Իրական կապիտուլյացիան 2021-ի հունիսի 20-ին էր. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
«...այսօրվա իրավիճակը 44-օրյա պատերազմի արդյունքներով չի պայմանավորված, այսօրվա իրավիճակը պայմանավորված է 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Պատերազմի արդյունքը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր, իսկ այսօրվա վիճակի պատճառը ոչ թե այդ փաստաթուղթն է, այլ այն, որ դրա կետերը չեն կատարվում։ Այլ կերպ ասած՝ 2020-ի նոյեմբերի 9-ին մենք ընդամենը պարտություն կրեցինք ռազմի դաշտում, իսկ 2021-ի հունիսի 20-ին ջախջախվեցինք նաև հոգեբանորեն ու հրաժարվեցինք հետագա դիմադրությունից՝ թեկուզ հանուն արժանապատվության։ Չէ՞ որ նոյեմբերի 9-ից հետո արցախահայության գոյությունը սպառնալիքի տակ չէր, նրանք որպես «ամնիստիայի ենթակա հանցագործներ» չէին ընկալվում, 5 կմ-անոց միջանցքն անխափան գործում էր, ՀՀ ինքնիշխան տարածքը կասկածի տակ չէր դրվում․․․ Գահավիժումը սկսվեց հունիսի ընտրություններից հետո ու շարունակվում է առ այսօր, որովհետև Հայաստանի ժողովուրդն այդպես էլ Նիկոլի ու նիկոլիզմի դեմ դեղատոմս չգտավ։
Մինչդեռ դեղատոմսը կար։ «Ընդդիմության լիդերները» պետք է ընդամենը հրաժարվեին անձնական ամբիցիաներից և հաշվի առնելով պարտությունից հետո ստեղծված ծանր վիճակը՝ կյանքում գոնե մի անգամ առաջնորդվեին պետական շահերով։ Ցավոք՝ տեղի ունեցավ ճիշտ հակառակը․ վտանգի պահին համախմբվելու փոխարեն ընտրություններին մասնակցեցին աննախադեպ թվով՝ 25 (!) քաղաքական կուսակցություններ ու դաշինքներ։ Բնականաբար՝ ընտրողները խաբվեցին, որովհետև այլ կերպ չէր էլ կարող լինել։ Չէ՞ որ հիմնական «թեման» ոչ թե երկիրն այդ վիճակից դուրս բերելն էր, այլ այն, թե ո՛ր քաղաքական ուժն ավելի վարպետորեն կխաբի։ Արդյունքում, բնականաբար, հաղթեց նա, ով ավելի վարպետորեն խաբեց։ Բայց փաստացի՝ ստացվեց, որ 2021 թ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «հաղթել է Ալիևը»։ Սրանում, ի դեպ, ՔՊ-ին ձայն տված 688 հազար ընտրողների հասցեին որևէ վիրավորանք կամ կշտամբանք չկա, մենք ընդամենը արձանագրում ենք՝ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունն էր, որ Ադրբեջանին հնարավորություն տվեց «հրաժարվել բանավոր պայմանավորվածություններից», ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, փակել Լաչինի միջանցքը, բացահայտորեն սպառնալ բնաջնջել արցախահայությանը, բանակցությունների օրակարգ բերել փախստականների վերադարձի հարցն «Արևմտյան Ադրբեջան» և այլն, մի խոսքով՝ մի կողմ շպրտել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու բանակցությունները սկսել «սեփական կետից»։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն էլ, ի դեպ, իրենց հերթին օգնեցին, որ ընտրություններում «հաղթի Ալիևը», որովհետև համարեցին, որ «իշխանությունը գետնին գցած է», շտապեցին վերցնել, ներկայացան որպես հիմնական ընդդիմություն և դրանով իսկ նպաստեցին Նիկոլի վերարտադրությանը։
Այսօր էլ, ի դեպ, շարունակում են այդ «համատեղ ընթացքը»՝ խորհրդարանական հարմարավետ դահլիճում նույն բառապաշարով հայհոյելով միմյանց ու ներքաղաքական պայքարի իմիտացիա ստեղծելով։ «Պայքար», որից Հայաստանը, որպես պետություն, բացարձակապես ոչինչ չի շահում։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: