ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը. զոհեր ու վիրավորներ կան

Երեկ՝ փետրվարի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Գոռ Մ.-ն իր վարած ՈՒԱԶ մակնիշի ՀՀ Պաշտապնության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենայով ճանապարհի ուժեղ բքի և մերկասառույցի պատճառով Սև լիճ տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլորվելով հայտնվել է ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գոռ Մ.-ն, ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Զաքար Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Զորանդ Ա.-ն և Երևանի բնակիչ 39-ամյա Զորակ Ե.-ն տեղում մահացել են:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահածացներից Զորանդ Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ է, Զորակ Ե.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորմասում՝ գումարտակի հրամանատար, կոչումով փոխգնդապետ է, իսկ վարորդ Գոռ Մ.-ն և վիրավոր Զաքար Զ.-ն ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես ժամկետային զինծառայողներ:
Լրացում.
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է.
«Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:
2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն:
Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետևանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են»: