Լավրովը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սերտ շփման մեջ են, նրանք արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների և արտգործնախարարների հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սլովակիայի իր գործընկեր, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 16-ին Փարիզում։ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում կառուցողական մթնոլորտը պահպանվում է։
«Համանախագահներն արդեն հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների, արտգործնախարարների հետ, նոր շփումներ են սպասվում։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանում բոլորովին վերջերս է նոր կառավարություն ձևավորվել, անկասկած, կպահանջվի որոշակի լրացուցիչ ժամանակ, հասկանալու համար, որքանով ինտենսիվ, որքանով խորը հնարավոր կլինի այս փուլում զարգացնել կարգավորման գործընթացը», – ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարի խոսքով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են միայն աջակցել երկխոսության համար պայմաններ ստեղծելուն։
«Որոշումները, իհարկե, պետք է ընդունվեն անմիջական զրույցների ընթացքում, կողմերի միջև ուղիղ բանակցությունների ժամանակ», – ընդգծել է Լավրովը։
Նյութը հասանելի է նաև ռուսերեն