Իրավիճակը Արցախում
Արցախում մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ըստ աղբյուրի՝ ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում:
Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:
«Ադրբեջանի զինված ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և Փառուխ գյուղի շրջանում Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների ստորաբաժանումներին 4 հարված են հասցվել «Բայրաքթար ՏԲ-2» տեսակի անօդաչու թռչող սարքով»: Այս մասին ասվում է Ռուսաստանի ՊՆ կայքում տարածված հաղորդագրության մեջ: Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման կապակցությամբ: Ավելին՝ այստեղ:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, «Ազերգազը» հայտարարել է, թե չնայած ձյան տեղումներին, իրենք միջոցներ են ձեռնարկում բարդ տեղանքում վթարի հետևանքները վերացնելու համար։
«Ազերգազը» հայտարարել է, թե Ստեփանակերտի գազամատակարարումը կվերականգնվի մարտի 28-ից։
Լրացված.
«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։
Հիշեցնենք, որ Արցախի տարածքում մարտի 8-ից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տեղանքում՝ Շուշիի մոտ տեղի ունեցած գազատարի վթարի հետևանքով գազի մատակարարումը դադարեցված էր: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել Արցախի բնակչության համար: Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց: Սակայն ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Արցախի գազամատակարարումը կրկին դադարեցվել է՝ Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևրանքով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմքեր կան ենթադրելու, որ գազատարի վերանորոգման ընթացքում Ադրբեջանը փական է տեղադրել գազատարի վրա, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը: