«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Մարտի 1-ի գործով Շերիֆի ցուցմունքը. Դիպուկահար Կաչակին հրաման տվեցի զինված մարդ տեսնելու դեպքում նշանառու կրակ բացել

Մարտի 1-ի գործով Շերիֆի ցուցմունքը. Դիպուկահար Կաչակին հրաման տվեցի զինված մարդ տեսնելու դեպքում նշանառու կրակ բացել

«Առաջին լրատվական»-ը ներկայացրել է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա, ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի ցուցմունքը։

«2008թ․ փետրվարի 18-ից սկսած ոստիկանության զորքերի զորամասերում իմ հրամանով ծառայության ուժեղացված ռեժիմ էր հայտարարված, որը կապված էր ՀՀ նախագահի ընտրությունների և դրանից հետո Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցող շուրջօրյա զանգվածային միջոցառումների հետ։ Այդ օրերին ՀՀ ոստիկանության պետի մոտ պարբերաբար անցկացվում էին խորհրդակցություններ, օպերատիվ ծառայությունների ղեկավարները տեղեկատվություն էին ներկայացնում։

Հերթական խորհրդակցությունը ՀՀ ոստիկանապետի մոտ տեղի ունեցավ 2008թ․ փետրվարի 29-ի երեկոյան, որին մասնակցում էին ոստիկանապետի տեղակալներ Հ․ Հունանյանը, Ա․ Երիցյանը, Ա․ Մահտեսյանը, Ս․ Աֆյանը, քրեական հետախուզության և քննչական գլխավոր վարչությունների պետեր Հ․ Միլիտոնյանն ու Գ․ Համբարձումյանը, ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Ա․ Գզիրյանը, ճանապարհային ոստիկանության պետ Ի․ Իշխանյանը, հասարակական կարգի անվտանգության վարչության պետ Վ․ Խուբլարյանը։

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ծառայությունները հստակ տեղեկություն ունեին, որ Ազատության հրապարակում մեծ քանակությամբ զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված այլ առարկաների կուտակում կար, որոնք մարտի 1-ին բաժանվելու էին հավաքված խմբերին՝ մայրաքաղաքում անկարգություններ կազմակերպելու նպատակով։ Որոշվեց, որ մարտի 1-ի առավոտյան այդ տարածքում հետազոտում պետք է կատարվեր՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ։ Կոնկրետ ոստիկանության զորքերի առաջ խնդիր դրվեց՝ որպես ռեզերվ ժամը 7-ին տեղակայված լինել Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակում։ Միջոցառման ընդհանուր ղեկավարումը հանձնարարվեց գեներալ-մայոր Սաշիկ Աֆյանին։ Ոստիկանության զորքերի ստորաբաժանումների ղեկավարումը և միջոցառմանը մասնակից մյուս ծառայությունների հետ համագործակցությունը կազմակերպելու համար գնդապետ Գեղամ Պետրոսյանը նշանակվեց Սաշիկ Աֆյանի տեղակալ։

ՀՀ ոստիկանապետի մոտ հրավիրված խորհրդակցության ավարտից հետո ես և գնդապետ Գեղամ Պետրոսյանը մեկնեցինք ոստիկանության զորքերի վարչություն։ Թիվ 1031, 1032, 1033 և 1035 զորամասերի և հատուկ նշանակության ջոկատի հրամանատարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ՝ առավոտյան անձնակազմը հանդերձավորել անհատական պաշտպանիչ միջոցներով (սաղավարտ, վահան, ռետինե մահակ, հակագազ, զրահաբաճկոն, ծնկակալ, արմնկակալ), և ժամը 06․30-ին պատրաստվել ելքի։ Թիվ 1032 և 1033 զորամասերի և հատուկ նշանակության ջոկատի հրամանատարներին հանձնարարվեց հատուկ միջոցների կիրառման խմբերը ևս նախապատրաստել։

Մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 06․30-ին, զորամասերի հրամանատարներն ինձ զեկուցեցին անձնակազմերի պատրաստ լինելու մասին, որից հետո, իմ հրամանով, նրանք զորամասերից դուրս եկան և շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։

1031 զորամասի և ՀՆՋ-ի անձնակազմը Ֆրանսիայի հրապարակ է տեղափոխվել իմ ուղեկցությամբ։ Ժամը 7-ից 5 րոպե պակաս ՈԶ բոլոր ստորաբաժանումներն արդեն տեղում էին։ Նախապես տրված հրահանգի համաձայն՝ ոստիկանության զորքերի անձնակազմն ամբողջությամբ մնաց մեքենաներում։

Ռադիոկապով կամ բջջային հեռախոսով, ներկայումս ստույգ չեմ հիշում, ինձ տեղեկացրին, որ Ազատության հրապարակում ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանների պահանջներին։ Ավելին, նրանք նախապես տեղյակ են եղել ոստիկանական ստորաբաժանումների ժամանման մասին և պատրաստվել էին դիմադրության, ձողերով և մահակներով հարձակվել ոստիկանների վրա։ Բացի դրանից՝ Ազատության հրապարակի կողմից լսվում էին աղմուկի ձայներ, սակայն քանի որ մենք միջամտելու հրահանգ չէինք ստացել, ուստի չենք միջամտել օպերատիվ ծառայությունների գործողություններին։

Ժամը 8-ի սահմաններում ես, մի քանի սպաների ուղեկցությամբ, գնացի օպերայի բակ, որտեղ այլևս ցուցարարներ չկային։ Օպերատիվ և քննչական ծառայությունները տարածքում զննություններ էին կատարում։ Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ որ հատվածից ինչ հայտնաբերվեց, բայց ընդհանուր առմամբ բավականին շատ զենք ու զինամթերք կար։

Մոտավորապես ժամը 9-ի սահմաններում ոստիկանության զորքերի ստորաբաժանումների միջոցով շրջափակվեցին Օպերայի շենքն ու նրան հարակից տարածքը։ Զինվորների մի մասը ներգրավվեց տարածքի մաքրման աշխատանքներում։

Ժամը 10-ի սահմաններում ես կանչեցի զորամասերի ու հատուկ նշանակության ջոկատի հրամանատարներին, կարգադրեցի մնալ զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի տրամադրության տակ, որից հետո գնացի ՀՀ ոստիկանություն։

Գնդապետ Գեղամ Պետրոսյանը պարբերաբար ռադիոկապով կամ հեռախոսով կապի մեջ է գտնվել իմ հետ, տեղեկացրել իրադարձությունների ընթացքի մասին։ Իմացա, որ մեր անձնակազմի մի մասը տեղափոխվել էր Ֆրանսիայի դեսպանատան մոտ, քանի որ այնտեղ մարդկանց բազմություն է հավաքվել, և իրավիճակը բավականին լարված է։ Գրիգոր Լուսավորչի փողոցում ամբոխը խափանել էր երթևեկությունը, շարքից դուրս էին բերել տարբեր տրանսպորտային միջոցներ, բարիկադներ էին կառուցել։ Հարձակվել էին նաև մեր զինծառայողների ու ոստիկանների վրա։ Գնալով իրավիճակը ավելի էր սրվում, և անհրաժեշտություն կար նոր ուժեր կենտրոնացնել անկարգությունները կանխելու և մայրաքաղաքում հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Բացի դրանից՝ ըստ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի, մեր անմիջական պարտականություններից է ապահովել հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանությունը ոչ միայն անմիջական անկարգությունների վայրում, այլև Երևան քաղաքի մյուս հատվածներում։

Հաշվի առնելով ոստիկանության զորքերում առկա տրանսպորտային միջոցների սակավությունը՝ ես ՀՀ ոստիկանապետին առաջարկեցի դիմել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը և լրացուցիչ մեքենաներ խնդրել։ Որոշ ժամանակ անց ոստիկանության զորքերի տեղաշարժը ապահովելու համար ժամանեցին պաշտպանության նախարարության տարբեր տրանսպորտային միջոցներ՝ իրենց վարորդներով։ Ներկայումս դրանց ստույգ քանակը չեմ հիշում։

Ավելի ուշ տեղեկացա, որ ցուցարարների հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նրանք պետք է տեղափոխվեն Մատենադարանի մոտ։ Այդ կապակցությամբ որոշվեց Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքից դուրս բերել ոստիկանական ուժերը, սակայն ոստիկանական ուժերը դուրս բերելուց հետո ցուցարարները խախտեցին ձեռք բերված պայմանավորվածությունը և խաղաղ երթով Մատենադարան շարժվելու փոխարեն դիրքավորվեցին Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում՝ ամրապնդելով մինչ այդ կառուցված բարիկադները։ Բացի դրանից՝ Ֆրանսիայի դեսպանատան շինհրապարակից մեծ քանակությամբ քարեր ու ձողեր էին հավաքվել։

Հստակ էր, որ նրանք ոչ միայն չեն պատրաստվում հեռանալ, այլև պատրաստվում էին ակտիվ գործողությունների, նպատակ ունեին մեծացնել զանգվածային անկարգությունների տարածքը։ Ժամը 15-ի սահմաններում, երբ տեղում ոստիկանական ուժերն ավելի էին պակասել, իրավիճակն ավելի էր սրվել։ Անկարգության մասնակիցները հարձակվել էին քաղաքապետարանի շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանների վրա, նույն տարածքում ծառայությանը ներգրավված մարզերից ժամանած ոստիկանական ստորաբաժանումների վրա։ Դաժանաբար ծեծի էր ենթարկվել Գուգարքի բաժնի ոստիկանապետը, հափշտակել էին նրա հաշվեցուցակային ատրճանակը։ Հրկիզվել և ջարդուփշուր էին արվել ոստիկանական մի քանի մեքենաներ։ Անկարգության մասնակիցները նույնիսկ հրշեջ մեքենային թույլ չէին տվել մոտենալ հրկիզված մեքենաներին։

Տեղում տիրող իրավիճակի մասին պարբերաբար տեղեկատվություն էր ներկայացվում ՀՀ ոստիկանությունում ստեղծված շտաբ։ Բացի դրանից՝ ստացվում և վերլուծվում էին օպերատիվ ծառայությունների տրամադրած տեղեկությունները։

ՈԶ ստորաբաժանումները Ֆրանսիայի դեսպանատան մոտից դուրս բերելուց հետո վերադարձվեցին Օպերայի տարածք և տեղակայվեցին այնտեղ։ Կազմակերպվեց զինվորների հանգիստն ու կերակրումը։ Այդ ընթացքում ես մոտեցել եմ իմ ենթակա ստորաբաժանումների սպաներին ու զինվորներին, հրահանգավորում եմ կատարել։ Բացատրեցի, որ չենթարկվեն սադրանքների, չպատասխանեն ցուցարարների կողմից հնչեցվող հայհոյանքներին, դրսևորեն զսպվածություն։

Ժամը 17-ի սահմաններում ՀՀ ոստիկանապետի մոտ կրկին խորհրդակցություն հրավիրվեց։ Արդեն ակնհայտ էր, որ սկսված զանգվածային անկարգությունները մեծ թափ են հավաքում։ Տեղում գտնվող օպերատիվ ծառայություններից ինֆորմացիա ստացվեց, որ անկարգության մասնակիցների մոտ մեծ քանակությամբ զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կային։ Բացի դրանից՝ արդեն իսկ Գուգարքի բաժնի ոստիկանապետից հափշտակել էին նրա հաշվեցուցակային ատրճանակը։ Անկարգության մասնակիցների գործողությունների և ստացված տեղեկատվության վերլուծությամբ պարզ էր, որ նրանք ցանկանում են հարձակումներ գործել ՀՀ նախագահի նստավայրի ու կառավարության շենքերի վրա։ Որոշվեց Մյասնիկյանի արձանի ու քաղաքապետարանի հարակից տարածքներում սկիզբ առած անկարգությունների հետագա զարգացումը կանխել նույն տեղում, քանի որ դրանք տարածվելու դեպքում կարող էին դուրս գալ վերահսկողությունից։

Ժամը 19-ի սահմաններում Գեղամ Պետրոսյանն ինձ զեկուցեց, որ նրա գլխավորությամբ՝ ՈԶ ստորաբաժանումները տեղափոխվել ու տեղակայվել էին Մաշտոց և Գ․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկում։ Ես ոստիկանությունից մեկնեցի նշածս վայր։ Իմ կարգադրությամբ՝ թիվ 1033 զորամասի գումարտակներից մեկը տեղափոխվեց Շահումյանի հրապարակ։ Տեղում մնացին 1031, 1032 և 1033 զորամասերի անձնակազմերը, հատուկ նշանակության ջոկատի մարտիկները։

Կազմված շղթայով փակվել էր Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասը, որպեսզի անկարգության մասնակիցները Երևանի քաղաքապետարանի կողմից չկարողանային առաջանալ դեպի վերև՝ Մաշտոց, Պարոնյան և Պռոշյան փողոցներ։

Զանգվածային անկարգությունների մասնակիցները քարեր, փայտեր, ձողեր ու տարբեր տեսակի հարմարեցված մետաղյա կոնստրուկցիաներ էին նետում զինվորների ուղղությամբ։ Զաքյան փողոցի դիմաց՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցը փակվել էր անկարգության մասնակիցների կողմից, բացի դրանից՝ մեքենաներ էին կանգնեցվել փողոցին ուղղահայաց։

Գեղամ Պետրոսյանն ինձ զեկուցեց, որ զանգվածային անկարգությունների հնարավոր անկանխատեսելի զարգացումները կանխելու, հասարակական կարգը պահպանելու և զինվորների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով, կարգադրել էր հատուկ նշանակության ջոկատից 20 հոգու և 1033 զորամասից 5 հոգու զինել հրազենով։

Փաստացի հրազեն ստացել էին 25 հոգի, որոնցից 24-ը՝ 5,45 տրամաչափի «Կալաշնիկով» ավտոմատներ և 1 հոգի՝ 7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան։ Հատուկ նշանակության ջոկատից 3 հոգի և 1033 զորամասից 5 հոգի ստացել էին անգնդակ փամփուշտներ, ՀՆ ջոկատի 16 մարտիկներ ստացել էին լուսածիրային փամփուշտներ՝ բոլորն էլ 5,45 մմ տրամաչափի։ Դիպուկահարը ստացել էր 7,62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներ։

Գրիգոր Լուսավորիչ փողոցում ՈԶ ստորաբաժանումները տեղակայված էին հետևյալ կերպ․ 1032 զորամասի անձնակազմը շարված էր փողոցի աջ հատվածում և մայթի վրա, նրանից դեպի ձախ շարված էին 1031 զորամասի զինծառայողները, ավելի ձախ շարված էր 1033 զորամասի գումարտակներից մեկի անձնակազմը։ Հատուկ նշանակության ջոկատայինները փակել էին փողոցի ամենաձախ հատվածը և մայթը։ Հատուկ միջոցներով զինված խմբերը տեղակայվեցին անձնակազմի թիկունքում, իսկ հրազենով զինված ենթասպաները շարվեցին ամենահետևում, որպեսզի անմիջական շփման մեջ չմտնեն անկարգության մասնակիցների հետ։ Դիպուկահար Եվգենի Կաչակը մշտապես գտնվել է իմ մոտ, դիտարկմամբ վերահսկել է տարածքը։ Հրազենով զինված անձնակազմը և նրանց հրամանատարները հրահանգավորեցին, որ կարող են կրակել միայն իմ կամ Գեղամ Պետրոսյանի անմիջական հրամանով՝ միայն ու միայն օդ, 70-90 աստիճան անկյան տակ։

Զաքյան-Լուսավորիչ փողոցների խաչմերուկում՝ ՌԴ դեսպանատնից մի փոքր ներքև, 2 կամ 3 հատ ավտոբուսներ կանգնեցվել էին Լուսավորիչ փողոցի երթևեկելի մասին ուղղահայաց, և դրանք բարիկադի դեր էին ծառայում անկարգության մասնակիցների համար։ Պարբերաբար այդ ավտոբուսների հետևից, շենքերի արանքներից ու մուտքերից մարդիկ էին դուրս գալիս, մոտենում էին մեր զինվորների շարքերին, տարբեր առարկաներ էին նետում և փախչում։

Մոտավորապես ժամը 20-ի սահմաններում Զաքյան փողոցի անկյունում կուտակված մարդկանց մոտ ակտիվություն նկատվեց։ Նրանց միջից 2-3 հոգանոց խմբեր էին առանձնանում, մոտենում էին զինվորների շարասյանը, քարեր ու ձողեր էին նետում։ Կոչերով դիմում էին զինվորներին և հորդորում չենթարկվել հրամանատարներին, անցնել իրենց կողմը։ Մեր դիմացից՝ զանգվածային անկարգության մասնակիցների շարքերից սկսեցին կրակոցներ արձակել։ Իմ կարծիքով՝ դրանով նրանք փորձում էին հոգեբանական ճնշում գործադրել զինվորների և սպաների վրա։ Աստիճանաբար ավելանում էր անկարգության մասնակիցների քանակը՝ նշածս ավտոբուսների ու զինվորների միջև ընկած հատվածում։ Անկարգության մասնակիցներն աստիճանաբար ավելի ագրեսիվ էին դառնում, սկսեցին այրող շշեր նետել զինվորների ուղղությամբ։

Անկարգության մասնակիցների առաջխաղացումը կանխելու նպատակով հրաման տվեցի ամբողջ շարասյունով առաջ շարժվել դեպի ՌԴ դեսպանատուն և Զաքյան փողոց։ Նույն համաչափությամբ, այսինքն՝ առջևից զինվորների վահանաշարը, հետևից՝ հատուկ միջոցներով զինվածները և վերջից՝ հրազենով զինվածները, սկսեցինք առաջանալ։ Անկարգության մասնակիցները սկսեցին նռնակներ ու այլ պայթող սարքեր նետել վահանաշարի վրա։ Կարճ ժամանակահատվածում անձնակազմի շարքերում մեծ քանակությամբ զինվորներ վիրավորվեցին, վիրավորվեց նաև 1032 զորամասի հրամանատար Համլետ Մկրտչյանը, նույն զորամասից կապիտան Համլետ Թադևոսյանը։ Զինվորներին հրաման տրվեց «կրիա» մարտակարգ կազմել՝ ավելի շատ կորուստներից խուսափելու և վիրավորներին դուրս բերելու նպատակով։ Անկարգության մասնակիցների կողմից սկսեց ավելի հաճախակի հրազեն օգտագործվել։ Արդեն մութ էր, երևում էին կրակոցից առաջացող բոցերը, լուսածիրային փամփուշտների լույսերը։ Անձամբ իմ գլխավերևով գնդակներ են անցել, որոնց սուլոցները լսվում էին։

Ես և Գեղամ Պետրոսյանը հրաման տվեցինք հատուկ միջոցներ կիրառել, որպեսզի կարողանայինք դուրս բերել վիրավորներին։ Անհրաժեշտ էր վերակարգավորել վահանաշարը։ Հատուկ միջոցների կիրառման խմբերի սպաներն ու ենթասպաները սկսեցին կրակել ԿՍ-23 կարաբիններից, «Կորնետ» և ՍՊՇ ատրճանակներից։ Կրակում էին «Վոլնա-Ռ», «Չերյոմուխա- 4 և 7» փամփուշտներով։ Անկարգությունների մասնակիցների ուղղությամբ նետվեցին հատուկ միջոց հանդիսացող «Զարյա», «Սիրեն» և այլ պայթուցիչներ։

Զինվորների շարքերում վիրավորները բավականին շատ էին, առջևի շարքերն ամբողջությամբ կազմալուծվել էին։ Մի պահ զինվորների մի մասը ընդհանուր շարքից կտրվեց՝ մնացին առաջին գծում։ Զաքյան փողոցից նրանք հարձակման էին ենթարկվում։ Լսվեցին նռնակների պայթյուններ։ Պայթյունի ձայնից և արձակվող ծխից միանշանակ կարող եմ ասել, որ դրանք մարտական նռնակներ էին։

Ելնելով ստեղծված իրավիճակից, այսինքն՝ զինվորների կյանքը փրկելու նպատակով ես հրաման տվեցի վախեցնելու նպատակով հրազեններից օդ կրակել և անկարգության մասնակիցներին հետ մղել, ապահովել անզեն զինվորների նահանջը։ Կարճ կրակահերթերով օդ կրակեցին։ Դա ազդեց անկարգության մասնակիցների վրա, նրանք նահանջեցին և փախան Զաքյան փողոց ու մոտակա այգի։ Զինվորները հնարավորություն ստացան նահանջելու և ընդհանուր զորքին միանալու։ Կարճ ժամանակ անց վերսկսվեց գրոհը մեր ուղղությամբ։ Անկարգության մասնակիցները շարունակում էին հրազեն օգտագործել։ Կրակում էին նաև ավտոմատ զենքերից։

Նահանջի հրաման տվեցի, զորքն ամբողջությամբ սկսեց հետ շարժվել։ Անկարգության մասնակիցների թիվը գնալով ավելանում էր, ավելի շատ քարեր, ձողեր ու այրվող շշեր էին նետում մեզ վրա, նորից նռնակներ գցեցին զինվորների ուղղությամբ։ Ես կրկին հրաման տվեցի օդ կրակել, որպեսզի կարողանայինք ինչ-որ կերպ սաստել անկարգության մասնակիցներին։ Նրանք արդեն համարյա ընդհուպ մոտեցել էին վահանաշարի առաջին շարքերին, անհրաժեշտ էր նրանց հետ մղել։ Անգնդակ և լուսածիրային փամփուշտներով կրկին կրակահերթեր արձակեցինք, սակայն որքան էլ տարօրինակ է, նրանք գնալով ավելի ու ավելի ագրեսիվ էին դառնում։ Քանի որ մեր գնդակները լուսածիրային էին, նրանք պարզ տեսնում էին, որ մեր կրակոցները դեպի օդ էին արձակվում, համոզվել էին, որ իրենց ուղղությամբ չենք կրակում և դրանց ուշադրություն չէին դարձնում։ Մեր կրակոցները դադարեցին ազդել անկարգության մասնակիցների վրա։

Մաշտոց և Զաքյան փողոցների միջնամասում փորձ արվեց փշալարով փակել Գրիգոր Լուսավորիչ փողոցը, սակայն անկարգության մասնակիցները հարձակվեցին փշալարը փռող ՈՒԱԶ մեքենայի վրա։ Վարորդը մի կերպ կարողացավ դուրս պրծնել։ Անկարգության մասնակիցները մեքենան հետ վարեցին, փռած փշալարը ծառայեց իր նպատակին։

Նահանջելով՝ հասանք Մաշտոցի պողոտայի գետնանցման վերևի հատված։ Այդ հատվածը ՈԶ անձնակազմի համար շատ վտանգավոր էր, քանի որ անկարգության մասնակիցների հետ շփման ճակատն ավելի լայնացավ։ Նրանք հարձակվում էին Գրիգոր Լուսավորիչ փողոցից, Մաշտոցի պողոտայի երկու կողմերից։ Նույն ժամանակ Մաշտոցի պողոտայի շուկայի դիմացի հատվածում մեր մեքենաներից մի քանիսն այրվում էին։

Քանի որ այդ մասում վահանաշարը բացվեց, արդեն մի կետից հնարավոր չէր ղեկավարել հատուկ միջոցներով ու հրազենով զինվածներին, ես Գեղամ Պետրոսյանին ու ՀՆ ջոկատի հրամանատարին կարգադրեցի դրանք կիրառելու հրաման արձակել՝ իրավիճակից ելնելով։

2-րդ անգամ փորձ արվեց փշալարով փակել Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասը, սակայն դա էլ չօգնեց։ Անկարգության մասնակիցները տիրեցին նաև այդ մեքենային և թույլ չտվեցին փշալարն ամրացնել։

Առավել մեծ թվով կորուստներից խուսափելու նպատակով ես կարգադրեցի զորքը մտցնել Պարոնյան փողոց՝ անկարգության մասնակիցների հետ շփման ճակատը փոքրացնելու նպատակով։

Վիրավոր զինվորներին ու սպաներին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ հարկ եղած դեպքում նրանց հիվանդանոց կամ հոսպիտալ տեղափոխելու նպատակով սկսեցին մեզ մոտենալ ՈԶ բուժծառայության և քաղաքացիական շտապօգնության մեքենաներ։ Անկարգության մասնակիցները հարձակվեցին ՈԶ բուժծառայության մեքենաներից մեկի վրա ու այն շրջեցին։ Վարորդը կարողացավ դուրս պրծնել անկարգության մասնակիցների ձեռքից։ Նրանք այրվող հեղուկով լցված շշեր գցեցին մեքենայի վրա ու հրկիզեցին այն։ Իմ տեղակալ Արթուր Խաչատրյանը նկատեց, որ բուժքույրը մնացել էր մեքենայում։ Նա մեծ դժվարությամբ կարողացավ դուրս բերել բուժքրոջն ու փրկել նրա կյանքը, իսկ մեքենան ամբողջությամբ այրվեց։ Անկարգության մասնակիցները նույն տեղում հրկիզեցին նաև մի քանի այլ մեքենաներ։

Անկարգության մասնակիցները կուտակվեցին Պարոնյան փողոցի սկզբնամասում և շարունակվում էին հարձակվել մեզ վրա։ Նորից կրակոցներ էին լսվում նրանց կողմից։

Տվյալ պարագայում պետք էր կասեցնել նրանց հետագա առաջխաղացումը դեպի Պռոշյան փողոց, այնտեղից էլ՝ ՀՀ նախագահի նստավայր։ Միաժամանակ անհրաժեշտ էր նաև հնարավորինս չափ զինվորներին հեռացնել անկարգության մասնակիցների հետ անմիջական շփումից։ Այդ նկատառումներից ելնելով՝ իմ հրամանով նահանջեցինք մինչև Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկ։ Նշեմ, որ տվյալ ամբողջ ժամանակահատվածում մեր ուղղությամբ կրակոցներ էին արձակվում անկարգության մասնակիցների կողմից։ Հատուկ միջոցների կիրառումը բավարար ազդեցություն չէր գործում նրանց վրա։ Այլ ելք չկար, զինվորներին պաշտպանելու ու փրկելու համար պարբերաբար օդ կրակելու հրաման էր արձակվում իմ կամ գնդապետ Պետրոսյանի կողմից, որը, թերևս, ինչպես վերը նշեցի, նույնպես արդյունք չէր տալիս։

Քիչ անց, գործողությունների հերթականությունն ըստ կոնկրետ ժամերի չեմ կարող ասել, Պարոնյան փողոցից մեզ մոտեցան ՈԶ ջրցան 2 մեքենաներ։ Զինվորների շարքը բացվեց, մեքենաներն առաջացան։ Ջրցան մեքենաներին չհաջողվեց ամբողջությամբ մարել դրանք, ջուրը վերջացավ։ Դա նկատելով՝ անկարգության մասնակիցներն անմիջապես առաջ շարժվեցին։ Փաստորեն մեքենաների վարորդների ու նրանցում գտնվող անձանց կյանքը վտանգի տակ էր, բացի դրանից՝ անկարգության մասնակիցները կարող էին տիրել ջրցան մեքենաներին։ Ես ստիպված կրկին կարգադրեցի կրակ բացել օդ։ Դրա ազդեցության տակ անկարգության մասնակիցները նահանջեցին, մեքենաները կարողացանք դուրս բերել անվտանգ տարածք։ Կրկին նահանջեցինք մինչև Լեո-Պարոնյան խաչմերուկ։

Այդ ժամանակ անկարգության մասնակիցները փորձ արեցին մեքենաներով գրոհել զինվորների շարքի վրա։ Սկզբում դեպի մեզ սլացավ ոստիկանական ՈՒԱԶ մեքենաներից մեկը, որն անկարգության մասնակիցները գրավել էին փշալարը փռելու ժամանակ։ Այն հարվածեց ճամփեզրի քարերին և կանգնեց՝ մինչև մեր շարասյանը հասնելը։ Վարորդն իջավ մեքենայից ու փախավ։ Դրանից հետո նույն կերպ մեր ուղղությամբ շարժվեցին մեկ ավտոբուս և մեկ բեռնատար մեքենա։ Մեր ուղղությամբ գալու պահին ավտոբուսն արդեն այրվում էր, սրահում բոց կար։ Ավտոբուսը և բեռնատարը կանգնեցվել են ԿՍ-23 կարաբինից «Չերյոմուխա-7» փամփուշտով կրակելու միջոցով։ Միայն այդ երկու դեպքում եմ ես հրաման տվել նրանց կրակ արձակել։ Հրամայել եմ կրակել դիմապակիներին՝ վարորդի կողքը։ Այդ կրակոցներից հետո ավտոբուսի սրահը և բեռնատարի խցիկը ծխով լցվեցին, վարորդներն իջան և փախան։ ԿՍ-23 կարաբինից կրակել են ՀՆ ջոկատի ենթասպաները, սակայն ներկայումս նրանց անվանական նշել չեմ կարող։ Նշեմ նաև, որ ավտոբուսի վարորդը մեքենայից իջնելուց հետո մեր ուղղությամբ վառվող գազի բալոն նետեց և դիմեց փախուստի։ Դա 3 կամ 5 կիլոգրամանոց բալոն էր, սակայն, բարեբախտաբար, կրակը մարեց և պայթյուն տեղի չունեցավ։

Մոտավորապես ժամը 23-ի սահմաններում ինձ տեղեկացրին, որ ՀՀ նախագահի հրամանագրով արտակարգ դրություն էր հայտարարվել։ Հրաման տվեցի ՈԶ բոլոր ստորաբաժանումները տեղակայել Լեո փողոցում։ Ես գտնվում էի շարասյան հետևում՝ դեպի Սարյան փողոց։ Ստորաբաժանումների հրամանատարներն ու սպաները զեկուցում էին վիրավորների մասին։ Շարքից վիրավորները դուրս էին բերվում և տեղափոխվում տարբեր բուժհիմնարկներ։

Անկարգության մասնակիցները Լեո փողոց չմտան։ Նրանց կողմից արձակված կրակոցների ձայները դեռևս լսվում էին։ Պարոնյան փողոցի անկյունում պարբերաբար մարդիկ էին հայտնվում, մեր ուղղությամբ առարկաներ էին նետում ու կրկին թաքնվում։

Լեոյի սկզբնամասում գտնվող «Սվին» խանութի մոտ նռնակ պայթեց։ Ինձ զեկուցեցին, որ մարտական նռնակ է պայթել; Այդտեղ կանգնած 2 մեքենաները բավականին վնասվել էին բեկորներից, սպաներից մի քանիսը բեկորային վնասվածքներ էին ստացել։ Ավելի ուշ ես անձամբ մոտեցա այդ հատվածին և, ելնելով ավտոմեքենաների ու հարակից խանութների վնասվածքներից՝ միանշանակ կարող եմ ասել, որ մարտական նռնակ էր պայթեցվել։

Նռնակի պայթյունից մի քանի րոպե անց կրակոց լսվեց։ Զինվորների կանգնած տեղում՝ ինձնից մի քանի մետր առաջ, իրարանցում տեղի ունեցավ, օգնության կանչեր էին լսվում։ Շարքում կանգնած զինվորներից մեկը պարանոցի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել։ Դա 1033 զորամասի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանն էր։ Անմիջապես կազմակերպվեց զինվորի տեղափոխումը հիվանդանոց, որի կյանքը, սակայն, չհաջողվեց փրկել։

Ես կարգադրեցի զինված ենթասպաներին կանգնեցնել զինվորների շարքի առաջ և դիտարկում անել։ Նույն պահին կանչեցի դիպուկահար Եվգենի Կաչակին և հրաման տվեցի դիտարկում կատարել, զինված մարդ տեսնելու դեպքում նշանառու կրակ բացել։

Դրանից որոշ ժամանակ անց նորից կրակոցի ձայն լսեցի։ Չեմ կարող ասել, թե քանի րոպե անցավ։ Ինձ մոտեցան ՀՆ ջոկատի հրամանատարը և ենթասպա Եվգենի Կաչակը։ Վերջինս զեկուցեց, որ Պարոնյան-Լեո փողոցների անկյունում զինված մարդ է տեսել, որը պատի անկյունից զենքն ուղղել է զորքի ուղղությամբ՝ պատրաստվելով կրակել։ Կաչակը կրակել էր նրա վրա և ոտքից վիրավորել։ Իմ հրամանով՝ մի քանի սպաներ առաջացան Կաչակի մատնանշած տեղը, բայց այնտեղ արդեն ոչ ոք չկար։

Մարտի 2-ի առավոտյան, ժամը 05-ից 06-ի սահմաններում, տագնապի ավարտ հայտարարվեց։ Անձնակազմը տեղափոխվեց զորամասեր։

Առաջադրված բանավոր հարցին պատասխանում եմ, որ 1033 զորամասի և ՀՆ ջոկատի զինծառայողները հրազեն ստացել են ՈԶ շտաբի պետի կարգադրությամբ։ Հրազենի օգտագործման հրամանները սկզբում ես եմ տվել, այնուհետև՝ գնդապետ Պետրոսյանին և Բագրատ Խաչատրյանին թույլատրել եմ իրավիճակից ելնելով հրամաններ արձակել։ Զենքերի, զինամթերքի և հատուկ միջոցների ստացման ու օգտագործման վերաբերյալ կատարվել են ծառայողական քննություններ, որոնք առգրավվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից։

Առաջադրված հաջորդ բանավոր հարցին պատասխանում եմ, որ դիպուկահարի տեղում գտնվելու հանգամանքը կարող եմ բացատրել հետևյալով․ զանգվածային անկարգությունների կանխմանն ու խափանմանն ուղղված գործողություններում ընդգրկված պահակախմբերի և զինվորական վերակարգերի կազմում զինծառայողների ծառայությունը համարվում է մարտական ծառայություն։ Այդպիսի դեպքերում զինված ստորաբաժանման կազմում դիպուկահարի ներկայությունը պարտադիր է։

Ցանկանում եմ անդրադառնալ մի քանի հանգամանքների։ Ես արդեն շուրջ 18 տարի է, ինչ ծառայում եմ ոստիկանության համակարգում, 8 տարի ղեկավարում եմ ՀՀ ոստիկանության զորքերը։ Նաև մասնակցել եմ ՀՀ սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման մարտական գործողություններին։ Բավարար փորձ ունեմ զինված խմբավորումների հետ շփվելու հարցում։ Տիրապետում եմ զենքի կիրառմանը, միաժամանակ կարող եմ նաև հստակ պատկերացնել, թե իմ կամ իմ ստորաբաժանման դեմ ինչ զենք է օգտագործվում, ինչ նպատակով և ինչ տակտիկա է կիրառվում։ Մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցները գործում էին խիստ կազմակերպված և որոշակի նպատակադրմամբ։ Նրանք միանշանակ ցանկանում էին անցնել Պռոշյան փողոց, որտեղից հեշտությամբ կարող էին հարձակվել ՀՀ նախագահի նստավայրի, կառավարական ամառանոցների և Ազգային ժողովի վրա»:

Հիշեցնենք, 2017թ. ապրիլի 29-ին Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դի՝ մարմնական վնասվածքների հետքերով։ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել էր տուժողի ինքնությունը, ով  ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի, 05.11.1970թ. ծնված Եվգենի Ալեքսանդրի Կաչակն է։