Լավրով. ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահներին փոխարինելու գաղափարը հարցեր է առաջացնում
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելություններով փոխարինելու գաղափարը հարցեր է առաջացնում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջ`Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Մինսկի ինչ-որ փաստահավաք խումբ պետք է փոխարինի ռուսական խաղաղապահ զորակազմին, ապա առնվազն մի քանի հարց է առաջանում: Նախ` դա անելու համար անհրաժեշտ է կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, եթե կա այդպիսի հետաքրքրություն, և եթե դա լուրջ է, ապա հավանաբար դա նախ պետք է առաջարկել նրանց, ովքեր ռուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու որոշում են կայացրել և կողմ են եղել, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջ և այլ տարբերակ քննարկեն»,- ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ եթե դա արվում է հրապարակային, խոսափողի միջոցով, ապա դրան պետք է վերաբերվել որպես հանրային գնահատականի, հանրային դիրքորոշման ներկայացման մաս։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի կամ ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։ ՌԴ խաղաղապահներին փոխարինելու մասին չի խոսվել։
ՌԴ արտգործնախարարությունը երեկ հայտնեց, որ Երևանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների` դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից։
Հայաստանը դիվանագիտական որևէ խողովակ չի գործարկել, որպեսզի Ռուսաստանին տեղեկացնի Մոսկվայում ՌԴ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին:
«Մենք մերժման մասին տեղեկացանք մամուլի ծառայության հաղորդագրությունից։ Որևէ դիվանագիտական խողովակ, որը սովորաբար կիրառվում է նման դեպքերում, չի օգտագործվել։ Դա հայկական կողմի որոշումն է», - ասել Է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը նշել է, որ հայկական կողմի այս մեթոդը հարցեր է առաջացնում։
Նշենք՝ նեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Միրզոյանը Կլաարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի:
Միրզոյանն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։