Մեղադրյալ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 12-ին, հաղորդել է Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:
«Դատական նիստը տեղի է ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ժամը 13:00-ին»,- ասաց Խաչատրյանը:
2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը ավելի վաղ մասնակի բավարարել էր մեղադրյալ Ռ.Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը։