Լևոն Բարսեղյան. Ահա և եկավ իսկության պահը
«Ահա եւ եկավ իսկության պահը
Գոնե հիմա է, որ Հրոյենց սերժածին եւ սերժահպատակ համակարգը պիտի վերացվի: Սա ինձ համար նորություն չէր: Հարց է, թե սա որքանով ընկալելի կլինի օրենսդիրի համար: Երկու հատ պեռաշկի ու չորս լիմոնադ եմ գրավ դնում, թե խորհրդարանը իր ժպտերսիկ հավաքականությամբ ջոկելու է այն, ինչ միլիոնավոր քաղաքացիներ ջոկել են վաղուց. Ավգյան ախոռները մաքրում են այնպես, ինչպես մաքրում են Ավգյան ախոռները: Հո բարդ չեղա՞վ հասկանալ. արմատապես, խորքային, ոչ մի կոսմետիկա եւ լեյկոպլաստիր, այսպիսի գործերը հույսով չեն անում, հաշվենկատ կամքով ու զոռով են անում, ծանր է, բայց անում են, որովհետեւ գործը պիտի արվի, վերջացավ:
Անհնար է աղոթքով եւ անեծքով անել այդ գործը, անհնար է համոզելով թրիք տեղափոխել, ասենք, մոտենում ես թրիքին, խոնարհվում ես, ու ասում.-թրիք ջան, հոգուդ մատաղ, ել գնա էս գոմից հա՞,- թրիքն էլ ելնում, գլխիկոր հեռանում է...-անհնար է միտինգ անել ու պահանջել, որ ախոռն ինքնամաքրվի, անհնար է սպասել, որ ախոռը դժգոհելու է իր ախոռ լինելուց, ու մի օր ինքնամաքրվում է՝ վասն հայրենյաց ...
Գործը գործով է պրծնում: Այսօրինակ ախոռներ ունեցած երկրները լավ եւ վատ փորձ ունեն, էդ փորձը այս պայծառ դարում հասանելի է ցանկացած դպրոցականի, մանդատը տվել ենք ձեռները, փողերը դրել ենք տակները, ցանկացած մասնագետ կարող էր մոլորակի ցանկացած կետից գալ՝ բացատրել, թե հրոյապեսների ախոռներն ինչպես են մաքրում: Ամոթ չէր, որ չգիտեին, ամոթ էր, որ գիտեին, թե ամեն բան գիտեն, լիքը բան է ամոթ: Հիմա իսկության պահն է, երեւի հերթականը, բայց կարեւորներից մեկը: Ափսոս, ժամանակ կորցրինք. որքան ուշ հասկանա սա իշխանությունը, այնքան շուտ է լինելու երկրորդ հեղափոխությունը: Կարող էր եւ չլինել, եթե բարեխիղճ եւ իմաստուն լինեին, չանցնեին քաղցր թմբիրի ռեժիմի:
Հայաստանյան հանրությունը այլեւս երբեք թույլ չի տալու, որ իրեն թամբեն ու գրաստի պես բանեցնեն: Ոչ մի գյալմաբեխաբար ու սերժահպատակ ետ չի գալու, դա փակված հարց է: Մենք կարիք ունենք իսկապես հեղափոխական մտածողությամբ խորհրդարանի, արդար են ընտրվել, մաքուր են, բայց խեղճ են, թույլ են՝ հավաքանակության մեջ: Այնտեղ եղած մի խումբ կիրթ ու փորձառու, խելացի եւ կարող մարդիկ, փաստորեն, չկարեցան իրենց որակը գերակա դարձնել, դարձան հարմարվող եւ յոլա գնացին, հիմնականում հայացքները գործադիրին հառած, Նիկոլից լուծումներ ակնկալող: Նրանով առաջնորդվող խորհրդարանը, մեղմ ասած, հենց պիտի թույլ էլ լիներ: Այնինչ պիտի դառնար գործադիրին հավասար, խթանիչ եւ հակակշիռ ուժ նոր Հայաստանում:
Մեզ այնպիսի խորհրդարան է պետք, որի յուրաքանչյուր անդամ մտածի, որ միայն ինքն է մնացել պատգամավոր, մյուսները բացակա են եւ պիտի աշխատի բոլորի փոխարեն: Այնպես, ինչպես, երբ յուրաքանչյուրը մտածեց, որ հենց ինքն է պահելու Հայաստանը եւ ելավ փողոց, հեղափոխությունը հաղթեց, այնպես էլ հիմա, մեզ այդպիսի օրենսդիր է պետք: Կկարողանա՞ն հիմա կերպարանափոխվել, բարեխղճությամբ զայրանալ, թեւերը քշտած օրուգիշեր աշխատել, ուշացրածն ու անտեսածը անել, դժվար է ասել, երեւի ոչ, ավելի շատ ոչ, քան թե այո, ցավոք: Երբ ամեն օր հիշում եմ, թե արձակուրդ էին գնացել էս ճենճի մեջ ու ախոռի պարագայում, ուղեղս տրաքվում է ... Տանդ մեջ ավազակաորջ կա արդեն մի քանի տասնամյակ, դու թողմնում՝ գնում ես արձակուրդ:
Վարագույր»: