«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Ինչ են «մոռացել» թարգմանել Վիկիլիքսի գաղտնազերծած փաստաթղթերից

Ինչ են «մոռացել» թարգմանել Վիկիլիքսի գաղտնազերծած փաստաթղթերից

FIP.am-ը գրում է. «Իմ ձայնը» նախագիծը վերջին օրերին հանդես եկավ երկու հրապարակումով, որոնցում ներկայացվում է 2008-ի նախագահական ընտրությունների և Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան՝ գաղտնազերծված նամակագրությունը, որը հրապարակված է Վիկիլիքս (WikiLeaks) կայքում։

Հունվարի 17-ին հրապարակված առաջին հոդվածը վերատպել են aravot.am, news.am, tert.am և այլ կայքերը։ Հունվարի 20-ին հրապարկվել է երկրորդ մասը, որը տարածել են  news.am, 168.am և այլ կայքեր։

«Իմ ձայնը» նախագծի մասին

«Իմ ձայնը» անունով հանդես եկող նախագծի կայքի «Մեր մասին» բաժնից տեղեկանում ենք, որ այն «համանուն հասարակական կազմակերպության հանրային նախաձեռնությունն է, որի նպատակն է՝ միավորել իրավական ոլորտին առնչվող և հանրային բարձր հնչողության այլ հարցերի շուրջ լսվող ձայները՝ անհատական տեսակետներն ավելի լսելի և ազդեցիկ դարձնելու համար»։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Իմ ձայնը» ՀԿ-ն գրանցվել է 2018-ի դեկտեմբերի 10-ին՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավորներ Էլինար ՎարդանյանիՍտեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի կողմից։ Հատկանշական է, որ այս երեք անձինք նաև հանդիսանում են «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի անդամներ և 2019-ի հոկտեմբերին ստորագրել են Ռոբերտ Քոչարյանին սատարող տարբեր գործիչների հայտարարությունը։

Չնայած որ նախագիծը նշում է, որ իրենք առավելագույնս զերծ են մնացել սեփական մեկնաբանություններից, հրապարակման մեջ կան մի շարք կանխակալ և միակողմանի մեկնաբանություններ։

«Իմ ձայնի» երկու հրապարակման մեջ թարգմանված են 2007-2008թթ. Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար (դեսպանի պաշտոնակատար) Ջոզեֆ Փենինգթոնի հեռագրերը, որոնք հիմնականում ուղղված են ԱՄՆ պետական դեպարտամենտին։

Հաշվի առնելով այս հրապարակումների ստացած լայն արձագանքը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել դրանց համապատասխանությունը սկզբնաղբյուրի՝  Վիկիլիքսում առկա փաստաթղթերի հետ։ Ստորև ներկայացնում ենք «Իմ ձայնի» երկու հրապարակումներում տեղ գտած սխալներն ու բացթողումները։

Նշենք, որ հեռագրերում առկա փաստերը FIP.am-ը չի ստուգել և չի կարող պնդել՝ դրանք ճիշտ են, թե ոչ։

Հոկտեմբերի 17, 2007

Այս հեռագրի թարգմանությունում բացակայում են Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և Արցախի այլ պաշտոնյաներ պետք է ավելի շատ ներգրավված լինեն բանակցություններում։

Նոյեմբերի 27, 2007

«Իմ ձայնի» հրապարակման մեջ սխալ է թարգմանված վերնագիրը՝ “The Ter-Petrossian Scenario: A Long Shot, but Still a Shot”, որը նշանակում է՝ «Տեր-Պետրոսյանի սցենարը. քիչ հավանական, բայց հավանական»: «Իմ ձայնը» այն թարգմանել է որպես «ԼՏՊ-ի սցենարը. երկար հարված, որը, միևնույն է, հարված է»։ Անգլերենում “long shot” արտահայտությունը նշանակում է հաջողության քիչ հավանականություն ունեցող։

Նյութում ճիշտ է թարգմանված  այն հատվածը, որտեղ նշվում է, որ Տեր-Պետրոսյանի շանսերը քիչ են գնահատված Փենինգթոնի կողմից, սակայն բաց է թողնված նրա կարծիքը, որ Տեր-Պետրոսյանը,  չնայած հանրության շրջանում բացասական վարկանիշին, միակ ընդդիմադիր թեկնածուն է, որը «ըստ շատերի կարող է պայքարել վարչական ռեսուրսի և իշխանությունների կեղտոտ քաղաքականության դեմ»։

Նյութում նաև բացակայում է Սերժ Սարգսյանի մասին նկարագրությունը։ Ըստ դրա՝ նա «չսիրված է և ունի շատ քիչ առավելություններ՝ բացի նրանից, որ նստած է ռեժիմի հզոր քաղաքական մեքենայի գագաթին»։ Փենինգթոնը նաև գրում է, որ իշխանական համակարգում ճաքերի դեպքում այն կարող է զարմանալի արագությամբ փլուզվել։

Նյութում նաև բացակայում է Փենինգթոնի մեկ այլ դիտարկում, որ Սերժ Սարգսյանի աջակիցների մեծ մասը «կաշառված են» և նրա ճամբարում են գտնվում «բացառապես անձնական շահերից դրդված»։

Դեկտեմբերի 28, 2007

Այս մի հեռագրի թարգմանությունում բացակայում են Արթուր Բաղդասարյանի քննադատական խոսքերը՝ հեռուստաընկերությունների կողմից քարոզարշավի ոչ ամբողջական և ընտրողաբար լուսաբանման վերաբերյալ։ Ե՛վ ԱՄՆ դեսպանատունը, և՛ ԵԱՀԿ-ն հրապարակայնորեն մտահոգություն են հայտնել թեկնածուներին հեռուստատեսությամբ անհավասարաչափ հատկացված ժամանակահատվածի մասին։ Ավելին, թարգմանությունից բացակայում է Բաղդասարյանի խոսքը, որ նա երկրորդ փուլի դեպքում կաջակցի Տեր-Պետրոսյանին։

Փետրվարի 12, 2008

Չնայած այս հեռագիրը մեծամասամբ ճիշտ է ներկայացված, սակայն կա նման ձևակերպում. «ԱՄՆ ներկայացուցիչը նույնպես մտածում է, որ Տեր-Պետրոսյանի ելույթի իրական նպատակը հանրությանը մանիպուլացնելն էր»։ Մինչդեռ հեռագրի մեջ այդպիսի բան գրված չէ, այն ընդամենը «Իմ ձայնը» նախաձեռնության ենթադրությունն է։

Փետրվարի 13, 2008

Այս հեռագրում մեկ տող մասնակի է թարգմանված։
Թարգմանության մեջ գրված է. «Նա նաև նշում է, որ իշխանությունները նույնպես վճռական են տրամադրված և չեն պատրաստվում հանձնել իշխանությունը»։

Այնինչ, Փենինգթոնը գրում է հետևյալը. «Վերջին ամիսներին կառավարության «ինսայդերների» հետ շփումների արդյունքում պարզ է դառնում, որ իշխանությունները հավասարապես մտադրված են հաղթել ամեն գնով և ավելի շուտ բռնության կդիմեն, քան կվտանգեն իրենց իշխանությունը»։

Փետրվարի 20, 2008

Ընտրությունների հաջորդ օրվա հեռագրի թարգմանության մեջ հպանցիկ է ներկայացված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական զեկույցը, ըստ որի՝ ընտրությունները անցել են «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։ Փենինգթոնը, սակայն, հեռագրում նշում է, որ առաքելության զեկույցում «ուրվագծվում են մի շարք մտահոգություններ»։

Փետրվարի 21, 2008

Այս օրերի հեռագրերի թարգմանությունների մեջ էական սխալներ կամ բացթողումներ չկան։

Փետրվարի 28, 2008

Այս օրվա հեռագրի թարգմանության մեջ կան մի քանի սխալներ։

Օրինակ, սխալ է թարգմանված Ռոբերտ Քոչարյանին վերագրվող խոսքը։ Նյութում ասվում է. «Քոչարյանը նշել է, որ ԵԿՄ-ն արդեն գիտի՝ եթե փորձի ռազմական աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին, ապա պետությունն ողջ ուժով կդիմակայի»։

Իսկ հեռագրում Փենինգթոնը գրել է. «Նա (Քոչարյանը-խմբ.) ասաց, որ Երկրապահի առաջնորդներն այժմ հասկանում են՝ եթե ուժ կիրառեն ԼՏՊ-ի օգտին, նրանց կդիմակայի ոչ միայն ոստիկանությունը, այլև հայկական բանակը՝ իր «ողջ կարողություններով»»։

Այս հեռագրի մեկնաբանությունների մեջ կան բացահայտ կողմնակալ հայտարարություններ։ Այսպես, թարգմանությունում պնդում է կատարվում, թե «ԱՄՆ տեղեկությունները ևս մեկ անգամ, ըստ էության,  հաստատում են այն մտահոգությունը, որ փորձ է արվել պաշտպանության նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին  հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով, սահմանադրական կարգի բռնությամբ տապալման ուղղությամբ»։

Հեռագրերի բովանդակությանը ծանոթանալով, սակայն, պարզ է դառնում, որ դրանք ոչ թե ԱՄՆ տեղեկություններն են, այլ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք արձանագրված են հեռագրերի մեջ։

Մարտի 1, 2008

Թեև հեռագրի մեջ հստակ նշված է, որ ոստիկանական ուժերը Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին սկսել են ցրել առավոտյան 06:45-ից, սակայն թարգմանության մեջ այս մասը բաց է թողնված։

Հեռագրում նշվում է, որ Տեր-Պետրոսյանը «ըստ երևույթին, տնային կալանքի» տակ է։ Սա ևս բացակայում է թարգմանությունում։

Մարտի 3, 2008

Այս օրվա հեռագրի թարգմանությունում ամբողջովին բացակայում է բանակի ներգրավման մասին հատվածը։ Այսպես, ըստ Փենինգթոնի՝ «Մարտի 1-ի երեկոյան մայրաքաղաքում բանակի ստորաբաժանումներ են տեղակայվել, իսկ քաղաքի շուրջ դիրքավորվել են զրահափոխադրիչներ ու զորքեր»։

Հեռագրում նաև նշվում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը հեռուստատեսությամբ ելույթով «զգուշացրեց քաղաղաքացիներին խուսափել՝ հանրային վայրերում անգամ փոքր խմբերով կուտակվելուց։ Նա հայտարարեց, որ զինվորները «խստորեն» կդիմադրեն հակակառավարական նոր ցույցերի ցանկացած փորձ»։

Նշվում է նաև, որ ցուցարարները հերքում են ոստիկանության հայտարարությունները, թե իրենք են վնասել մասնավոր գույքը և փոխարենը մեղադրում են իշխանություններին՝ սադրիչների միջոցով խաղաղ ցույցերը սևացնելու մեջ։ Այս հատվածը, սակայն, բացակայում է «Իմ ձայնի» թարգմանության մեջ։

Հեռագրում նաև գրված է, որ Տեր-Պետրոսյանը մարտի 3-ի դրութամբ «դե ֆակտո տնային կալանքի տակ էր», ինչը ևս չկա թարգմանության մեջ։

 Մարտի 11, 2008

Այս օրվա հեռագրի թարգմանությունից բացակայում է Փենինգթոնի հետևյալ խոսքը. «Չնայած ձերբակալվածներից ոմանք հնարավոր է իսկապես հանցավոր գործողություններում ներգրավված լինեն, սակայն ընդդիմադիր կուսակցությունների [ձերբակալված-խմբ.] անդամների և աջակիցների մեծ թվի առկայությունը հուշում է, որ սա այս գործողությունները մեծապես ուղղված են այժմյան և պոտենցիալ քաղաքական ընդդիմության անդամներին (հատկապես կազմակերպիչներին) պատժելուն և վախեցնելուն»։

Ապրիլի 9, 2008

Այս օրվա հեռագրի թարգմանությունից բացակայում է հետևալ կարևոր հատվածը։

«Քանի դեռ իշխանությունները Հայաստանի քաղաքացիներին չեն տրամադրել անկախ և թափանցիկ բացատրություն, թե ինչ է իրականում տեղի ունեցել մարտի 1-2-ին, այդ տխրահռչակ իրադարձությունները կհետապնդեն իշխող ռեժիմին և իր լեգիտիմությունը հարցականի տակ կդնեն»։

Բաց թողնված հեռագրերը

Մի քանի հեռագիր «Իմ ձայնը» պարզապես չի թարգմանել։

 Փենինգթոնի եզրակացությունները

2008-ի մարտի 10-ի հեռագրում Փենինգթոնը անում է մի քանի եզրակացություն և առաջարկներ։ Ստորև ներկայացնում ենք նրա կարևոր դիտարկումները։

«Դիտորդների մեծ մասը չի հավատում, որ վարչապետ Սերժ Սարգսյանը լեգիտիմորեն հաղթել է ընտրությունների առաջին փուլում»։

«Ըստ պաշտոնական արդյունքների՝ Տեր-Պետրոսյանը փետրվարի 19-ին ստացել է ձայների 21.5 տոկոսը (350,000-ից մի քիչ ավել) և իրական թիվը, անկասկած, շատ ավելի բարձր է։ Մեր գնահատմամբ՝ [Տեր-Պետրոսյանը-խմբ.] ստացել է 30-35 տոկոս (490,000-570,000 ձայն)»։

 «Ռեժիմը գործածել է ուժ խաղաղ ցուցարարների հանդեպ…»

«ԼՏՊ-ի ամենաարմատական աջակիցը՝ Նիկոլ Փաշինյանը, օգտագործել է ծայրահեղական հռետորիկա՝ հորդորելով ցուցարարներին կռիվ տալ»։

«Մինչ այս Հայաստանի ոչ մի կառավարություն ընդդիմադիր ցույցերը այնպիսի բռնությամբ չէր ճնշել, որ դրանք հանգեցնեին զոհերի»։

«Հայ զինվորների և ոստիկանների կողմից Հայաստանի քաղաքացիների վրա կրակելը շատերի կողմից Ռուբիկոնը անցնել է դիտվում»։

 Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունները

«Իմ ձայնի» հրապարակումներից բացակայում է 2008-ի մարտի 10-ի հեռագիրը, որում Փենինգթոնը ներկայացնում է նախագահ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ իր խոսակցության մանրամասները։ Ի դեպ, Փենինգթոնը նրան նկարագրում է որպես «Քոչարյանին հավատարիմ»։

Ըստ Իսագուլյանի, «Քոչարյանը, ում ոստիկանության և անվտանգության ծառայության ղեկավարները վստահեցրել են, որ կարող են Ազատության հրապարակը մաքրել մի քանի րոպեում՝ նվազագույն կորուստներով, լիազորել է օպերացիան»։

Нет описания фото.

Բացի այդ, հեռագրում նշվում է, որ Իսագուլյանն իշխանություններին «ամբողջովին պատասխանատու է համարում» մարտի 1-2-ի բռնությունների համար։

Յովանովիչը՝ Փաշինյանի դատի մասին

2010-ի հունվարի 22-ի հեռագրում այդ ժամանակ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի դատապարտումը «հստակորեն անհամաչափ է նրա ենթադրյալ հանցանքի համար»։ Յովանովիչը հետևյալ կերպ է նկարագրում Փաշինյանի ենթադրյալ հանցանքը՝ «չարտոնված քաղաքական ցույցի ժամանակ կրակոտ ելույթ ունենալ»։ Դեսպանը հավելում է. «Ուղիղ կապը՝ Փաշինյանի սադրիչ հայտարարությունների և զանգվածային անկարգությունների միջև չի ապացուցվել [դատարանում-խմբ.]»։

Այսպիով, «Իմ ձայնը» նախագիծը, հրապարակելով ԱՄՆ դիվանագիտական գաղտնազերծված հեռագրերի թարգմանությունը, միտումնավոր կամ ակամա թույլ է տվել մի շարք կարևոր սխալներ և չի ներկայացրել հեռագրերում առկա էական տեղեկատվություն՝ առանց որոնց խեղվում է հեռագրերի բովանդակությունը, եզրափակում է  FIP.am-ը:

Հովհաննես Նազարեթյան


WikiLeaks: Вопрос поддержки Сержа Саргсяна и его администрации постоянно находится в центре внимания американского посла Мари Йованович