Պաշտոնանկության սկիզբը դրվեց. «ՉԻ»
Հայ Ազգային Կոնգրեսը կոչով դիմել է ՀՀ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
«Այն, որ ՔՊ-ն Ալեն Սիմոնյանի մազն անգամ չի ծռի առանց շեֆի հրահանգի, դա մեկից մեկ է: Շեֆն էլ այսպես է մտածում. ախպեր ջան, բա որ ես սրան թքելու համար պաշտոնանկ անեմ, կուսակցական շարքերում կսկսեն ինձ թարս նայել, տակիս աթոռը կարող է երերալ:
Պլյուս, Ալենին հանեմ, ուրեմն պիտի Հովիկ Աղազարյանին էլ ռադ անեմ, Վահագն Ալեքսանյանին էլ, մի խոսքով, բոլոր քացի տվող, քրֆող, թքող դեմքերին: Ավտարիտետս կընկնի, ընդդիմադիրներն էլ շախի կընկնեն, կառիթավորվեն:
Հակառակ դեպքում Ալեն Սիմոնյանը միջադեպի արդեն հաջորդ իսկ օրը պիտի պաշտոնանկ լիներ:
Բոլոր դեպքերում, հետաքրքիր կլինի տեսնել, թե ՀԱԿ-ի կոչին ինչպես են արձագանքելու: Օրինակ՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոնց են հարաբերվելու Ալեն Սիմոնյանի հետ, հետը ֆոտո-մոտո՞ են անելու, թե՞ իսպառ արհամարհելու են, էլ չենք ասում, որ հանկարծ նախաձեռնեն նրա պաշտոնանկության հարցը:
Էլ ավելի հետաքրքիր կլինի տեսնել, թե Ալեն Սիմոնյանի հետ ոնց են շփվելու օտարերկրյա դիվանագետները, գործիչները, միջազգային կառույցները: Ախր սրանք բոլորն արդեն լսել են ԱԺ նախագահի «հերոսության» մասին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ նա Կասկադում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին դավաճան է կոչել, ինչից հետո Սիմոնյանը հրահանգել է թիկնապահներին բռնել իրեն եւ թքել է իր դեմքին:
Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը:
Նշենք, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխող թիմին հորդորել էր Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության գործընթաց սկսել:
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննելու պահանջով։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու դեմքին թքելու առթիվ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացրած հաղորդման հիման վրա վարույթ չի նախաձեռնվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
ԵՄ - Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմը հորդորում է Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին, այդ թվում՝ Գլխավոր դատախազին քրեական վարույթ նախաձեռնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` այդպիսով բացառելով Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատության իրականացումը:
Հայաստանի խայտառակության համբավը տարածվել է Չինաստանում և Հնդկաստանում: Այն հասանելի է դարձել ոչ միայն Չինաստանի և Հնդկաստանի մոտ 3 միլիարդ բնակչությանը, այլև, անգլերեն լեզվով հրատարակված լինելու շնորհիվ՝ ողջ մարդկությանը։