Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մի շարք զինծառայողներ առաջիկայում կպարգևատրվեն` կոլեկտիվ կերպով հաղթանակի հասնելու համար։
«ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գերազանց կերպով համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը։ Դրանից հետո ականապատել եմ դիրքը և բարեհաջող դուրս են եկել տարածքից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հաջողված գործողության կազմակերպման ու իրականացման համար՝
մայոր Հովիկ Միրզոյանը, կապիտաններ Արմեն Անդրյանը, Շանթ Հայրապետյանը, Դավիթ Հայրապետյանը, Կորյուն Սողոմոնյանը, ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը, շարքայիններ Սամվել Իսախանյանը, Ալիկ Շավերշյանը, Սուրեն Խաչատրյանը, Նորիկ Խաչատրյանը, կրտսեր սերժանտներ Կարեն Պետրոսյանը, Անդրանիկ Արամյանն ու Ալբերտ Ֆարմանյանը, աշխարհազորայիններ Թելման Գաբրիելյանը, Սեյրան Ավագիմյանը, Վարուժան Մանասյանը, Էրիկ Աղաջանյանը և պահեստազորի գնդապետ Մանվել Գրիգորյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով:
Միաժամանակ, շարունակում են պատրաստության գերազանց մակարդակ դրսևորել նաև ՊԲ-ի հակաօդայինները: Զորատեսակի ներկայացուցիչներից կրտսեր սերժանտ Արամ Աբաղյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սիմոնյանը և շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, շարքից հանելով թշնամական 4 ԱԹՍ, ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:
Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։
Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։
Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել։
Նշվում է նաև, որ տղաները շարունակում են գործել մարտագծի ամենատարբեր հատվածներում և ամեն օրվա արդյունքներով բազմապատկել թշնամական կորուստների քանակը: