«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՌԴ. Ադրբեջանը մուտք է գործել Լեռնային Ղարաբաղի խաղաղապահների պատասխանատվության տարածք

ՌԴ. Ադրբեջանը մուտք է գործել Լեռնային Ղարաբաղի խաղաղապահների պատասխանատվության տարածք

Ադրբեջանի զինված ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և Փառուխ գյուղի շրջանում Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների ստորաբաժանումներին 4 հարված են հասցվել «Բայրաքթար ՏԲ-2» տեսակի անօդաչու թռչող սարքով: Այս մասին ասվում է Ռուսաստանի ՊՆ կայքում տարածված հաղորդագրության մեջ: 

«Մարտի 24-25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Հաայասատնի և Ադրբեջանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մուտք են գործել Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահ զորամիավորման պատասխանատվության գոտի և տեղադրել են դիտակետ»,- ասվում է հայտարարության մեջ: 
Դրանում նաև նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը ելման կետեր վերադարձնելու ուղղությամբ: Նշվում է, որ Բաքվին ուղարկվել է կոչ՝ հետ քաշել զորքերը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման կապակցությամբ: 

«Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության կապակցությամբ: ՌԴ ՊՆ 26.03.2022 տեղեկանքում զետեղված փաստերը ռուսական խաղաղապահ զորամիավորման պատասխանատվության գոտի զինված ներթափանցման վերաբերյալ և հրադադարի ռեժիմի խախտումը հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության դրույթներին:  Կողմերին թախանձագին խնդրում ենք զսպվածություն ցուցաբերել և ապահովել առկա եռակողմ պայմանավորվածությունների՝ բարձր մակարդակով խստորեն պահպանումը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանական գործողությունները դատապարտող հայտարարարություններ էին տարածել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները ևս՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։

Հիշեցնենք՝ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, հատելով շփման գիծը, գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Բացի այդ, Արցախի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ է կիրառել Պաշտպանության բանակի զինծառայողների դեմ։ 

Մարտի 25-ի երեկոյան Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներից վիրավորվել է 14 զինծառայող, իսկ քիչ ավելի ուշ Պաշտպանության բանակը հաղորդեց 3 զոհի մասին՝ հրապարակելով նրանց անունները։ 

Մարտի 26-ի առավոտյան Արցախի ՊՆ-ն տեղեկացրեց, որ ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձել է առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։

Արցախում մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ըստ աղբյուրի՝ ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում:
Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: