամ հոգեմետ դեղորայք ընդունող պացիենտների տեղաշարժի համար՝ հավասարակշռության պահպանման հաշվառմամբ:
Բաժանմունքների սանհանգույցներում զուգարանները մեծամասամբ միմյանցից որևէ կերպ առանձնացված չեն եղել, որոշ զուգարանակոնքեր չեն ունեցել նստատեղ:
Սանհանգույցներում արձանագրվել են նաև ասիական տիպի զուգարաններ, իսկ հիգիենայի և անհրաժեշտ այլ պարագաները բացակայել են:
Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր այցի ընթացքում արձանագրվել է, որ պացիենտներին հսկելու նպատակով բաժանմունքի միջանցքում, սննդի ընդունման և ժամանցի համար առանձնացված հատվածում, տղամարդկանց համար նախատեսված սանհանգույցի նախասրահում և որոշ հիվանդասենյակներում տեղադրված են եղել տեսախցիկներ:
Հիվանդասենյակներում տեսախցիկների առկայությունն անթույլատրելի է և խախտում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնավոր կյանքի գաղտնիությունը:
Խմելու ջրի, լոգանքի և լվացքի կազմակերպման հարցում ևս առկա են խնդիրներ։ Հոգեբուժական կազմակերպությունների լոգարաններում արձանագրվել են անբավարար պայմաններ: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում լոգախցիկները բաժանված չեն եղել միջնապատով կամ բաժանված են եղել ոչ ամբողջական պատով: Լոգախցիկները նաև չեն ունեցել դռներ:
Մտահոգիչ է, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում բաղնիքը հանգստյան օրերին չի շահագործվում, իսկ աշխատանքային օրերին առաջանում են տաք ջրով ապահովման դժվարություններ՝ ջրատաքացուցիչ համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում արձանագրվել է, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամարկյալների լոգանքը կազմակերպվում է լոգարանում՝ սալիկապատ քարե նստարանին նստած վիճակում, որի սալիկները եղել են կոտրտված, և բարձր է եղել վնասվածք ստանալու հավանականությունը։
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալների հագուստի և սպիտակեղենի մի մասը չորացվել է հոգեբուժական կազմակերպության ցանցապատ պարսպի վրա, իսկ մյուս մասը՝ այդ թվում նաև ներքնազգեստներ, գետնին՝ աղբի և ծխախոտի մնացորդների վրա: Նշվածը նվաստացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արժանապատվությունը և խիստ անընդունելի է:
Զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ պետք է ստեղծել հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների պատշաճ պայմաններ և բարձրացնել աշխատավարձերը, զարգացնել սոցիալական երաշխիքները:
Զեկույցում արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց այդ փոփոխություններն ինչ էլ, որ եղել է կապված են կա՛մ Առողջապահության միայն գործող նախարարի ձեռնարկած մի շարք կարևոր քայլերի հետ (օրինակ` 10-ից ավելի նոր ակտերով կարգավորումները), կա՛մ դրվագային են` կապված առանձին հոգեբուժարանների հետ (օրինակ` Առողջապահության նախարարության ենթակայությամբ «Նուբարաշենի», «Ավանի» հոգեբուժարան, կամ ողջունելի է այն, որ «Սևանի» հոգեբուժարանում հոգեբանները փաստաթղթավորել են պացիենտների հետ իրականացրած աշխատանքը, նախատեսվածի վերանորոգել վերջինի խոհանոցը): Մանրամասները զեկույցում են:
Առողջապահության նախարարության այս քաղաքականությունը պետք է զարգացնել արագ տեմպերով և ուժեղացնել վերահսկողությունը նախարարի նշված նոր հրամանների կատարման նկատմամբ:
Արձանագրված այս և մյուս խնդիրների վերացմանն ուղղված առաջարկներ կուղարկվեն իրավասու մարմիններին։
Մանրամասները՝ զեկույցում։