Այսօր ոչ ոք լիազորված չէ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Հայաստանը լիովին հակված է Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը և կարևորում է բանակցային գործընթացի արդյունավետ լինելը: Այսօր ոչ ոք օժտված չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բանակցություններում ներկայացնելու լիազորությամբ և լեգիտիմությամբ»,- գրել է ՀՀ վարչապետը:
«Ես պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի հետ, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետեւ համոզված եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան,որքան Հայաստանի ժողովուրդը»,- գրել է Փաշինյանը:
Ավելի վաղ, այսօր՝ մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ունեցած իր ելույթում Փաշինյանը շեշտել է.
«Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում, և ուրեմն՝ Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ: Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություններում»: