Գերիների մասին հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ նրանց հայրենադարձման գործընթացի վրա
Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ռասայական խտրականության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարևոր արձանագրում է համարում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Եղիշե Կիրակոսյանը նկատեց, որ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերի դեմ ուղղված ռասայական խտրականության և ատելության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից:
«Այստեղ դատարանը կարևոր արձանագրում կատարեց՝ ընդգծելով հատկապես այն, որ ատելության խոսքը, ատելության քարոզը իրականացվում է բարձրաստիճան անձանց շուրթերից, պետական ինստիտուտների ներգրավմամբ: Դա կարող է ստեղծել այնպիսի միջավայր, մթնոլորտ, որը կսպառնա անձանց ֆիզիկական անվտանգությանը: Դատարանը հստակ պարտավորեցրեց, որ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կամ պետական ինստիտուտները կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն: Նման արձանագրման հիմքն այն է, որ այնքան զորեղ են եղել Հայաստանի կողմից ներկայացված ապացույցներ, որ դատարանն ընդգծել է նաև պաշտոնական անձանց հանգամանքը»,-ասաց նա:
Դատարանի որոշման հաջորդ կարևոր կետն, ըստ Եղիշե Կիրակոսյանի, վերաբերում է հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանը: Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին այս ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ապահովելու ռասայական խտրականության կոնվենցիայից բխող իր պարտավորությունների պատշաճ կատարումը: Մասնավորապես, դատարանը պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, ուղենիշային պատկերների, գերեզմանատների և այլ ցուցանմուշների հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները:
«Դատարանն արդեն իսկ նախնական փուլում կատարել է նման արձանագրում, ամրագրել է պարտավորություն Ադրբեջանի համար: ՄԱԿ-ի դատարանի կողմից կայացրած այս հրատապ միջոցի վերաբերյալ որոշումներն ունեն միջազգայնորեն պարտադիր նշանակություն: ՄԱԿ-ի դատարանն այս որոշման մասին ծանուցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որն ունի լիազորություններ դատարանի որոշումների կատարումը վերահսկելու կամ ապահովելու համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Եղիշե Կիրակոսյանը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են վնասում գերիների վերադարձին ՀՀ–ում հնչող հայտարարությունները, նշել է. «Պարզ է, հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ տարբեր մակարդակի»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։ Սիմոնյանը նշել էր` գերիներն իր համար չկան։
Ավելին՝ տեսանյութում.