Լևոն Տեր-Պետրոսյան. Երաժշտական գործիքների անվանումների վերարտադրումն Աստվածաշնչի գրաբարյան բնագրում
Սաղմոսների ժողովածուն Հին Կտակարանի ամենատարածված գիրքն է և քրիստոնեական եկեղեցու համար իր ունեցած նշանակությամբ կարող է մրցել նույնիսկ Ավետարանների հետ։ Դարեր շարունակ այն եղել է հավատացյալների սիրելի ընթերցարաններից մեկը, իսկ հոգևորականների կողմից սովորաբար անգիր է արվել։ Համարյա ամենուրեք սաղմոսների բնագիրն իր ընդօրինակությունների թվով գրավում է առաջին տեղը Աստվածաշնչի գրքերի շարքում։ Չկա ծիսական մի ժողովածու, որտեղ սաղմոսներն ընդգրկված չլինեն, չկա եկեղեցու որևէ արարողություն, որը կատարվի առանց նրանց մասնակցության։ Սաղմոսների բարերար ազդեցության տակ է ծնունդ առել քրիստոնեական հոգևոր երգը. նրանց նմանողությամբ են գրված հայկական հրաշալի շարականներից շատերը։ Անգիր արվելու հանգամանքը նպաստել է, որ սաղմոսների բնագիրը մեր պատմագրական երկերում ամենահաճախ հղվող աստվածաշնչյան գիրքը լինի։ Սակայն, չնայած իրենց մեծ նշանակությանը, սաղմոսներն առայժմ հայագիտության հատուկ ուսումնասիրության առարկան չեն դարձել1։ Իսկ այժմ անցնենք մեր հոդվածի բուն նյութի քննությանը։
Սաղմոսների հայերեն թարգմանության մեջ նկատվում է մի չափազանց հետաքրքիր երևույթ։ Այնտեղ, որտեղ հունարենում և մյուս բնագրերում հիշատակվում են երաժշտական գործիքներ, հայերենը դրանց անվանումները փոխարինում է վերացական, «օրհնաբանական» բառերով։ Այս տեսակետից հատկապես ուշագրավ է վերջին՝ 150-րդ սաղմոսը, որում հանդիպող երաժշտական գործիքների ինն անվանումներն էլ հայերեն թարգմանությունն արտահայտում է տվյալ սկզբունքով։ Այսպես.
Հայերեն թարգմանություն | Յոթանասնից և մյուս բնագրերը | |
ՃԾ 3. Օրհնեցէք զնա ի ձայն օրհնութեան. Օրհնեցէք զնա սաղմոսիւք և օրհնութեամբ. | 3. | ἐν ἤχφ σάλπιγγος (ի ձայն փողոյ) ἐν ψαλτηρίῳ καὶ κιϑάρᾳ (սաղմոսարանաւ և քնարաւ) |
ՃԾ 4. Օրհնեցէք զնա ցնծութեամբ. Գովեցէք զնա ուրախութեամբ. |
4. | ἐν τυμπάνῳ καὶ χορῶ (թմբկաւ և պարուք) ἐν χορδαῖς καὶ ὀργάνῳ (աղեօք և տաւղաւ) |
ՃԾ 5. Օրհնեցէք զնա ի բանս քաղցունս. Օրհնեցէք զնա ի բարբառ լսելի; |
5. | ἐν κυμβάλοις εὐήχοις (ի ծնծղայս քաղցունս) ἐν κυμβάλοις ἀλαλαγμοῦ (ի ծնծղայս ցնծութեան); |
Եթե 150-րդ սաղմոսն իր այս միտվածքում միայնակ լիներ, ապա երևույթը գուցե կարելի կլիներ բացատրել ինչ-որ խմբագրի կամ գրչի քմահաճությամբ: Սակայն սաղմոսների հայերեն թարգմանությունը մատուցում է ևս մոտ երեք տասնյակ նման դեպք՝ մի քանի մեկնելի բացառություններով.
ԼԲ 2. Խոստովան եղերուք Տեառն օրհնութեամբ (փխ. ἐν κιϑάρᾳ — քնարաւ), տասնաղեաւ սաղմոսարանաւ (=ψαλτηρίῳ δεκαχόρδῳ) սաղմոս ասացէք նմա:
ԽԲ 4. Խոստովան եղէց քեզ օրհնութեամբ (փխ. ἐν κιϑάρᾳ — քնարաւ) Աստուած, Աստուած իմ:
ԽԶ 6. Համբարձաւ Աստուած օրհնութեամբ, և Տէր մեր ձայնիւ փողոյ (=ἐν φωνῇ σάλπιγγος):
ԽԸ 5. Բացից զառակս օրհնութեան (փխ. ἐν ψαλτηρίῳ սաղմոսարանաւ) ի սկզբանէ:
ԾԶ 9. Զարթիք փառք իմ զարթիք սաղմոսիւք (փխ. ψαλτήριον — սաղմոսարան) և օրհնութեամբ (փխ. κιϑάρα — քնար):
Կէ 26. Կանխեցին իշխանք հանել զօրհնութիւն ի մէջ կուսանաց և գովչաց (փխ. νεανίδων τυμπανιστριῶν — կուսանաց թմբկահարաց):
Հ 22. Սաղմոս ասացից քեզ օրհնութեամբ (փխ. ἐν κιϑάρᾳ — քնարաւ) սուրբդ Իսրայելի:
Ձ 3. Առէք սաղմոս և տուք օրհնութիւն (փխ. τύμπανον — թմբուկ), սաղմոս ասացէք նմա ի ձայն քաղցրութեան (փխ. ψαλτήριον τερπνὸν μετὰ κιϑάρας սաղմոսարան քաղցր հանդերձ քնարաւ):
Ձ 4. Փող հարէք (=σαλπίσατε) ի գլուխս ամսոց (Յոթանասնիցը ավելացնում է՝ σάλπιγγι — փողով):
ՂԱ 4. Տասնաղեաւ սաղմոսարանաւ (=ἐν δεκαχόρδῳ ψαλτηρίῳ) ի ձայն օրհնութեան (փխ. ἐν κιϑάρᾳ քնարաւ) գովել:
Ղէ 5. Սաղմոս ասացէք Աստուծոյ մերում օրհնութեամբ (փխ. ἐν κιϑάρᾳ — քնարաւ), օրհնութեամբ (փխ. ἐν κιϑάρᾳ — քնարաւ) և ի ձայն սաղմոսաց:
Ղէ 6. Ի ձայն օրհնութեան կռածոյ փողոյ (=ἐν σάλπιγξιν), օրհնութեամբ ցնծութեամբ և ի ձայն եղջեր փողոյ (=σάλπιγγος κερατίνης):
ճէ 3. Զարթիք սաղմոսիւք (փխ. ψαλτήριον — սաղմոսարան) և օրհնութեամբ (փխ. κιϑάρα — քնար): Հմմտ. ԾԶ 9:
ՃԼԶ 2. Ի մէջ ուռեաց նոցա կախեցաք զկտակարանս մեր (փխ. ὄργανα — զտաւիղս):
ՃԽԳ 9. Տասնաղեաւ սաղմոսարանաւ (=ἐν ψαλτηρίῳ δεκαχόρδῳ) սաղմոս ասացից քեզ: Հմմտ. ԼԲ 2:
ՃԽԶ 7. Սաղմոս ասացէք նմա օրհնութեամբ (փխ. ἐν κιϑάρᾳ — քնարաւ):
ՃԽԹ 3. Օրհնեսցեն զանուն նորա օրհնութեամբ (փխ. ἐν χορῷ — պարուք), սաղմոսիւք (փխ. ἐν τυμπάνῳ — թմբկաւ) և օրհնութեամբ (փխ. ψαλτηρίῳ — սաղմոսարանաւ) սաղմոս ասասցեն նմա:
ՃԾԱ 2. Ձեռք իմ արարին զսաղմոսարանս (փխ. ὄργανον — զտաւիղ), և մատունք իմ կազմեցին զգործի օրհնութեան (փխ. ψαλτήριον — սաղմոսարան):
Ինչպես տեսնում ենք, նկատված սկզբունքը այնքան հետևողական է կիրառված, որ այն չի կարելի կապել պատահականությունների, գրչական սխալների, խմբագրական միջամտությունների հետ: Առաջին հայացքից զուտ բանասիրական թվացող այս հարցը առնչվում է մի ավելի ընդհանուր, հայ եկեղեցու պատմության համար կարևոր նշանակություն ունեցող խնդրի հետ:
Հայտնի է, որ քրիստոնեական եկեղեցին սկզբից ի վեր մերժել է նվագարանների մասնակցությունը պաշտոներգության մեջ: Ինչպես նշում է հ. Վ. Հացունին, «նախկին դարերու Հարք հակառակութիւն ունէին անոնց դէմ, որովհետև նախ հեթանոսաց և ապա քրիստոնեայ մեծատանց ձեռներուն մէջ դարձած էին հեշտասէր մեղկութեան և անառակ նուագածութեան գործիներ»2: Այս խնդրի նկատմամբ հայ եկեղեցու վերաբերմունքը առայժմ պարզված չէ:
Նույն հ. Վ. Հացունին, հենվելով Խորենացու, Փավստոսի վկայությունների և հ. Ղ. Ալիշանի մի տեղեկության վրա, եզրակացնում է, որ Դ–Ե դարերում հուղարկավորության ժամանակ Հայաստանում գործածվել են երաժշտական գործիքներ (փող, տավիղ, փանդիռ, վին և այլն) և, որ այդ ավանդույթը շարունակվել է նաև հետագայում, չնայած արգելվել էր արդեն Ներսես Մեծ կաթողիկոսի կողմից: Այնուամենայնիվ հ. Վ. Հացունին նշում է. «Դիտելի է, որ յիշեալ պատմական գործիները մինչև եկեղեցւոյն մէջ չեն մտած, կամ գոնէ չի պատմուիր թէ մտած լինին»3: Այդ պատճառով մի փոքր անհետևողական է թվում հենց հաջորդ էջում արտահայտված կարծիքը. «Հայ եկեղեցին իւր սկզբնաւորութենէն մինչև վերջերը՝ սկզբամբ և իրապէս ընդուներ է նուագարանաց գործածութիւնը հոգևոր պաշտամանց մէջ»4: Սա, ըստ երևույթին, պետք է բացատրել հ. Վ. Հացունու հոդվածի բնույթով, որ ոչ այնքան գիտական, որքան գործնական նպատակ էր հետապնդում՝ արդարացնել նվագարանների գործածությունը հայ նոր եկեղեցում:
Հօգուտ հ. Վ. Հացունու արտահայտած կարծիքի նոր կռվաններ է բերում Ն. Թահմիզյանը. «Դեռևս մի մեծ հարց է,— գրում է նա,— թե հայ եկեղեցին այս ժամանակներում (վաղ միջնադարում՝ Լ. Տ.-Պ.) հունականի օրինակով իրոք մերժե՞լ է գործիքային նվագի մասնակցությունը պաշտոներգության մեջ: Իրոք վաղ միջնադարյան հայ հեղինակների մի քանի ասույթներ ցույց են տալիս, որ եկեղեցին այս շրջանում ոչ միայն չի մերժել նվագարանների գործածությունը, այլև կարծես պաշտպանել է այն: Վերը ծանոթացանք Հովհ. Իմաստասերի (Օձնեցու՝ Լ. Տ.-Պ.) ցուցանշական խոսքերին (պարտ է ուսումնասիրացըն… նուագարանօք քնարահարու լինել երաժշտական հոգւոյն՝ Լ. Տ.-Պ.): Թեոդորոս Քռթենավորը Աստվածածնին նվիրված իր գովեստում ասում է. «Ընդհանրական առաքելաշէն եկեղեցիք Քրիստոսի, փառատրողական երգաբանութեամբ, հոգեզուարճ նուագարանօք վերագոչեսցուք ի սերկեան աւուրս դասախմբութեամբ»: Եվ դեռ նրանից շատ առաջ Մեսրոպ Մաշտոցը ապաշխարության շարականներից մեկում հորդորում է. «Հնչմամբ փողոյ, սաղմոսարանաւ և քնարիւ օրհնեցէք զՏէրն ի յերկինս», որ մեզ գաղափար է տալիս նաև երեք գործիքից բաղկացած մի այլ, ուրույն անսամբլի մասին»5:
Նախ և առաջ պետք է նշել, որ Օձնեցու և Քռթենավորի կողմնակի վկայությունները ամենևին էլ չեն կարող պարզել հայ եկեղեցու դիրքը տվյալ հարցում, մանավանդ Ե դարի համար: Ավելի որոշակի և կարևոր է Մաշտոցի խոսքը, նախ որպես ժամանակակցի տեղեկություն, երկրորդ՝ այն պատճառով, որ արտահայտված է հենց շարականի, այսինքն պաշտոներգության մեջ: Սակայն մի չնկատված հանգամանք կասկածի տակ է դնում նաև այս վկայության օգտակարությունը: Պարզվում է, որ շարականի նշված տողը նույնությամբ քաղված է Սաղմ. ՃԾ 3-ից: Ընդ որում, անհնար է այդ կապը բացահայտել սաղմոսների հայերեն թարգմանության միջոցով, քանի որ, ինչպես տեսանք, վերջինս երաժշտական գործիքների անվանումները փոխարինում է այլևայլ վերացական օրհնաբանություններով: Նույնությունն անմիջապես ի հայտ է գալիս, երբ այդ տողը համեմատում ենք սաղմոսների հունարեն բնագրի հետ:
Այսպիսով, հետազոտողները չեն նշում հայ եկեղեցու պաշտոներգության մեջ նվագարանների մասնակցությունը հաստատող որևէ ուղղակի և արժանահավատ վկայություն: Դրա կողքին սաղմոսների հայերեն թարգմանության հետևողականորեն իրականացված միտումը աներկբայելիորեն ապացուցում է, որ հայ եկեղեցում երաժշտական գործիքների գործածությունը մերժված է եղել7:
Այնուամենայնիվ Մաշտոցի շարականի տվյալը մի հետաքրքիր միտք է հուշում: Ըստ երևույթին, ինչպես բոլոր այլալեզու բնագրերում, սաղմոսների հայերեն թարգմանության մեջ նույնպես երաժշտական գործիքների անվանումները սկզբնապես վերարտադրված են եղել համապատասխան հայերեն համարժեքներով: Հետագայում, Աստվածաշնչի հայերեն թարգմանության վերջնական սրբագրության ժամանակ, խմբագիրները նկատելով հակասությունը մի կողմից հայ եկեղեցու բռնած դիրքի, մյուս կողմից՝ այն հանգամանքի միջև, որ սաղմոսներում Աստծո փառաբանությանը մասնակցում են նաև երաժշտական գործիքներ, ստիպված են եղել պատշաճ ձևով քողարկել վերջիններիս հիշատակումները: Իսկ շարականներում այդպես էլ աննկատելիորեն մնացել է մի սկզբնական ընթերցված: Այդ են վկայում նաև սաղմոսների հայերեն թարգմանության մեջ պահպանված երաժշտական գործիքների հատուկենտ անվանումները՝ տասնաղի սաղմոսարան (ԼԲ 2, ՂԱ 4, ՃԽԳ 9, ՃԾԱ 2) և փող (ԽԶ 6, Ձ 4, ՂԷ 6): Սակայն սրանց կողքին կան դեպքեր, երբ նույն անվանումները փոխարինված են այլ, անորոշ բառերով՝ օրհնութիւն (փխ. սաղմոսարան՝ ԽԸ 5, ՃԽԹ 3), սաղմոս (փխ. սաղմոսարան՝ ԾԶ 9, Ձ 3, ՃԷ 3, ՃԾ 3), օրհնութիւն (փխ. փող՝ ՃԾ 3): Թե ինչու է հանդուրժվել տասնաղի սաղմոսարան անվանումը, պարզ է. ըստ երևույթին Հայաստանում այդպիսի գործիք չի եղել, և սաղմոսարան բառն էլ, կապված լինելով սաղմոս-ի հետ, հավատացյալների մոտ որևէ հեթանոսական հիշողություն չի արթնացրել: Իսկ փողը, ինչպես հայտնի է, հնում ոչ այնքան նվագածության գործիք էր, որքան հանդիսությունների, տոնախմբությունների ազդանշան:
Դժվար չէ պատասխանել նաև այն հարցին, թե ինչու սաղմոսներում երաժշտական գործիքների անվանումները տարափոխվել են, իսկ Աստվածաշնչի մյուս գրքերի հայերեն թարգմանության մեջ վերարտադրվել իրենց համարժեքներով: Օրինակ, Բ Թագ. Զ 5, «Եւ Դաւիթ և որդիքն Իսրայելի խաղային առաջի տապանակին Տեառն՝ տաւղօք և նուագարանօք զօրութեամբ, և երգովք, և քնարօք, և սրընգօք, և թմբկօք, և ծնծղայիւք, և փողովք», կամ՝ Դան. Գ 10. «Դու հրաման ետուր ամենայն մարդոյ՝ որ լսիցէ զձայն փողոյ՝ զսրընկի՝ և զքնարի՝ և զտաւղի՝ և նուագարանաց, և զամենայն ազգաց արուեստականաց» և այլն 8: Հասկանալի է, որ սաղմոսներն էին կազմում պաշտոներգության հիմնական բովանդակությունը, և այստեղ էր, որ առավել ցայտունությամբ պիտի երևար վերևում նշված հակասությունը:
-------------------------------------
- Անշուշտ չի կարելի այստեղ չհիշատակել հ. Մ. Չամչյանի հոյակապ աշխատությունը (Մեկնութիւն Սաղմոսաց, հ. Ա–Ժ, Վենետիկ, 1815–1823)։
- Հ. Վ. Հացունի, Եկեղեցական երաժշտութեան մասին, «Բազմավէպ», 1917, էջ 207:
- Անդ, էջ 208:
- Անդ, էջ 209:
- Ն. Թահմիզյան, Քննական տեսություն հայոց հին և միջնադարյան երաժշտության պատմության, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1971, № 1, էջ 44:
- Ձայնքաղ շարական, Կ. Պոլիս, 1852, էջ 128:
- Ի դեպ, դեռևս հ. Մ. Չամչյանն այսպես է բացատրել տվյալ միտումը. «…որոյ պատճառն ոչ այլ ինչ երևի լինիլ, բայց եթէ այս, զի ոչ գոյր յազգի մերում նուագարանօք սաղմոսել» (Մ. Չամչյան, հտ. Թ, էջ 549. տե՛ս նաև, հտ. Ա, էջ 120):
- Հմմտ. նաև Բ Թագ. Զ 14. Ա Մնաց. ԺԵ 16, 28. Դան. Գ 5, 7. ավելի մանրամասն տե՛ս Աստվածատուրյանի Համաբարբառի քնար, տաւիղ, փող, թմբուկ, ծնծղա, սրինգ, նուագարան հոդվածները (Թ. Աստուածատուրեան, Համաբարբառ Հին եւ Նոր Կտակարանաց, Երուսաղէմ, 1895թ.)։