«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՄԻԵԴ-ը վերջնաժամկետ է սահմանել Ադրբեջանում պահվող գերիների մասին տեղեկատվություն ներկայացելու համար

ՄԻԵԴ-ը վերջնաժամկետ է սահմանել Ադրբեջանում պահվող գերիների մասին տեղեկատվություն ներկայացելու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև դեկտեմբերի 4-ը, իր տարածքում պահվող գերիների մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացելու վերջնաժամկետ է սահմանել Ադրբեջանի համար, երեկ առցանց քննարկման ժամանակ հայտարարել է ՄԻԵԴ ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը։

Վերջին տվյալներով, ադրբեջանական գերության մեջ առնվազն 60 զինծառայող և 40 քաղաքացիական անձինք են պահվում։ Հայկական կողմն, ընդհանուր առմամբ, ավելի քան 50 գերիների հարցերով է դիմել Եվրադատարան, դրանցից երկու տասնյակն ուղարկել է Եղիշե Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակը։ 30 գերու համար էլ ստրասբուրգյան դատարան դիմումներ են ուղարկել իրավապաշտպաններ Սիրանույշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը։

«Երկրորդ անգամ դիմեցինք նոյեմբերի 11-ի դեպքի վերաբերյալ, և արդյունքում մենք ունենք մեկ միջանկյալ միջոց կիրառելու որոշում կոնկրետ 9 զինվորականների մասով, որով նաև ժամանակ է տրվել Ադրբեջանի կառավարությանը ներկայացնելու մանրամասն տեղեկատվություն իր մոտ պահվող այդ անձանց առողջական վիճակի, պահման պայմանների և այլ մանրամասների վերաբերյալ։ Ժամկետները, ցավոք սրտի, Ադրբեջանը բազմիցս խախտել էր, և ընդհանրապես պատերազմի ընթացքում իրենք, մեղմ ասած՝ արհամարհական վերաբերմունք էին դրսևորում դատարանի ցանկացած պահանջին։ Եվ նաև դա էր արդյունքը, որ դատարանը որոշում կայացրեց միջանկյալ միջոցը կիրառելու, քանի որ դատարանի կողմից ներկայացված տեղեկատվություն տրամադրելու պահանջները պարբերաբար անտեսվում էին», - ասաց Կիրակոսյանը։

Համացանցում պարբերաբար տեսանյութեր են հայտնվում, որոնցում նույնականացվում են հայ ռազմագերիները։ Դրանցում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները նվաստացնում, բռնության են ենթարկում նրանց։ Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ գերիների նկատմամբ նման վերաբերմունքը վկայում է պատերազմական հանցագործության մասին, և որ Եվրադատարան ուղարկվող դիմումները որոշ առումով զսպող մեխանիզմներ են Ադրբեջանի համար։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարևորում է նաև պաշտոնական Բաքվի վարքագծի մասին միջազգային կառույցներին պարբերաբար իրազեկելը՝ շեշտելով էթնիկ հողի վրա իրականացվող բռնությունները։ Ղազարյանը շեշտում է՝ միջազգային ատյաններում պետք է բարձրացնել նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մաս կազմող Հադրութի օկուպացման հարցը։․ - «Որ Ադրբեջանը վարել է անարդարացի պատերազմ, անօրինական պատերազմ։ Այս փաստարկը ապագայում մեզ շատ է պետք գալու, որպեսզի մենք առաջ տանենք մեր վեճերը տարբեր դատարաններում։ Ընդհուպ մինչև Հադրութի, Ղարաբաղի տարածքի դեօկուպացիայի հարցը, որը, կարծում եմ, սկսած մոտ ապագայից արդեն կբարձրացվի։ Խոսքը չի վերաբերում մյուս յոթ տարածքներին, այլ կոնկրետ այն տարածքները, որոնք Ղարաբաղը հայտարարել է որպես հանրային իրավունքի ուժով անկախ տարածք 1991 թվականի անկախության հանրաքվեում, որի օրինականությունը դեռ ոչ մի երկիր, միջազգային իրավունքի սուբյեկտ դեռ կասկածի տակ չի դրել»։

Բացի Եվրադատարանից, հայկական կողմը պետք է ակտիվորեն աշխատի նաև միջագային այլ կառույցների, մասնավորապես Արդարադատության միջազգային՝ Հաագայի դատարանի հետ, կարծում է միջազգային իրավունքի մասնագետը։

Հաագայի դատարանը ՄԱԿ-ի հիմնական դատական մարմինն է։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վավերացրել են Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիան, ինչը նշանակում է, որ երկուսն էլ կարող են դիմել Հաագայի դատարան։ Սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի իրավապահները պետք է գործողություններ ծավալեն նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ քրեական հետապնդում հարուցելով համացանցում տարածված տեսանյութերում հայ գերիներին խոշտանգող ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ․ - «Օրինակ, այն անձը, որը հաճախ է երևում վիդեոներում, նա կատարում է հանցագործություն և՛ Ադրբեջանի ներպետական քրեական օրենսգրքի համաձայն, վստահ եմ, և՛ միջազգային քրեական իրավունքի։ Թեկուզ առնվազն այդ անձի և մնացած տարբեր, որ Հայաստանի Հանրապետության տարբեր մարմինները պարզած կլինեն, այդ անձանց նկատմամբ կարելի է սկսել քրեական հետապնում։ Որովհետև ադրբեջանցիները, չունենալով հիմք, դա անում են, մենք, ունենալով հիմք, պարտավոր ենք դա անել»։

Այն, ինչի մասին բարձրաձայնում է հայկական կողմը, տեղ է գտել նաև միջազգային Human Rights Watch-ի զեկույցում։