«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Մեսրոպ Հարությունյան. Քարոզչություն քարոզարշավից առաջ

Մեսրոպ Հարությունյան. Քարոզչություն քարոզարշավից առաջ

aliqmedia.am. «...Այ, հիմա տեղին է հիշել, որ տարիներ առաջ, երբ ներկա իշխանությունը ընդդիմություն էր, բողոքում էր, թե իշխող կուսակցությունը պաստառներ է փակցնում եւ, ըստ էության, նախընտրական քարոզչություն է սկսել մինչ քարոզչության պաշտոնական մեկնարկը։ Այն ժամանակ ԿԸՀ նախագահ Մուկուչյանն էլ իրեն բնորոշ անվրդով դեմքով ասում էր, թե դա քարոզչություն չէ, որովհետեւ, ըստ Ընտրական օրենսգրքի, նախընտրական քարոզչություն է կոչվում միայն սահմանված ժամանակաշրջանում քարոզչությունը։ Մուկուչյանը հիմա էլ հայտարարում է, թե դա խախտում չէ, եւ իրենք խախտումները կարող են արձանագրել միայն քարոզչության պաշտոնական մեկնարկից հետո։

Եվ ահա, նախկինում ընդդիմություն, իսկ հիմա իշխող կուսակցությունն իր կարգախոսով պաստառները մի ամիս է փակցրել է ամենուր, դրա ղեկավարը քարոզչություն է անում մարզերում եւ մայրաքաղաքի կուսակցական գրասենյակներում, բայց, կարծես, առանձնապես չի նեղվում, որ քարոզչություն է սկսել դեռ նախընտրական քարոզչության մեկնարկից շատ առաջ։ Էլ չենք ասում, որ մարզեր է գնում հարկատուներիս հաշվին՝ շարասյունով, պահակախմբով եւ այլն, բայց ոչ թե իր անմիջական վարչապետական պարտականությունները կատարելու, այլ կուսակցական քարոզչության համար։

Սա վարչական ռեսուրսի չարաշահում չէ՞։

Օրենսդրական բացից օգտվում են նաեւ փող ունեցող կուսակցությունները։ Ընդամենը որոշակի գումարով գնում են գովազդային վահանակ եւ տեղադրում իրենց գովազդը։ Կամ գնում են հանդիպումների եւ նախընտրական քարոզ անում։ Դա արգելված չէ ոչ մի օրենքով։ Իսկ այն, ինչ արգելված չէ, թույլատրվում է։

Տարիներ առաջ, այս խնդիրը նկատի ունենալով, մենք առաջարկում էինք արգելել քաղաքական գովազդը ընտրություններ հայտարարվելու օրվանից մինչեւ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը։ Կարկառուն իրավաբանները մեզ ասացին, թե չեն կարող ոտնահարել քաղաքական գովազդ տարածելու կուսակցությունների իրավունքը։ Իսկ որ 4-5 կուսակցության իրավունքը չոտնահարելու պատճառաբանությամբ ոտնահարվում է մյուս՝ ֆինանսական հնարավորություններ չունեցող 15-20 քաղաքական ուժերի քարոզչության իրավունքը եւ նրանց դնում անհավասար պայմաններում, իրավաբաններին չէր մտահոգում։
Եվ ահա, ստացվում է, որ այդ «արգելված չէ»-ից օգտվում են միայն իշխանությունը եւ փող ունեցողները, իսկ տուժում են մեծ ֆինանսական միջոցների չտիրապետող քաղաքական ուժերը, որոնք սպասում են նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկին, որպեսզի օգտվեն հանրայինի անվճար եթերաժամանակից՝ իրենց քարոզչությունն անելու համար։

Ճար չունեն...»:

Լրագրող, փորձագետ. Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ aliqmedia.am-ում