«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Լին Թրեյսի. «Արժեքներով դուք կապված եք Արևմուտքին»

Լին Թրեյսի. «Արժեքներով դուք կապված եք Արևմուտքին»

«Ժողովրդավարությունը այժմ Հայաստանում առավել քան երբևէ ամուր է», - մայիսի 15-ին ելույթ ունենալով իր գործունեության ծրագրերի մասին՝ հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին։

«Կարիք չկա նշել, որ ժողովրդավարությունը հիմա առավել քան երբևէ ամուր է Հայաստանում: Անցած գարնան զարգացումներն էլ մեզ ցույց տվեցին, որ փոփոխությունները սկսվում և առաջ են մղվում երկրի քաղաքացիների կողմից: Անցած տարվա ապրիլին երկրի քաղաքացիները հեղեղել էին փողոցները: Երկրի տարբեր մասերում ապրող քաղաքացիներն էին, որ ոտքի էին կանգնել և պահանջում էին իրացնել իրենց իրավունքը՝ ապրելու ազատ և ժողովրդավար երկրում, մի երկրում, որտեղ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և գործարար դաշտն ազատ, արդարացի և թափանցիկ կերպով աշխատում են միմյանց հետ՝ ապահովելու առավել բարեկեցիկ ապագա բոլորի համար»:

Թրեյսին ընդգծեց․ - «Աշխատանքի բերումով ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգների շահերը Հայաստանում և ինքնիշխան, ժողովրդավար պետության կայացմանն աջակցելը բխում է մեր շահերից: Թեպետ ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգներն առաջին օտարերկրյա պետությունն էր, որ անցած գարնան դեպքերից հետո ընտրական աջակցություն առաջարկեց Հայաստանին, սակայն Հայաստանի քաղաքացիներն էին, որ անցած տարվա դեկտեմբերին իրացրեցին իրենց ընտրական իրավունքն ազատ ու ժողովրդավարական ընտրություններում: Ես նախատեսում եմ այսուհետ ևս աջակցել Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման իրենց ընտրած ճանապարհին, որը զարկ կտա իրավունքի գերակայությանը և կպաշտպանի մարդկային արժանապատվությունը»:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների, Եվրամիության ու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին՝ Լին Թրեյսին հայտարարեց․ - «Թեպետ Հայաստանն աշխարհագրությամբ ու պատմությամբ կապված է Ռուսաստանի հետ, սակայն արժեքներով դուք կապված եք Արևմուտքին: Անշուշտ, մենք գիտակցում ենք, որ մեր հարաբերությունները վակուումային միջավայրում չեն: Մենք հասկանում և արժեվորում ենք Հայաստանի երկկողմ և բազմակողմ միջազգային հարաբերությունների լայն տիրույթը: Հայաստանը որպես ինքնիշխան, ժողովրդավար պետություն դրանց ընտրությունը կատարում է իր սեփական ազգային շահերի հիման վրա: Մենք նաև գիտակցում ենք, որ աշխարհագրական ու պատմական իրողություններից ելնելով՝ Հայաստանն ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ: Սակայն կարծում եմ, որ Հայաստանում շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող հետ պահել և հետ չեն պահում Հայաստանին Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ հնարավոր գործընկերների հետ ամուր ու փոխշահավետ հարաբերություններ ձևավորելուց: Ու թեպետ Հայաստանն աշխարհագրությամբ ու պատմությամբ կապված է Ռուսաստանի հետ, սակայն արժեքներով դուք կապված եք Արևմուտքին: Այս հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում: Արտաքին հարաբերություններում խաղացողներից մեկի առավելությունը չի նշանակում մյուսի պարտությունը»:

Հիշեցնելով, որ 1992 թվականից վեր Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել է ավելի քան 2 միլիարդ դոլարի աջակցություն՝ Լին Թրեյսին նաև տեղեկացրեց, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի անցած շաբաթ Երևան կատարած այցի ու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունից հետո ստորագրվել են 16 միլիոն դոլարի աջակցության համաձայնագրեր․ - «Միջազգային հարթակներում Միացյալ Նահանգների հետ գործակցելու իր հանձնառությունը Հայաստանն արդեն տարբեր ձևերով ի ցույց է դրել: Օրինակ, մենք կարևորում ենք Հայաստանի աշխատանքը ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակում, այդ թվում՝ մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաքելություններում, ինչպիսին է «Վճռական աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում: Հայաստանն ԱՄՆ Եվրոպական հրամանատարության վստահելի գործընկերն է Կոսովոյում տարածաշրջանային կայունության խթանման հարցում: Հայաստանը նաև 15-ամյա ամուր գործընկերություն ունի ԱՄՆ Կանզաս նահանգի և Կանզասի ազգային գվարդիայի հետ, ինչի արդյունքում տեղի են ունեցել բազմաթիվ արդյունավետ փոխանակումներ և առավել սերտ են դարձել կապերը մեր երկրների միջև»:

Դեսպանը անդրադարձավ նաև ղարաբաղյան խնդրին՝ նշելով, թե Մինսկի խմբի գործընթացն այսօր «առավել քան երբևէ ոգևորիչ է»․ - «Ճանապարհը երկար է եղել, դյուրին լուծումներ չկան, սակայն վերջին ամիսների դեպքերն ինձ թույլ են տալիս հավատալ, որ առաջընթացը հնարավոր է»:

Խոսելով երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններից՝ Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարեց․ - «Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք նկատել ենք, որ հայկական շուկայի նկատմամբ ամերիկյան բիզնեսի կողմից կայուն հետարքրքություն է ցուցաբերվում հիդրոէներգետիկայի, ՏՏ, ֆինանսների, մանրածախ առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում»: