«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Մեսրոպ Հարությունյան. «ԵԽԽՎ բանաձևի թմբակահարումն ու իրականությունը»

Մեսրոպ Հարությունյան. «ԵԽԽՎ բանաձևի թմբակահարումն ու իրականությունը»

Ալիք Մեդիա. «Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ 2022 թվականի հունվարի 27-ին, ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, «աշխարհացունց» մի իրադարձություն կատարվեց, ինչի մասին նա՝ Ռուբինյանը, խրոխտ պիոներական (կամ կոմերիտական) ոճով ավետեց հետեւյալ կերպ.
«ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը: Բանաձևի տեքստում հայկական պատվիրակության առաջարկած բոլոր փոփոխություններն ընդունվեցին, ադրբեջանական պատվիրակության բոլոր առաջարկածները՝ մերժվեցին:Քննարկման ընթացքում համազեկուցողները և մյուս ելույթ ունեցողները շատ բարձր գնահատեցին Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհն ու բարեփոխումները»:

...Դե իսկ հիմա նայենք թե ինչ է ասում բուն բանաձեւը (բանաձեւի անգլերեն տեքստը՝ այստեղ։ Քանի որ բանաձեւի պաշտոնական հայերեն թարգմանությունը չկա, մենք կներկայացնենք միայն ձեւակերպումների իմաստը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ։

Խոսքի, լրատվամիջոցների եւ տեղեկատվության ազատությանն են վերաբերում բանաձեւի 22, 23 եւ 24-րդ կետերը։

22-րդ կետում (կրկնեմ՝ ոչ բառացի թարգմանություն է, փոխանցում եմ իմաստը) Վեհաժողովը նշում է, որ թե՛ կեղծ տեղեկատվության տարածման, թե՛ կորոնավիրուսի համաճարակի համատեքստում խուճապ առաջացնող հրապարակումների ու ռազմական դրությամբ սահմանված սահմանափակումների առնչությամբ իշխանությունները հակված էին կտրուկ միջոցներ ձեռնարկելու, որոնք ակնհայտորեն չափազանցված էին (ընդգծումն իմն է – Մ. Հ.)։

Բանաձեւի 23-րդ կետում, նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր Հայաստանը բախվում է ապատեղեկատվության եւ ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, Վեհաժողովն արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունները դրան արձագանքեցին՝ բարձրացնելով վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցումների վերին շեմը, քրեականացնելով «ծանր» վիրավորանքն ընդհանրապես եւ տուգանքներ ու կալանք նախատեսելով, երբ այն կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։

Եվ վերջապես, ամենակարեւորը՝ 24-րդ կետում Վեհաժողովը, վերահաստատելով իր դիրքորոշումը, որ զրպարտությունն ու վիրավորանքը չպետք է քրեականացվեն, իշխանություններին կոչ է անում ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության եւ 8-րդ հոդվածով նախատեսված անձնական կյանքի իրավունքի միջեւ հավասարակշռությունը, ապահովել, որ վիրավորանքի եւ զրպարտության համար պատիժների մասին օրենսդրությունը կիրառվի միատեսակ, որպեսզի այն կամայական կերպով չօգտագործվի անհատների և լրատվամիջոցների դեմ։

Կարծում եմ՝ մեջբերվածները բավական են հասկանալու համար, որ «աննախադեպերի» իշխանության կարկառուն ներկայացուցիչը նույնիսկ այս դեպքում է կեղծում ու թաքցնում իրականությունը՝ մոռանալով, որ հիմա 21-րդ դարն է, եւ մկնիկի կոճակի մի սեղմումով կարելի է գտնել ու կարդալ ցանկացած փաստաթուղթ, ընդ որում՝ կարդալ ինչ լեզվով էլ այն գրված լինի՝ անգլերենով, պոլինեզերենով, մալագաշերենո՞վ, թե՞ ՔՊ-ական աքացի տվողների պաշտած փողոցային ժարգոնով։

Հ. Գ. Ես, իհարկե, շատ ավելի խիստ կարծիք ունեմ վերջին երկու տարում խոսքի եւ լրատվամիջոցների ազատության ոլորտում Հայաստանում առկա (իրենց սիրած բառով ասեմ) աննախադեպ հետընթացի մասին։ Կարծում եմ, կլինեն իսկապես անկախ փորձագետներ, որ առաջիկայում կվերլուծեն ամբողջ դաշտն ու ներկա իրավիճակը եւ կառաջարկեն լուծումներ։ Սակայն կասկածում եմ, թե փաշինյանական ռեժիմը կընդունի դրանք։ Սխալվեցի, չեմ կասկածում, համոզված եմ, որ չի ընդունի։ Բռնապետության գնացողներին պետք չեն իրենց քննադատող ազատ լրատվամիջոցներ եւ ազատ խոսք ընդհանրապես։ Ապացո՞ւյց, խնդրեմ՝ Ալեն Սիմոնյանի բազմաթիվ դատական հայցերն իր հասցեին ամեն մի քննադատության առիթով եւ Նիկոլ Փաշինյանի՝ խմբագրված ու գրաքննված հարցերով «սուսուլիսները»։

Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում