ՄԻՊ-ի դիմումով հակասահմանադրական են ճանաչվել Կառավարության որոշման դրույթներ
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով Սահմանադրական դատարանը վերջերս հակասահմանադրական է ճանաչել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ սահմանվող մի շարք դրույթներ։
Դիմումում Պաշտպանի աշխատակազմը մանրամասն վերլուծել է, որ ՀՀ հարկային օրենսգիրքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում՝ այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ որում՝ օրենքը չի նախատեսում դրանում կիրառված եզրույթների բացահայտումը Կառավարության որոշմամբ՝ հակասություններ առաջացնելով որոշակիության սկզբունքի հետ: Միևնույն ժամանակ պարզվել է, որ ստեղծված իրավիճակում խնդիր է առաջանում գործարար կազմակերպության սեփականության իրավունքի իրացման՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների տեսանկյունից:
Հաշվի առնելով դիմումով բարձրացված խնդիրը՝ Սահմանադրական դատարանը գտել է (ՍԴՈ-1436 որոշում), որ վիճարկվող կարգավորումների արդյունքում ոչ իրավաչափ կերպով միջամտություն է տեղի ունենում սեփականության իրավունքին։ Նշվել է նաև, որ հարկի բովանդակությունը և հարկային պարտավորության ծավալները պետք է սահմանվեն օրենքով, իսկ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հարկային պարտավորությունը կհամարվի օրենքին համապատասխան սահմանված, եթե ոչ միայն զուտ ձևական առումով այն ամրագրվի օրենքով, այլև դրա բովանդակությունը կազմող տարրերն իրենց ամբողջական արտացոլումը գտնեն օրենքում:
Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ շահութահարկ վճարողների համար հարկվող շահույթը համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունն է, ընդ որում, եթե համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները, իսկ հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում եկամուտները և ծախսերը, ապա «եկամուտ չհամարվող տարրերը» և «ծախս չհամարվող տարրերը» չեն հաշվառվում և չեն արտացոլվում հարկային մարմին ներկայացվող շահութահարկի հաշվարկներում։
Միևնույն ժամանակ, Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի մայիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին՝ խուսափելու համար պետության կամ հանրության համար այնպիսի ծանր հետևանքների առաջացումից, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ իրավական ակտի վերացմամբ հաuտատվելիք իրավական անվտանգությունը: