«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Փաշինյանը լռության է մատնում կարևոր կետերը. Լևոն Զուրաբյանը` Ալմա Աթայի հռչակագրի մասին

Փաշինյանը լռության է մատնում կարևոր կետերը. Լևոն Զուրաբյանը` Ալմա Աթայի հռչակագրի մասին

ՀՀ իշխանությունները շահարկում են Ալմա Աթայի հռչակագիրը, որպեսզի իրենք իրենց ազատեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության լուծման պատասխանատվությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ալմա Աթայի հռչակագիրը Երևանի և Բաքվի բանակցությունների համատեքստում առաջին անգամ հիշատակվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության մեջ, որն ընդունել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները` Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ: Այնուհետև այն հիշատակվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Սոչիի հայտարարության մեջ։

Լևոն Զուրաբյանը, որը փաստաթղթի ստորագրման և վավերացման պահին եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգնականը, առաջարկում է հռչակագիրը դիտարկել երկու տեսանկյունից` իրավական և քաղաքական։

Հայաստանի վերապահումները վավերացման ժամանակ

Հռչակագիրն ինքնին, Զուրաբյանի խոսքով, կրկնում է Բելովեժյան համաձայնագրերը (ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիր, 1991թ. դեկտեմբերի 8) այն տարբերությամբ, որ բացի Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից այն ստորագրել են նաև նախկին ԽՍՀՄ-ի այլ երկրներ:

Բելովեժյան համաձայնագրերի ստորագրման արդեն հաջորդ օրը Հայաստանը, ի դեմս առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հայտարարեց ԱՊՀ-ին միանալու իր նախաձեռնության մասին։ Հենց այդ պատճառով էլ Երևանը ստորագրեց Ալմա Աթայի հռչակագիրը (1991թ.դեկտեմբերի 21-ին)։

Դրանից հետո ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրն ուղարկվեց Հայաստանի Գերագույն Խորհրդին (ԱԺ-ի) վավերացման համար։
«Վավերացման ժամանակ (1992 թ.-ի փետրվարի 18-ին) Հայաստանի Գերագույն խորհուրդը 10 վերապահում է ընդունել։ 10-րդ դրույթի համաձայն` ԱՊՀ-ն բաց կլինի ոչ միայն նախկին խորհրդային հանրապետությունների, այլև նախկին ԽՍՀՄ ինքնավարությունների համար, որոնք դեռևս մինչև Խորհրդային Միության գոյության դադարեցման մասին հռչակագիրը (1991թ.-ի դեկտեմբերի 26) անկախության համաժողովրդական հանրաքվեներ են անցկացրել»,-ասաց Զուրաբյանը։

Նշենք, որ Հայաստանի Գերագույն խորհրդի 10-րդ վերապահման մեջ մասնավորապես ասվում է. «Համաձայնագրի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախության հռչակման վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:

Զուրաբյանի խոսքով` գրեթե միակ ինքնավար կազմավորումը (հանրաքվե է եղել նաև Մերձդնեստրում` խմբ.), որը համապատասխանում էր այդ բնութագրմանը, ԼՂԻՄ-ն էր, որն այդ ժամանակ արդեն հայտարարել էր իր անկախության (1991թ.-ի սեպտեմբերի 2-ին) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման մասին:
«Հայաստանը 1992 թվականին վավերացրեց Ալմա Աթայի հռչակագիրը` պարզ և հստակ ներդնելով այն ուղերձը, որ ԼՂՀ-ն կարող է և պետք է միանա ԱՊՀ-ին որպես անկախ պետություն»,-նշեց Զուրաբյանը:

Հատկանշական է, որ տարածքային ամբողջականության հետ մեկտեղ հենց Ալմա Աթայի հռչակագրում նշվում է նաև ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Զուրաբյանի խոսքով` սկսած 1975թ.-ի Հելսինկյան համաձայնագրերից այն սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվել է Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը, համարվում են համարժեք: Սկզբունքներից և ոչ մեկը չի կարող առաջ մղվել մյուսի ոտնահարման հաշվին։
«Քանի որ Ալմա Աթայի հռչակագրում խոսվում էր ինքնորոշման սկզբունքի մասին, բայց առանց նշելու, թե ինչին է դա վերաբերում (իսկ դա երկիմաստ ընկալման հնարավորություն է տալիս), ապա առաջին և երրորդ վերապահումներում Հայաստանի Գերագույն խորհուրդն այդ բառերը փոխարինել է «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքով» բառերով,-ասաց Զուրաբյանը:

Իշխանությունները փորձում են թեքել սլաքները

Չնայած ինքնորոշման իրավունքին վերաբերող վերապահումներին` Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շրջանակներում, Զուրաբյանի խոսքով, քաղաքական կոնտեքստով «հնչեց»։ Հիմա Բաքուն Հայաստանից պահանջում է ճանաչել հենց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Եթե այդ համաձայնագիրը ստորագրվեր հիմա, ապա կստացվեր, որ առաջին անգամ ԼՂ հակամարտության լուծման համատեքստում Հայաստանը համաձայնում է, որ այն պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»,-ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ փոխնախագահը կարծում է, որ դա հաշվի առնելով և իր հասցեին քննադատություններից խուսափելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայակոչում է հռչակագիրը` փորձելով տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վաղուց է համաձայնել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն Ղարաբաղյան հակամարտության համատեքստում։

Առաջին նախագահի նախկին օգնականն ու խոսնակն այս ամենը հնարք ու խաբեություն է անվանում։ Իշխանությունները, նրա խոսքով, ավելի մեծ հարգանքի կարժանանային, եթե բացահայտ հայտարարեին, որ նման քայլ առաջին անգամ է արվում։
«Սա Փաշինյանի վարչակազմի հորինած հնարքն է` սեփական ժողովրդին խաբելու և հանրային կարծիքը փոխելու նպատակով»,-նշեց նա։
Իսկ Ադրբեջանի համար, Զուրաբյանի կարծիքով, միևնույն է` խաղաղության պայմանագրում հղում կլինի Ալմա Աթայի հռչակագրին, թե ոչ, նրա համար կարևոր է տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա որոշումը։ Պրահայում այդ մասին քաղաքական որոշում Հայաստանը կայացրել է։

Դրա հետ մեկտեղ տպավորություն է, որ այն վերապահումները, որոնցով Երևանը վավերացրել էր հռչակագիրը 1991 թվականին, Հայաստանի ներկայիս իշխանությունների համար պարզապես գոյություն չունեն։
«Դրանք լռության են մատնվում, խոսվում է միայն Ալմա Աթայի հռչակագրի տեքստի և տարածքային ամբողջականության մասին։ Իրավական տեսանկյունից Երևանը պետք է վերանայի Գերագույն Խորհրդի վերապահումները, Փաշինյանը պարտավոր է փոփոխությունների նախագծով գնալ խորհրդարան»,- ընդգծեց Զուրաբյանը։ Եթե նա դա չանի, ապա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու ոչ մի օրինական հիմք նա չի ունենա։

Ավելին, Զուրաբյանի խոսքով` իշխանությունները ստիպված կլինեն վերանայել Գերագույն Խորհրդի նաև մեկ այլ որոշում, որը Հայաստանի գործադիր իշխանություններին արգելում էր ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը Լեռնային Ղարաբաղը կճանաչի Ադրբեջանի կազմում:
Սակայն հռչակագիրն օգտագործվում է բացառապես քաղաքական նպատակներով։ Այդ պատճառով էլ Զուրաբյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները, որոնք հաճախ իրավունքի պահանջներով չեն առաջնորդվում, կփորձեն Ղարաբաղյան հակամարտության «լուծման» ճանապարհին գլուխ հանել առանց այդ փաստաթղթերի վերանայման։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: