Լուրջ արտաքին մարտահրավերների դեպքում կարևոր է ներքին կայունությունը
ՀՀ Առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ կոչ արեց ժամանակավորապես կասեցնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը։ Ըստ նրա՝ «հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն չի նպաստում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը, այլև ավելի է սրում այն՝ ծառայելով բացառապես մեր հակառակորդների շահերին»։
Հատկանշական է, որ Տեր-Պետրոսյանը նման կոչ արել էր ավելի վաղ՝ 2020թ. ապրիլին, այն ժամանակ էլ առաջարկելով սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքը՝ մեկնաբանելով, թե «ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի՝ առանց այն էլ գերլարված մթնոլորտում»։
Արդյո՞ք զուգահեռներ կարելի է անցկացնել այն ժամանակ ու այսօր ստեղծված իրավիճակների միջև։ Radar Armenia-ի հետ զրույցում ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը նշեց, որ զուգահեռը մեկն է.
«Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր մտահոգությունը Հայաստանի կայունությունն է։ Հայաստանը հիմա գտնվում է շատ ծանր վիճակում, ծանր բանակցությունների մեջ է։ Ընդհանրապես, պատերազմից հետո երկիրը գիտեք՝ ինչ վիճակում է։ Այս պարագայում, Տեր-Պետրոսյանը իր մի շարք հայտարարություններում այդ բանը ասել է, որ գլխավոր խնդիրը ներքին կայունության ապահովումն է»։
Ըստ Սամվել Աբրահամյանի՝ եթե երկիրը ունի լուրջ արտաքին մարտահրավերներ, կարևոր է ներքին կայունությունը. «Ցնցումներ ներսում պետք է բացառվեն, հետևաբար՝ ցանկացած գործողություն, որը կարող է նպաստել ներքին անկայունություններին, պետք է բացառել, մանավանդ՝ հիմա։ Պառլամենտում կա իշխանություն և ընդդիմություն։ Իրենք երկուսով պատասխանատու են այս երկրի ճակատագրի համար։ Այնպես չէ, որ դրանցից միայն մեկն է պատասխանատու։ Այդ պատասխանատվությամբ առաջնորդվելու փոխարեն՝ զբաղված են միմյանց ոչնչացնելու գործողություններով»։
Հարցին՝ արդյո՞ք կհետևեն քննիչ հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու՝ Տեր-Պետրոսյանի կոչին, Աբրահամյանը նշեց, որ ինքն այդ հարցին չի կարող պատասխանել. «Իրենք պետք է այդ հարցի պատասխանը տան։ Իրենք գիտակցու՞մ են՝ ինչ վիճակի են հասցրել երկիրը, և միասին, ընդ որում։ Իրենք գիտակցու՞մ են այդ խնդիրը, թե այս երկիրը ոնց պետք է դուրս բերել այս վիճակից։ Եթե գիտակցում են, ուրեմն կանսան այդ կոչին։ Եթե չեն գիտակցում, կշարունակեն նույն բանը»։
Radar Armenia-ն այս կապակցությամբ զրուցեց նաև ՀԱԿ փոխանախագահ Լևոն Զուրաբյանի հետ։
Ըստ նրա՝ անկայունության միջավայրում նման հետաքննությունները ոչ մի օգուտ չեն տալիս.
«Զուգահեռը՝ երկու դեպքում էլ պատերազմ է եղել, երկու դեպքում էլ փորձել են մեղավորներ գտնել։ Խոսքն այն մասին է, որ անկայունության միջավայրում նման հետաքննությունները ոչ մի օգուտ չեն տալիս։ Երբ գոնե մի քիչ կայունացած լինի, ինչ-որ անվտանգության մինիմալ երաշխիքի պաշար ստեղծվի, այդ պայմաններում կարող են սկսել քննություններ անցկացնել, այդ դեպքում գոնե ինչ-որ արդարացում կլինի, բայց հիմա՝ անկայունության վիճակում, պարզ չէ՞, որ այդ քննությունը բերելու է ընդամենը մեղավորության բախշման պատերազմի, որը մեր հակառակորդներին ավելի մեծ խաղաքարտեր է տալու»։