Լևոն Տեր-Պետրոսյան. «Բանակի հարցում մենք մի փոքր այլ ճանապարհ ընտրեցինք»
Բանակի հարցում մենք մի փոքր այլ ճանապարհ ընտրեցինք, քան Ադրբեջանը։ Նրանք իրենց բանակն ստեղծեցին առճակատման ուղիով, մենք փորձեցինք դա անել մեղմ քաղաքական բանակցությունների միջոցով, ինչը մեզ հաջողվեց։ Մենք իրավունք չունեինք ընտրելու Ադրբեջանի ճանապարհը։ Իհարկե, եթե հարցին վերաբերվեինք մաթեմատիկորեն, կարելի էր ասել՝ եթե Ադրբեջանն ազգայնացնում է չորս ռուսական դիվիզիաները, ի՞նչն է խանգարում, որ մենք էլ ազգայնացնենք Հայաստանում գտնվող ռուսական բանակի երեք դիվիզիաները։ Բայց խանգարող հանգամանքները շատ էին, մենք չէինք կարող հաշվի չառնել մեր աշխարհաքաղաքական դիրքը եւ մերկացնել մեր սահմանները ռուսական բանակներից։ Այդ իսկ պատճառով մենք բանակցությունների շնորհիվ հասանք նրան, որ այդ երեք դիվիզիաներից երկուսը հանձնվեցին Հայաստանի իշխանություններին, մեկը պահպանվեց որպես ռուսական բանակի ստորաբաժանում, եւ համապատասխան պայմանագրով ճշտվեց այդ դիվիզիայի կարգավիճակը։
Ես կարծում եմ, բանակի ստեղծման հարցում մենք շատ ճիշտ քաղաքականություն էինք ընտրել։ Ես չեմ ընդունում ընդդիմադիր մամուլում արծարծվող ոչ մի մեղադրանք՝ կապված բանակի ստեղծման հարցում հապաղման հետ։ Եթե մենք ընտրեինք ադրբեջանական ճանապարհը, շատ ավելի ծանր կացության մեջ կլինեինք։ Չէինք ունենա այն, ինչ այսօր ունենք, իսկ դրա կողքին մենք կարող էինք ունենալ մեծ կորուստներ, որոնք անդառնալի կարող էին լինել։
Լևոն Տեր-Պետրոսյան
11 նոյեմբերի, 1992թ.