Մատենադարանը հրատարակել է Ներսէս Շնորհալու չափածո երկերի հատորը
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԻԱ հատորը, որ ներկայացնում է ԺԲ դարի նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ, երգահան, փիլիսոփա և մեկնիչ սուրբ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ հայրապետի մատենագրական ժառանգության չափածո երկերի հատորը։
Շնորհալու չափածո երկերի՝ շուրջ 200 տարի առաջ (1828 թ.) Վենետիկում հրատարակված ժողովածուի համեմատ սույն հրատարակության մեջ ամփոփված են Շնորհալու բոլոր չափածո ստեղծագործությունները՝ նոր քննական-համեմատական բնագրերով։
Հատորը բացվում է Ներսէս Շնորհալու կյանքին և գործունեությանը նվիրված առաջաբանով, որը հեղինակել է Ազատ Բոզոյանը։
Հատորում ընդգրկվել են հայ բանասիրության երախտավորների՝Ասատուր Մնացականյանի («Հանելուկներ»), Արմենուհի Քյոշկերյանի («Տաղեր և գանձեր») և Մանիկ Մկրտչյանի («Վիպասանություն», «Ողբ Եդեսիոյ») շնորհալիագիտության մեջ կատարած հիմնարար աշխատանքները։
Առաջին անգամ նոր համեմատական բնագրերով ներկայացված են «Յիսուս Որդի», «Բան հաւատոյ», «Յաղագս երկնի եւ զարդուց նորա», «Գովեստ բանի ներբողական բացասացութեամբ ասացեալ Ներսէսի սրբազան կաթուղիկոսին Հայոց եւ տիեզերական լուսաւորչին յաղագս տաւնի գերագունիցն էութեանց հրեշտակապետացն սրբոց՝ Միքայելի եւ Գաբրիելի եւ ամենայն երկնայնոց զաւրութեանցն, զոր տաւնեն եկեղեցիք Քրիստոսի ընդ տիեզերս համախմբեալք ուրախութեամբ ի յութն նոյեմբերի ամսոյ», «Տեառն Ներսիսի չափաբերական բանիւ մաղթանք առ սուրբ հրեշտակապետսն Միքայէլ եւ Գաբրիէլ եւ ամենայն հրաբուն եւ երկնային սուրբ զաւրութիւնսն. տեառն Ներսեսի մաղթանք առ սուրբ հրեշտակսն» (բնագրերը պատրաստեց Գուրգեն Գասպարյանը)։
Մանուկների համար գրված չափածո թղթերի ու խրատերի համեմատական նոր բնագրերը պատրաստել են Մատենադարանի աշխատակիցներ Գոհար Մուրադյանը և Ռուզան Պողոսյանը։
«Ներբողեան կենսատու սուրբ խաչին առ ի սրբոյ հաւրէն մերմէ Դաւթէ ասացեալ. տեառն Ներսիսի կաթուղիկոսին մերոյ փոխադրեալ յոտանաւոր չափս եւ աստանաւր եդաւ» երկի համեմատական նոր բնագիրը պատրաստել է Արմինե Մելքոնյանը։
Շնորհալի հայրապետի շարականների և ժամերգության երգերի համեմատական նոր բնագրերը պատրաստել է Մատենադարանի աշխատակից Խաչիկ Հարությունյանը։
«Հաւատով խոստովանիմ» աղոթքի համեմատական նոր բնագիրը պատրաստել է Մատենադարանի աշխատակից Արփինե Ավետիսյանը։
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ